Գուրգեն Եղիազարյանի անհիմն հայտարարությունները․ Fip.am

Գուրգեն Եղիազարյանի անհիմն հայտարարությունները․ Fip.am
Գուրգեն Եղիազարյանի անհիմն հայտարարությունները․ Fip.am

Հունիսի 3-ին, TV5 հեռուստաընկերության հյուրն էր ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջինս հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք մանիպուլյատիվ են կամ չեն համապատասխանում իրականությանը։  

Ջորջ Սորոսի գործունեության մասին

Հարցազրույցի ընթացքում Գագիկ Եղիազարյանը մի քանի անգամ անդրադարձավ հունգարական ծագումով ամերիկացի գործարար Ջորջ Սորոսին և նրա հիմնած Բաց հասարակության հիմնադրամների (ԲՀՀ) գործունեությանը, որը շատերն անվանում են «Սորոսի հիմնադրամ»։

Եղիազարյանը եթերում կրկնեց 2017 թվականին ամերիկյան կայքերում տարածված այն կեղծ լուրը, թե ԲՀՀ-ն Ավստրիայում փակվել է կանցլերի հրամանով։ Ավստրիայում երբևէ չի եղել ԲՀՀ-ի գրասենյակ, որ դրա գործունեությունը դադարեցվեր կամ փակվեր։

Եղիազարյանը նաև պնդում է, որ Սորոսը 27 մլրդ դոլար է փոխանցել Ավստրիային, որպեսզի այդ երկիրը «ծնկի բերի իր ծրագրերով»։ Այս հայտարարությունը ևս կեղծ է, քանի որ Սորոսի հիմնադրամից երբևէ այդչափ փոխանցում չի եղել Ավստրիային։ Հավելենք, որ 1984-ից ի վեր Ջորջ Սորոսն իր անձնական միջոցներից հիմնադրամներին նվիրաբերել է 32 միլիարդ դոլար:

Եղիազարյանի պնդումները, որ ԲՀՀ գործունեությունն արգելվել է Հունգարիայում և Ռուսաստանում համապատասխանում են իրականությանը։

Սորոսը՝ Հայաստանում

Խոսելով ԲՀՀ-ի հայաստանյան գրասենյակի մասին՝ Եղիազարյանը պնդեց, որ հիմնադրամի շրջանառությունն անցած տարի (2018 թ.) կազմել է 7.7 մլն դոլար։ Իրականում 2018-ին ԲՀՀ-ն Հայաստանին տրամադրել է 1.77 մլն դոլարի և 77.97 մլն դրամի (~160 000 դոլար) 51 դրամաշնորհ։ 2017-ին ԲՀՀ-ն տրամադրել էր 1.325 մլն դոլարի դրամաշնորհ։

Եղիազարյանը նաև հայտարարում է, որ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը «սորոսական» է։ Սակայն Սանասարյանը բազմիցս հայտարարել է, որ երբևէ դրամաշնորհ չի ստացել Սորոսի հիմնադրամից՝ չնայած, որ ողջունել է «բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որոնք դրամաշնորհ են ստացել ու իրենց գործն են կատարել»։

Սորոսը և Ադրբեջանը

Եղիազարյանը հայտարարում է, որ Ջորջ Սորոսն արդեն 40 տարի հանդիսանում է Ալիևների բարեկամը և «այնտեղ (Ադրբեջանում-խմբ.), չար լեզուներն ասում են, առաջին դռոնների գործարանի ֆինանսավորողն է եղել։ Էն դռոնները, որոնք այսօր հետախուզում են իմ և ձեր հայրենիքի երկինքը»։

Սորոսը 2016-ին, խոսելով Ադրբեջանի մասին, նշել էր, որ այնտեղ հաստատված է «բավականին տհաճ բռնապետական ռեժիմ»։

«Ես մի քանի անգամ ստիպված եմ եղել վիճել այդ երկրի (Ադրբեջան-խմբ.) նախագահի հետ։ … Նա (Իլհամ Ալիևը-խմբ.) պատասխանատու է շատ բաների համար և կիրառում է ռեպրեսիաներ։ Նա փորձում է գոհացնել Արևմուտքին՝ նավթի պոտենցիալ հանքավայրեր ցուցադրելով։ Եվ ես կարծում եմ, որ Արևմուտքը մեծ սխալ է թույլ տալիս՝ նրան պաշտպանելով»,- հայտարարել էր Ջորջ Սորոսը։

Սորոսի հիմնադրամը Բաքվում գործել է 1999-ից մինչև 2014 թվականը։ Հիմնադրամի գործունեությունը լրջորեն սահմանափակվել էր դեռ 2010-ին, իսկ 2014-ի ապրիլինԱդրբեջանի իշխանությունները կալանք էին դրել Բաքվի գրասենյակի բանկային հաշվի վրա և առգրավել համակարգիչները, որից հետո՝ դեկտեմբերին, հիմնադրամի գրասենյակը փակվել էր։  

Մոլիբդենն ամսական 45 մլն դոլար չի բերել բյուջե

Գուրգեն Եղիազարյանը նաև անհիմն թվեր է ներկայացնում Հայաստանում մոլիբդենի արտադրության մասին։ Ըստ նրա, նախկինում մոլիբդենի արտադրությունը պետական բյուջե է բերել ամսական 45 մլն դոլար։ Սա խիստ չափազանցված թիվ է։ Ըստ ՊԵԿ տվյալների՝ 2018 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ում մոլիբդենի արդյունահանումից պետբյուջե է վճարվել մոտ 13 մլն դոլար, որը հիմնականում ստացվել է Թեղուտի և Քաջարանի հանքերի շահագործումից։

Փաշինյանի աջակիցները չեն դանակահարել

Եղիազարյանը հայտարարեց, որ մայիսի 25-ին Փաշինյանի աջակիցներ ներկայացող խմբի հավաքի ժամանակ Ազատության հրապարակում մարդ են դանակահարել։ Ոստիկանությունը դեպքի հաջորդ օրը պարզաբանել էր, որ դանակահարությունը տեղի է ունեցել ոչ թե Ազատության հրապարակում ցույցի ժամանակ, այլ Սարյան փողոցում՝ կենցաղային հարցերի շուրջ վեճի պատճառով։

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am