Արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու «Բայրաքթարները», Համիդիե խմբերը վերածվել են «էկոակտիվիստների». Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր ոչինչ չի փոխվել. արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու «Բայրաքթարները», Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկո ակտիվիստների», բայց էությունը մնացել է նույնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, Հայաստանի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:   

Պատգամավորը հրապարակել է  ԵԽԽՎ լիագումար նիստի արձանագրության մեջ ներառված իր ելույթը:

«Ելույթս կսկսեմ մի պատմությամբ։ Ես դպրոցական էի, երբ առաջին անգամ կարդացի հայ ազգային հերոս, փիլիսոփա Գարեգին Նժդեհի այս խոսքերը՝ «Ուժն է ծնում իրավունք»։ Շատ տարիներ անց, երբ ես դարձա «Հանրապետական» կուսակցության անդամ, որի գաղափարախոսությունը ներշնչված է Նժդեհի փիլիսոփայությամբ, ինքս ինձ մտածում էի, որ վերը նշված միտքն արդեն ակտուալ չէ, քանի որ մեր օրերում գոյություն ունեն միջազգային կազմակերպություններ, «միջազգային իրավունք» ասվածը և այսպես շարունակ։ Ես վստահ էի, որ այդ ինստիտուտներն ավելի քան բավարար են փոքր ազգերի իրավունքները պաշտպանելու համար։ Ավաղ, ես չարաչար, միամտաբար սխալվում էի: Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ես ևս մեկ անգամ գիտակցեցի, որ ոչինչ չի փոխվել»,-նշել է Մամիջանյանը:

Պատգամավորը հիշեցրել է, որ ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները սկսել են Լաչինի միջանցքի մոտ ապօրինի անցակետի տեղադրման գործընթացը։ 120.000 մարդ 4 ամիս է, ինչ շրջափակման մեջ է, կան միջազգային համաձայնագրեր, Արդարադատության միջազգային դատարանի որոշում, միջազգային մի շարք կառույցների կողմից արված հայտարարություններ, բայց չկա արդյունք։

«Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, պարզվում է, կարող է արհամարհել մարդու հիմնարար իրավունքները, միջազգային իրավունքները, անտեսել միջազգային հանրության պահանջը։ Ի՞նչ իմաստ ունեն այդ դեպքում մեր ելույթները և հայտարարությունները։ Տալի՞ս են արդյոք դրանք որևէ օգուտ։

Ոչինչ չի փոխվել 1915 թվականից ի վեր։ Արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու «Բայրաքթարները», Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկոակտիվիստների», բայց էությունն է մնացել նույնը. Եվրոպայում այս պահին տեղի են ունենում էթնիկ զտումներ, և բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են դրա համար, նստած են այս դահլիճում՝ քրիստոնեա-դեմոկրատական արժեքների խորանի մոտ»,-ընդգծել է Մամիջանյանը:

Նա վստահություն է  հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները ԵԽԽՎ-ում հանդես կգան իր ասածը ժխտող ելույթներով։ Պատգամավորը նաև նշել է՝  գերազանց հասկանում է, որ այդ փոխադարձ մեղադրանքները գործընկերների համար աղմուկի պես մի բան են դարձել, բայց վտանգված են մարդկային կյանքեր։

«Դուք ցանկանո՞ւմ եք, որ ես լուռ նստեմ, աշխարհի այլ հատվածում մահերը սգամ ՝ նայելով, թե ինչպես են սպանում իմ ժողովրդին ու ստիպում լքել իրենց հայրենիքը կամ գերեվարում ու խոշտանգում Բաքվի բանտերում։

Ես կասկած չունեմ, որ Հայաստանն ու Արցախը կկարողանան անցնել այս ամենի միջով։ Դա մեր արյան մեջ է։ Մենք պայքարով ենք ստացել ու պահպանել այն ամենը, ինչ ունենք։ Բայց մենք և պատմությունն ինքնին կհիշենք ոչ միայն նրանց, ովքեր կողք կողքի մեզ հետ պայքարում էին, այլ նաև նրանց, ովքեր այս ծանր ժամանակներում նախընտրեցին մնալ լուռ»,-ասել է Մամիջանյանը:

Պատգամավորը հավելել է՝  անշնորհակալ չէ, հայկական կողմն իրապես գնահատում է բոլոր հայտարարությունները, սակայն ծայրահեղ դժվար է այդ թղթերով պաշտպանել անմեղ հայրենակիցներին կրակոցներից և հրետակոծություններից։

«Գիտեք, հերոս լինելը կամ պատմություն կերտելը բավական դյուրին է։ Պարզապես պետք է ճիշտ վարվել՝ կանգնել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և թույլ տալ նրանց իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը։ Խոսելու ժամանակը սպառվել է, ժամանակն է գործելու»,-եզրափակել է Մամիջանյանը: