2019-2024–ին Հայաստանում  տեղի է ունեցել 24670 ՃՏՊ, զոհվել է 1938, վիրավորվել՝  35371 մարդ․«Այս դեպքերը կարող են կանխվել պետության կողմից»

ՀՀ ՆԳՆ «Մեդիալաբին» տրամադրած տվյալների համաձայն՝  2019-2024 թթ. Հայաստանում  տեղի է ունեցել 24670 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 1938  մարդ, վիրավորվել՝  35371-ը:  Այս տարի 2024 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ՝ հանրապետությունում մահվան և մարմնական վնասվածքների ելքով տեղի է ունեցել 2330 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 182 անձ, վիրավորվել՝ 3335-ը։ Արձանագրվել է 554 հետիոտնի վրաերթ, զոհվել է 45 անձ, վիրավորվել՝ 566-ը։

«Մեդիալաբը» իրավիճակի շուրջ մի քանի հարց է ուղղել  «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանին

– Պարո՛ն Քեհյան, լրահոսում գրեթե ամեն օր անպակաս են ճանապարհատրանսպորտային պատահարները, վթարները՝ մահվան ելքով, վիրավորներով: ՆԳՆ-ի տրամադրած տվյալների համաձայն, դեքպերն տարեցատրի աճում են: Այս իրավիճակն  ինչի՞ հետևանք է:

– Ոչ մեկս չենք կարող ասել, թե հիմնական պատճառը ո՛րն է, ես բազմիցս նշել եմ, եթե մենք չունենք հավաքվող վիճակագրություն, թե ո՛ր դեպքում, ինչի՛ հետևանքով է պատահարն առաջացել, մենք չենք կարող ասել՝ վթարների հիմնական պատճառը որն է։ Բայց կան մի շարք հանգամանքներ, որոնք երթևեկության մեջ ազդեցություն ունեցող գործոններ են, որոնց հետևանքով կարող են վթարներ առաջանալ։ Դրանք են՝ վարորդի կարգավիճակը, վարորդի երթևեկության պահելաձևը, երթևեկության կանոնները պահելը, ճանապարհների վիճակը, ճանապարհներին վերանորոգում իրականացնող ընկերությունների աշխատանքների որակը և անվտանգության կանոնները պահպանելը, լուսավորություն, սրանք բոլորն ազդող գործոններ են, որոնք առաջացնում են վթարներ՝ մահվան ելքով, գույքային թե մարմնական վնասվածք ունենալով։ Թե հիմա այս գործոններից ո՛րն է ավելի շատ, հստակ չեմ կարող ասել։ 

Ամբողջ բարձիթողի վիճակն առաջացնում է այն պատկերը, որը մենք ունենք։ Թե պետությունն ի՛նչ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, ինչպե՛ս է ուզում ազդել՝ ես չգիտեմ, բայց գիտեմ, որ Երևանում մեր ճանապարհների վիճակը շատ վատ է, անգամ այն հատվածները, որտեղ հիմա վերանորոգումներ են իրականացվում, դիտահորերի մոտ ահավոր փոսեր են առաջացնում, մի տեղ վերև է լինում, մի տեղ՝ ներքև, որոնք կարող են պատահարի պատճառ դառնալ, օրինակ՝ վարորդն այդ փոսն ընկնելուց խուսափելու հետևանքով վթար առաջանա։ 

– Այսինքն՝ եթե պետությունը պատշաճ գործի, ապա այս թվային տվյալները կարո՞ղ են նվազել։

– Նայեք՝ ցանկացած վթարի հետ կապված մենք պետք է վիճակագրություն ունենանք, այսինքն՝ Ոստիկանությանը որ հարցնեք, ասեք՝ Հայաստանում օրական, շաբաթական կամ ամսական կտրվածքով ի՞նչ պատահարներ են եղել, նրանք ձեզ կարող են ներկայացնել ոչ գույքային վթարները, այսինքն՝ երբ մահացու դեպք է եղել կամ մարմնական վնասվածք, որն արդեն Ոստիկանության կողմից քննվել է։ 

Մնացած դեպքերում Ոստիկանությունը չի տիրապետում, ու այդ վթարների վիճակագրությունն ունեն ապահովագրական ընկերությունները։ Բայց իրենք էլ կարող են միայն ասել, թե ո՛վ է մեղավորը եղել, պատճառը չեն կարող ասել։ Մահվան ելքով ու մարմնական վնասվածքով պատահարները հիմնականում լինում են արագության գերազանցումից, հանդիպակաց գոտիով երթևեկելիս, բայց թե ինչո՛ւ է այդ մարդը հանդիպակաց գոտի դուրս եկել՝ չգիտենք։

– Պարո՛ն Քեհյան, այսինքն՝ ի՞նչ պետք է արվի, որ ամեն օր տարբեր ելքերով վթարների մասին լուրեր չկարդանք։

– Պետք է վաղ տարիքից մեր քաղաքացիներին երթևեկության կանոններով կրթել, որը երկարաժամկետ ծրագիր է ու չի կատարվում։ Երկրորդը՝ երթևեկությունը պետք է այնպես հարմարեցնենք, որ հանդիպակաց իրար դեմ հայտնվելու հնարավորությունը հնարավորինս բացառենք, օրինակ՝ Երևան քաղաքում։ Այսինքն՝ պետք է ավելացնենք միակողմանի փողոցները ու այդ երթևեկությունը փորձենք ներդնել Հայաստանում, որի շնորհիվ կխուսափենք խցանումներից, արագության գերազանցումից։ Երրորդը՝ ճանապարհներին շինարարական աշխատանքներ իրականացնելիս անխտիր բոլոր ճանապարհաշինական ընկերությունները պետք է խստորեն պահպանեն անվտանգության կանոնները՝ տվյալ հատվածները կահավորեն լուսավորությամբ, ճանապարհային բոլոր նշաններով, որ վարորդին զգուշացնեն՝ այդ հատվածում շինաշխատանքներ են իրականացվում։ Այս երեք գործոնը որ իրենք ապահովեն, մեզ մոտ վթարները ահագին կկրճատվեն։ 

Գույքային շատ վթարների մասով, կարծում եմ, պետք է ապահովագրական ինչ-որ հատուցումների մեջ շեմ դրվի, որովհետև ցանկացած չնչին վթարի դեպքում ժամերով կանգնում են ու լուրջ խցանումներ առաջացնում։ 

– Փաստորեն, եթե ամեն մեկն իր մասով անի, ապա թվային այս տվյալները հաստատ նվազման միտում կունենա՞ն։

– Մեր պետությունը շատ լուրջ անելիք ունի՝ կրթելու, դաստիարակելու ու անվտանգության կանոնները պահպանելու մասով, սա պետք է պետության առաջնային հսկողությունը լինի՝ բացի Պարեկային ծառայության իրականացվող հսկողություններից։

– Պարո՛ն Քեհյան, իսկ այդ Պարեկային ծառայությունը կրճատո՞ւմ է վթարային դեպքերը։

– Նա իր մինիմալ գործառույթներն անում է՝ բոլոր իրավախախտներին անխտիր արձանագրում է, այդ առումով նորմալ աշխատում է, բայց թե դա որքանո՞վ է կանխում, բոլորս ենք տեսնում, որ չի կանխում, ու չի կարող պարեկային ծառայողը ամեն մի վարորդի կողքին նստել, որ իրավախախտում չկատարեն։ 

– Ի՞նչ կասեք այս տարվա հունվար-հուլիս ամիսը ներառյալ արձանագրված վթարների թվի, մահվան դեպքերի մասին՝  2330 ՃՏՊ, 182 զոհ, 3335 վիրավոր:

– Ինձ համար ընդհանուր ցավալի է, ու ես չեմ էլ ուզում վիճակագրություններ պահեմ և իմանամ, ամեն պատահար ցավալի է ինձ համար։ Անկախ թվաքանակից՝ կարող եմ ասել, որ մեզ մոտ պատկերը շատ վատ է, այդ դեպքերը կարող են կանխվել պետության կողմից, օրինակ՝ տաքսի ծառայությունը չկանոնակարգելն ինքնին շատ վտանգավոր է, որովհետև այդ ոլորտի բարձիթողի վիճակը լուրջ խնդիրներ է առաջացնում մեր երկրի համար։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am