«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը
– Հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը: Ի՞նչ է իրենից ենթադրելու այս փաստաթուղթը, պարո՛ն Պողոսյան:
– Փաստաթղթի բովանդակային վերլուծություն անել հնարավոր կլինի միայն դրա հրապարակումից հետո, կարող եմ ընդամենը ենթադրել, որ կառնչվի մի շարք ոլորտների՝ սկսած ընդհանուր տնտեսությունից, վերջացրած բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությամբ, գուցե միջուկային էներգետիկա: Գիտենք, որ այսօր քննարկվում է 2035 թվականից հետո նոր ատոմակայան ունենալու հարցը: Կարող է ենթադրել նաև պաշտպանության ոլորտում համագործակցության խորացում, այսինքն՝ գուցե ավելի շատ զորավարժություններ, պաշտպանական բարեփոխումների, կարողությունների բարձրացում:
– Այս փաստաթուղթը արդյոք ենթադրելո՞ւ է ռազմավարական դաշնակցային հարաբերություն:
– Պետք ճշտել՝ ի՛նչ ենք հասկանում ռազմավարական գործընկերություն ասելով, վերջին հաշվով, Հայաստանն առաջին պետությունը չէ, որ ԱՄՆ-ի հետ ստորագրում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ: Եթե նայենք մեր տարածաշրջանում՝ առաջինը Վրաստանն էր, որը նման փաստաթուղթ ստորագրեց 2009-ի հունվարին, ընդ որում՝ այնտեղ էլ փաստաթուղթը ստորագրվեց հեռացող վարչակազմի՝ Բուշ Կրտսերի վարչակազմի վերջին օրերին:
Հետևաբար, եթե փորձենք հետևել, թե 2009-ի հունվարից սկսած ի՛նչ տեղի ունեցավ Վրաստան-ԱՄՆ հարաբերություններում, գիտենք, որ կողմերի հարաբերություններն ինտենսիվ զարգանում էին նաև դրանից առաջ, փաստաթղթի ստորագրումից հետո Վրաստանը ֆինանսական մեծ աջակցություն ստացավ, բայց դա պայմանավորված էր 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետևանքները հաղթահարելով:
Ես իհարկե չեմ կարծում, թե Հայաստանը հավելյալ միլիարդավոր դոլարներ կստանա ԱՄՆ-ից, հիմա իրավիճակն է այլ թե՛ աշխարհում, թե՛ ԱՄՆ-ում: Ամենայն հավանականությամբ՝ ֆինանսավորման որոշակի աջակցություն կլինի, չմոռանանք, որ արդեն 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը բավականաչափ ավելացել է:
Որոշակի ֆինանսավորման ավելացումներ կլինեն, ու, իհարկե, դա ֆորմալ կկոչվի ռազմավարական գործընկերություն, բայց չեմ կարծում, թե դա որևէ կերպ կենթադրի Հայաստանի տարածքում ամերիկյան մշտական ռազմական ներկայություն, նկատի ունեմ ռազմակայաններ, ու չեմ կարծում, որ դա կենթադրի իրավական պարտադիր ուժ ունեցող անվտանգային երաշխիքներ, որ Հայաստանի վրա որևէ հարձակում կնշանակի նաև հարձակում ԱՄՆ-ի վրա, ու ԱՄՆ-ն կպարտավորվի օգտագործել իր ներուժը, այդ թվում՝ ռազմական ներուժը, այդ հարձակումը հետ մղելու համար:
Կրկնում եմ, սակայն, քանի չկա փաստաթղթի բովանդակությունը, դժվար է ասել՝ ինչ կլինի այնտեղ, բայց, իմ գնահատմամբ, չեմ կարծում, որ խոսք կլինի Հայաստանում ամերիկյան մշտական ռազմական ներկայության ու Հայաստանին՝ իրավական պարտադիր ուժ ունեցող անվտանգային երաշխիքների մասին:
Իհարկե, այլ հարց է նաև սույն թվականի հունվարի 20-ից հետո, երբ արդեն կգա նոր վարչակազմը, վերջին հաշվով դրա իրականացումը՝ անկախ նրանից, թե ինչ է ենթադրում փաստաթուղթը: Հասկանալի է, որ այս փաստաթղթերը տասնամյակների համար են, բայց գոնե առաջիկա չորս տարիների ընթացքում պայմանագրի իրականացումը կախված է լինելու ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումից, թեև այստեղ մի բայց կա:
Բոլորս ենք հասկանում, որ Հայաստանի հետ հարաբերությունները ԱՄՆ-ի համար թոփ առաջնահերթություն չեն, ու դժվար թե նոր վարչակազմը արտաքին քաղաքականության որոշակի վերանայում իրականացնի: Հաշվի առնելով շատ մեծ ու լուրջ խնդիրները՝ ինձ թվում է, որ մեկ տարի կպահանջվի, որպեսզի նոր վարչակազմը հասնի այդ ռազմավարական գործընկերության փաստաթղթին, որ ըստ այդմ էլ փորձի ինչ-որ դիրքորոշում մշակել՝ ինչքանով է իրականացնում այն կամ չի իրականացնում:
Մեկ այլ խնդրահարույց պահ կա այստեղ, որ վերջին չորս-հինգ օրվա ընթացքում Հայաստանը արևմտյան բևեռի հետ իր հարաբերությունների սերտացման ուղերձ է հղում, նկատի ունեմ, որ Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին, ու հիմա էլ սա:
Ես, իհարկե, վստահ եմ, որ այդ երկուսն իրար հետ կապված չեն, ուղղակի զուտ ժամանակի համընկնում է, բայց, իմ գնահատմամբ՝ սա նման շրջադարձ չի ենթադրում, ու քանի որ վերոնշյալ իրադարձությունները միմյանց հաջորդեցին, ապա նման պատկերացում կարող է ձևավորվել արտաքին աշխարհում՝ թե՛ փորձագետների, թե՛ որոշում ընդունողների մոտ: Առաջին հերթին իհարկե ես նկատի ունեմ Ռուսաստանին ու Իրանին, հաշվի առնելով, թե նրանք Արևմուտքի հետ ինչ բարդ հարաբերությունների մեջ են, չմոռանանք նաև, որ մի քանի օր հետո էլ ստորագրվելու է 47 հոդվածից բաղկացած՝ Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ:
Ես կրկնում եմ, որ չեմ կարծում, թե Հայաստանում նման որոշում է կայացվել, տարօրինակ էլ կլիներ նման որոշում կայացնել հիմա, երբ բոլորն են տեսնում, որ առաջիկայում Արևմուտքի դիրքերը Հարավային Կովկասում չեն ամրապնդվելու, եթե չասեմ՝ թուլանալու են, բայց նման տպավորություն ստեղծվելու է, ու Հայաստանի իշխանության համար դժվար կլինի հակափաստարներ բերել կամ հերքել այդ ընկալումները: Ինձ համար սա է ամենախնդրահարույց պահը, ու չեմ կարծում, որ նման ընկալման ձևավորումը Հայաստանին որևէ կերպ օգուտ է տալու:
– Պարո՛ն Պողոսյան, այս փաստաթղթի ստորագրումը մեծ ձեռքբերում կարելի՞ է համարել Հայաստանի համար:
– Միանշանակ ձեռքբերում է, բայց մե՞ծ է, թե՞ փոքր՝ պետք է խորանալ լեզվական վերլուծությունների մեջ: Ես չեմ ցանկանում զբաղվել դրանով, որովհետև, մեծ հաշվով, հասկանում ենք նաև, որ այս ամենը, բնականաբար, ներքաղաքական գործընթացի մաս է: Վերջին հաշվով, Հայաստանը մեկուկես տարի հետո պատրաստվելու է խորհրդարանի ընտրությունների, ինչը նշանակում է, որ այս ամենը ինքնըստինքյան ազդեցություն է ունենալու ներքաղաքական գործընթացների վրա, հետևաբար նման ձևակերպումները՝ մեծ ձեռքբերում, փոքր ձեռքբերում, շատ հաճախ արվում են ներքաղաքական նկատառումներից ելնելով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am