Բնակչությունը պետք է հասկանա, որ սա թալանի մեխանիզմ է, հնարավոր չէր ճիշտ հաշվարկի պարագայում գնալ նման զիջումների. Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ կապված քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 27-ին հայտարարեց, թե հետնահանջ չի լինելու, բայց նախօրեին ասաց, որ այս տարվա համար ուղեվարձը կազմելու է 150 դրամ: Ինչո՞ւ նման որոշում կայացրեց Տիգրան Ավինյանը, և ինչ է ստացվում, որ քաղաքապետը միանձնյա՞ է որոշում, թե որքան պետք է կազմի տրանսպորտի սակագինը, ավագանին այլևս անելիք չունի՞:

– Ես առհասարակ չեմ հասկանում այս հայտարարությունները, երբ ավագանու արտահերթ նիստը նշանակվել է հունվարի 31-ին, իսկ մինչ այդ քաղաքապետը այս կամ այն որոշումների մասին հայտարարություններ է անում: Չեմ կարծում, թե դա օրենքին ու մեր երկրում ընդունված կարգերին համահունչ է: Իսկ այն, որ նախորդ օրը 150 դրամն անհնար էր, իսկ հաջորդ օրը՝ հնարավոր, այս խմբակցության հետ աշխատանքը մեզ ցույց է տալիս, որ ամեն ինչ հնարավոր է, դրա համար էլ ես ամեն ինչ սպասում եմ, վաղը կարող է ուրիշ գին լինի: Մեկ շաբաթվա ընթացքում փաթեթների գները արագորեն փոփոխվեցին, պարզ է, որ այս ամենը արվում է բնակչության համառ պայքարի ու սկզբունքայնության շնորհիվ: Բնակչությունը սկզբունքային է, ինչը չեմ կարող ասել քաղաքային իշխանության մասին:

– Երբ ամենասկզբում հայտարարվեց, որ սահմանված գումարից պակաս հնարավոր չէ քաղաքային տրանսպորտի շահագործումը, հիմա արդեն պատրաստ են 150 դրամով շահագործել, այս ամենից շարքային քաղաքացին ի՞նչ հետևություններ անի:

– Սա մեր նախորդ ասածների վառ ապացույցն է, որ ասում էինք՝ 300 դրամը շատ բարձր գին է ու ոչնչով արդարացված չէ, քանզի սրա տակ չկան որևէ հաշվարկ, փորձագիտական ինչ-որ եզրակացություն: Իսկ եթե գրագետ գնագոյացում լիներ, նրանք չէին կարող մեկ գիշերվա մեջ որոշել, որ միանգամից 150 դրամով իջեցնում են: 

Հետևաբար, բնակչությունը պարզ պետք է հասկանա, որ սա թալանի մեխանիզմ է, ու հնարավոր չէր ճիշտ հաշվարկի պարագայում գնալ նման զիջումների, ի վերջո, սա արևելյան շուկայի, ներողություն՝ գին բարիշելու գաղափար չէ, սա քաղաքային տնտեսություն է, որի տակ պետք է լինեն թվեր, ամեն թիվը պետք է լինի պետական վերահսկողության տակ, մենք ունենք համապատասխան մարմիններ, որոնք այդ ամենին պետք է հետևեն: Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս միայն մտածել, որ այստեղ կան բազմաթիվ խնդիրներ, որոնցով պետք է զբաղվեն նաև իրավապահ մարմինները:

– Ավագանու արտահերթ նիստի օրակարգում ի՞նչ հարց է քննարկվելու, տիկի՛ն Վարդանյան:

– Օրակարգը սակագնի փոփոխության հետ է կապված, ամբողջությամբ նվիրված է տրանսպորտի բարեփոխումների հարցերին: Այնքան հետաքրքիր է էջերով շարադրել, թե դուք ինչ եք ուզում անել, երկու ամիս առաջ ինչ-որ բան եք ներդրել, որի համար արդեն վեց անգամ ինչ-որ բան փոխեցիք, խզբզելով ինչ-որ գործողություն են անում, այսինքն՝ վիրահատությունը կատարել են, հիվանդի կտրվածքն արել են ու ընթացքում սկսում են մտածել, թե ինչ խնդիրներ իրենք կունենան, վերջում իրենց հիվանդը մահանալու է՝ նման անգրագետ մասնագետների կողմից իրականացվող աշխատանքի հետևանքով: 

– Քաղաքապետը, ըստ ձեզ, ինչո՞ւ չհամբերեց մինչև արտահերթ նիստը, նոր հայտարարեր սակագնի փոփոխության մասին, շտապում է մեղմե՞լ բողոքի ալիքը:

– Այսօրվա քաղաքային իշխանությունը չի հասկանում մի պարզ բան. մենք հիմա առաջնորդի ընտրությամբ չենք զբաղված, սա տրանսպորտի խնդիր է, որն ամենամեծ կարևորություն ունեցող սոցիալական հարցերից մեկն է, ու, ի դեպ, պետության պարտավորություններից է հարկատուին մինչև աշխատանքի վայրը նորմալ ու բարեկեցիկ հասցնել: Այս ամենը իրենք փորձում են դարձնել քաղաքական ինչ-որ պայքար, իրականում չտեսնելով մեր երևանցիների ընդվզման պատճառը, պարզ ասելիքը, որ մենք վճարելու ենք 100 դրամ: Ես կարծում եմ, որ երևանցին իր պահանջածը ստանալու է:

– Կարծում եք, որ այդ 150 դրա՞մն էլ է փոփոխության ենթարկվելու:

– Կարծում եմ՝ այո՛, այս քայլերը, որ իրար հետևից արվում են, միայն նրա մասին են խոսում, որ իրենք այս ամենի վերաբերյալ չունեն ոչ մի հիմնավորում: Տրանսպորտի գնային փոփոխություն կարելի է անել միայն այն դեպքում, երբ դուք ունեք լիարժեք ձևավորված համակարգ, չի կարելի ընթացքում ինչ-որ հատվածներից տարբեր բաներ վերցնել ու ասել, որ մենք բարեփոխման ընթացքի մեջ ենք, նման ձևով բարեփոխում հնարավոր չէ անել: Մարդը գնում է, թանկ ապրանք գնում է միայն, երբ այն լիարժեք սարքին է: Իրենք գնել են մի հատ կտոր ու բոլորիս համոզում են, թե այս թավշյան շատ ավելի թանկ է, քան այլ նյութից պատրաստած հագուստը: Երբ հագուստը պատրաստեք, այդ ժամանակ էլ ծառայության գին պահանջեք:

– Իշխանական պատգամավորները ֆեյսբուքյան գրառումներով շատ ակտիվ փորձում են քաղաքացիներին ցույց տալ, թե տրանսպորտի սակագնի բարձրացումն արդարացված է, նշելով, որ չի կարող «և՛ մահվան գազելների դեպքում ուղեվարձը լինի 100 դրամ, և՛ MAN ավտոբուսների»: Թանկացումն այսպես են բացատրում:

– Նրանք շատ բան կարող են բացատրել, բայց ես էլի եմ ասում՝ թավշյա կտորը գնել եք, բայց չեք կարող, չէ՞, դա հագնել, այսինքն՝ պետք է սպասեք, որ այն հագուստ դառնա, իսկ այսօր դա դեռ հագուստ չէ: Այն ծառայությունը, որ մատուցվում է Երևանին, թերի է. վարորդները համալրված չեն, տրանսպորտի միջակայքերը շատ երկար են, մարդիկ անվայել ձևով հասնում են աշխատանքի, նյարդայնացած, QR կոդերը չեն կարդում, գումարը վերցնում է, չի վերադարձնում, բանկային քարտը չի կարդում, տրանսպորտում վալիդատորը մեկն է, սա ծառայությո՞ւն է: 

Ամեն բան պետք է տրամաբանական լինի, նույն պատգամավորները, որ օրենք են ընդունում, պետք է տրամաբանված լինի, ամբողջական նայեն դրան, այլ ոչ թե՝ թիմային շահերի կտրվածքով: Էլ չեմ ասում, որ այդ ապարատը 50-դրամանոց մանրադրամ չի ընդունում, իսկ իրենք ասում են՝ տոմսն արժի 150 դրամ, ախր, ամեն ինչն անտրամաբանական է, կիսատ-պռատ:

– Դե, ասում են՝ 300 դրամ վճարեք, երկու տոմս գնեք:

– Շատ հաճելի է, հետաքրքիր տրամաբանություն է, մարդիկ 100 դրամից ավելի չեն վճարելու: Երևանցին իրեն հիմա խաբված է համարում, եթե իրենք ի սկզբանե ազնվորեն ասեին, որ սակագինը գոնե 50 դրամով պետք է բարձրացնեն, մարդկանց արձագանքը այսպիսին չէր լինի: Իրենք ցույց տվեցին, որ խաբել են, հնարած ինչ-որ թիվ են նշել ու հիմա հրամցնում են, թե մեզ լավություն են արել: Ամենևին էլ լավություն չէ, դուք երևանցիների գլխին ընդամենը մղձավանջ եք հնարել, մարդիկ հանգիստ ապրում էին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am