«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը
– Պարո՛ն Պետրոսյան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծ, որով ապագայում ներդրվելիք աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին, բացի ՊԵԿ-ից, հասանելիություն են ունենալու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ներքին գործերի նախարարությունը: Եթե առաջին երկուսի դեպքում ինչ-որ առումով հասկանալի է, ապա ՆԳՆ-ի պարագայում դա այնքան էլ պարզ չէ: Որպես աշխատանքային իրավունքի մասնագետ՝ ինչպե՞ս կգնահատեք առաջարկվող փոփոխությունը:
– Պետությունը՝ ի դեմս այս իշխանության, որոշել է բոլոր հնարավոր միջոցներով մտնել քաղաքացու գրպանը: Այո՛, ճիշտ եք նկատում, որ եթե Պետական եկամուտների կոմիտեն և Կառավարության ենթակայությամբ գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը արդեն իսկ ունեն բավարար լիազորություններ, ապա ի՛նչ իմաստ ունի ներքին գործերի նախարարությանը ևս խառնել այս գործընթացի մեջ: Այդպես լավ չէ, թող ԱԱԾ-ին էլ իրավունք տան, Դատախազությանն էլ:
Ես այստեղ մեկ միտում եմ տեսնում. ամեն ինչ անել, վերահսկել քաղաքացիների դրամական շարժը, որպեսզի կարողանան մտնել քաղաքացու գրպանը, բայց դրա կարիքը բացարձակապես չկա, ՆԳՆ-ն թող հանցավորության դեմ պայքարի, այլ ոչ թե քաղաքացիների աշխատանքային պայմանագրերը ստուգի:
Բացի այդ՝ աշխատանքային պայմանագիրը համարվում է անձնական տվյալ պարունակող փաստաթուղթ, որին, եթե չկա քրեական վարույթ, եթե կոնկրետ քրեական գործով պարզաբանման ենթակա հանգամանք չկա, ապա որևէ մեկն իրավունք չունի իմանալ, թե այդ աշխատողը կոնկրետ տվյալ հիմնարկում, եթե իհարկե աշխատողը համաձայնություն չի տալիս, ի՛նչ պաշտոն է զբաղեցնում, ի՛նչ գործառույթներ ունի, ի՛նչ աշխատավարձ է ստանում, որովհետև կարող է նա այնպիսի գործառույթներ ունի, որոնք գաղտնի են, ու գործատուի համար դրանց չբացահայտումը կարևոր նշանակություն ունի:
Հիմա որ դուք նայեք ՆԳՆ-ի կանոնադրությունը, այդտեղ որևէ կետով նշված չէ այդպիսի իրավասություն, կարող եք ասել՝ նշված չէ, սրանից հետո կնշվի, բայց մենք կոնկրետ գերատեսչությունների կանոնադրություններում փոփոխություններ, լրացումներ կատարելիս անպայման պետք է ընդունենք մեկ ելակետ՝ որքանով է տվյալ գործառույթը համապատասխանում տվյալ պետական մարմնի հիմնական առաքելությանը: Որքանո՞վ է ՆԳՆ-ն իրավազոր ստուգելու մարդկանց աշխատանքային գործունեության տվյալները, սա արդեն բռնապետության հերթական դրսևորումն է, որ ամեն ինչով քաղաքացուն կախվածության մեջ գցեն իշխանությունից:
Քանի որ այս ապիկար իշխանությունը հնարավորություն չունի ներդրումներ ապահովելով լուծել պետության առաջ դրված խնդիրները՝ կենսաթոշակ վճարել, մարդկանց սոցիալական ապահովության այլ վճարները կատարել, դրա համար էլ մտել է մյուս քաղաքացիների գրպանը: Ես՝ որպես աշխատող, դեմ եմ, որ ՆԳՆ-ն տեղեկացված լինի իմ աշխատավարձի մասին: Իմ աշխատավարձից արվում են պահումներ, ՊԵԿ-ն այդ տվյալներին տիրապետում է, հիմա ո՞րն է իմաստը ևս մեկ մարմին ներգրավել: Այս իշխանությունը ոչինչ չի անում խելամտության կանխավարկածի կանոնից ելնելով, անում է խելագարության կանխավարկածից ելնելով, և դրա համար էլ արդեն դադարել ենք նման նախաձեռնությունների վրա զարմանալ:
– Հետաքրքիր է նաև, որ այս փոփոխությունը մշակած գերատեսչությունը չի հիմնավորում, թե ինչու պետք է ՆԳՆ-ն կարողանա հասանելիություն ունենալ:
– Որովհետև հիմնավորում չկա, ինչո՞վ հիմնավորի, եթե աշխատողի աշխատավարձի մասին տեղեկանքը միանգամից հայտնվում է, հենց աշխատանքի ընդունման առաջին օրը պետք է տրամադրվի ՊԵԿ, գրանցում են այդ տվյալները, էլ իմաստը ո՞րն է, որ երկրորդ-երրորդ կազմակերպություն թափանցի այդ տվյալների մեջ: Նորից եմ ասում, դա անհատական տվյալ է, որը կարող է հրապարակվել բացառապես աշխատողի համաձայնությամբ, եթե, նորից եմ կրկնում՝ քրեական վարույթ նախաձեռնված չէ, քրգործ չի քննվում:
– Այսինքն՝ ստացվում է, որ այս փոփոխությամբ նաև խախտվում է մարդկանց իրավո՞ւնքը:
– Ես սա որակում եմ որպես մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի խախտում, որովհետև մասնավոր է ոչ միայն քո մարմնական, ամուսնական կյանքը, այլև քո եկամուտները: Եթե դու պահպանում ես օրենքով սահմանված կարգը, այսինքն՝ եկամուտներդ հայտարարագրում ես, ժամանակին վճարումներն անում ես, ո՞րն է իմաստը, որ մի հատ էլ ՆԳՆ-ն, իր հիմնական առաքելությունը՝ հանցավորության դեմ պայքարը, թողած, հիմա էլ զբաղվի մարդու եկամուտների ուսումնասիրությամբ:
Ընդհանրապես, որևէ նորմալ երկրում ընդունված չէ, որ միևնույն գործառույթն իրականացնեն երկու տարբեր մարմիններ: Մի գործառույթն իրականացնում է մեկ պետական մարմին, որի համար այդ մարմնի աշխատակիցները ստանում են աշխատավարձ, իսկ մեզանում ստացվում է, որ նույն գործառույթն իրականացնում են տարբեր պետական հիմնարկներ, որի անհրաժեշտությունը բացակայում է: Նորից եմ ասում՝ մենք առնչվում ենք մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության արգելքի սահմանադրական սկզբունքի հետ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am