Շահնազարյանը նույն ձեռագիրն է տեսնում Ուկրաինայի դեպքերի և «Մարտ 1»-ի մեջ

Շահնազարյանը նույն ձեռագիրն է տեսնում Ուկրաինայի դեպքերի և «Մարտ 1»-ի մեջ
Շահնազարյանը նույն ձեռագիրն է տեսնում Ուկրաինայի դեպքերի և «Մարտ 1»-ի մեջ

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը կասկած չունի, որ «ոչ հեռավոր ապագայում Հայաստանը և Ուկրաինան միասին լինելու են Եվրոպայի մոտ, ինչու չէ՝ Եվրոպայի մեջ»:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նույն ձեռագիրն է տեսնում Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի և Հայաստանում 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների մեջ: 

«Քոչարյանը մեկնեց Մոսկվա, կարճ հանդիպում ունեցավ Պուտինի հետ, վերադարձավ, հավաքեց իր մոտ իրավապահներին և, ըստ էության, դրանից հետո սկսվեց պատրաստվել «Մարտի 1»-ը: Նման զուգահեռներ ես տեսնում եմ այսօր նաև Ուկրաինայում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շահնազարյանը:

Նրա խոսքերով՝ երկու դեպքում էլ կատարվել է հանցագործություն մարդկության դեմ, ու եթե միջազգային հանրությունը ժամանակին պատասխանատվության կանչեր Ռոբերտ Քոչարյանին, ապա այսօր Վիկտոր Յանուկովիչն ու իր թիմը «այսքան լկտի իրենց չէին պահի»:

«Նախորդ գիշեր հրազեն է օգտագործվել խաղաղ ցուցարարների դեմ, նաև մի շարք քայլեր, որը կատարել է Յանուկովիչի վարչակազմը խաղաղ ցուցարարների դեմ, մասնավորապես, երբ բացասական ջերմաստիճանի պայմաններում օգտագործել ջրանետ մեքենաներ, ցուցարարներին ջրել․․․ գիտեք, դրանք արդեն խոշտանգումներ են, այլ ոչ թե ցույցեր ցրել», – ասաց Դավիթ Շահնազարյանը:

Վերլուծաբանը ասում է՝ Ուկրաինան պայքարում է ոչ միայն իր, այլև Հայաստանի ու նույն վիճակում հայտնված պետությունների համար:

«Ես կասկած չունեմ, որ ապագայում՝ շատ մոտ ապագայում իհարկե, Ուկրաինան ամբողջովին դուրս կգա կայսերապետական Ռուսաստանի ազդեցության տակից, բայց մոտ ապագայում շատ վտանգավոր զարգացումներ այնտեղ կարող են լինել», – ընդգծեց Շահնազարյանը: Կարդալ ավելին

Լուսանկարը` huffingtonpost.co.uk