Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «սադրիչ ահաբեկչական գործողության փորձի» մեջ․ Factor.am

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ տարածքում ադրբեջանական ուժերի կողմից 6 հայ զինծառայողի գերեվարման մասին, գրում է Factor.am-ը։

Դրանում, մասնավորապես, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը «սադրիչ ահաբեկչական գործողություն է որակել» հայ զինծառայողների իրականացրած գործողությունները ՀՀ տարածքում՝ համարելով ներխուժում իրենց երկրի տարածք։

«Հայաստանի ԶՈՒ-ի հետախուզական ուժերի ներթափանցումն Ադրբեջանի տարածք, նրանց կողմից փորձերը՝ ականապատելու այդ տարածքներն ու հետախուզական գործողությունների իրականացումը մեր կողմից դիտարկվում որպես սադրիչ ահաբեկչական գործողությունների փորձ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ, իբր, մի քանի խումբ դիվերսանտներ փորձել են հատել Ադրբեջանի սահմանը։

«Այդ խմբերը հայտնաբերվել են։ Խմբերից մեկից զինաթափվել ու գերի են վերցվել 2 հայ դիվերսանտներ, մյուս խմբից՝4-ը։ Մյուս մասին հաջողվել է փախչել»,- ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե Բաքուն ցանկանում է բանակցությունների միջոցով սահմանազատում իրականացնել Հայաստանի հետ։ «Ադրբեջանի սահմանների խախտման փորձերն անընդունելի են։ Հայաստանը պետք է զերծ մնա գործողություններից, որոնք ուղղված են երկու երկրների սահմանին լարվածության ավելացմանը և հարգի հարևան պետության սահմանները։

Ադրբեջանը սատարում է հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության կարգավորումը բանակցությունների միջոցով և աջակցում միջազգային հանրության կոչերին՝ երկու երկրների միջև սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։