Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Ազգային թատրոնը մեծ կորուստ ունեցավ, այլևս նրա բեմը չի զարդարի Ժենյա Ավետիսյան դերասանուհին, ով Մետաքսյա Սիմոնյանից հետո արժանացավ բեմի առաջնուհու փառքին և ամենքի կողմից սիրելի արտիստուհու համբավին։ Այլևս մեր կողքին չէ Երևանի գեղեցկագույն տիկինը, տաղանդավոր դերասան Յուրի Ամիրյանի կյանքի և բեմի զուգընկերը։ 

Ժենյա Ավետիսյանը ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1964 թվականից հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։

Ժենյա Ավետիսյանը նկարահանվել է ավելի քան 20 գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են «Գիքոր» (1982 թ.), «Ճերմակ անուրջներ» (1985 թ.), «Ժայռը» (1973 թ.), «Մարդն Օլիմպոսից» (1974 թ.) և այլն։

Թատրոնում սիրված դերասանուհու կերտած ակնառու կերպարներից են Նատալյան՝ «Խաթաբալա»-ում, Բիանկան՝ «Օթելլո»-ում, Էփեմիան՝ «Պեպո»-ում, Նադենկան՝ «Կամք»-ում և այլն։

Հայ հանդիսատեսի համար հոգեհարազատ են նաև նրա կերտած դերերը կինոյում․ Վարդուհին՝ «Ճերմակ անուրջներ»-ում, Նատոն՝ «Գիքոր»-ում, Մարգարիտը՝ «Ժայռ»-ում և այլ սիրված ու հիշարժան դերեր։

Արտաքին հմայքից՝ ներքին հմայք. այդպիսին էին արտիստուհու կերպարները՝ ազգային խառնվածքով և տիպաբանությամբ։ Հենց այս իմաստով նրա մահը մեծ կորուստ է ազգային թատրոնի համար, մանավանդ որ բեմական կյանքով հարուստ դերասանուհին դեռ շատ դերակատարումներ կարող էր պարգևել հանդիսականներիս։

Ժենյա Ավետիսյանը ՀԽՍՀ վաստակավոր և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ էր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր։

Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18։00-20։00-ն, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-13։00-ն Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Այդ մասին հայտնում են Կառավարական հանձնաժողովից։