ՀՀ ոստիկանության հայտարարությունը Մաշտոցի պողոտային հարող այգում “քաղաքացիական դատավարություն անցկացնելու” վերաբերյալ

Մաշտոցի պողոտային հարող այգում շինարարական աշխատանքներ կատարելու առնչությամբ բնապահպանական և այլ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների ու հայտարարությունների հարցով ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հանրությանը պարզաբանելով, թե այդ աշխատանքներին առնչվող իրավական վիճակը և թե ոստիկանության գործողությունների իրավական հիմքերը:

Վերահաստատելով իր դիրքորոշումները խնդրի վերաբերյալ՝ ՀՀ ոստիկանությունը վերստին հայտարարում է, որ լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված և չվիճարկված շինարարակական թույլտվության իրավաչափությունը: Այն որոշելու լիազորությունը պատկանում է բացառապես վարչական դատարանին: Հետևաբար, ոստիկանությունը պարտավոր էր թույլ չտալ միջամտություն հիշատակված շինարարական աշխատանքներին, ապահովելով Մաշտոցի պողոտային հարող այգում հասարակական կարգի պատշաճ պահպանությունը, այդ թվում նաև՝ այդ աշխատանքները խոչընդոտող անձանց և շինարարների անվտանգությունը: Ուստի, հասարակական կարգի պահպանմանն ուղղված ոստիկանության պահանջները միանշանակ բխել են օրենքից:

ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ բազմիցս ընդգծել է, որ թույլատրված շինարարական աշխատանքների խոչընդոտումը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի և հասարակական անվտանգության խախտումների առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնում է վարչական պատասխանատվության: ՀՀ ոստիկանությունն իրավասու էր կիրառելու վարչական հարկադրանքի միջոցներ, սակայն, կանխարգելիչ լիազորությունների շրջանակներում ելնելով լարվածության թուլացման սկզբունքից՝ ձեռնպահ է մնացել միջոցներ կիրառելուց:

Կարևորելով հանրության տեսակետները և հանրային իրազեկվածության բարձրացումը, ՀՀ ոստիկանությունում փետրվարի 28-ին անցկացվեց կլոր սեղան` տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքում, մասնավորապես, փաստվեց ոստիկանության գործողությունների համարժեքությունը իրավիճակին:

Չնայած դրան, հասարակական կազմակերպությունների առանձին ներկայացուցիչների կողմից վերստին, ընդ որում, վերջնագրային տոնով, կոչեր են հնչում շուրջօրյա նստացույց կազմակերպելու և անգամ սեփական ուժերով “քաղաքացիական դատավարություն անցկացնելու” վերաբերյալ: Հայտարարվում է նաև մինչև այդ ինքնակոչ “դատարանի որոշումը” տաղավարների գույքը “կալանքի վերցնելու”, ինչպես և վերջնագրերը չընդունվելու դեպքում տաղավարները սեփական ուժերով ապամոնտաժելու մտադրության մասին:

Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտնել հետևյալը.

1. Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկին պատկանող գույքը կալանքի վերցնելը օրենքի կոպիտ խախտում է, որը չի կարող որակվել այլ կերպ, քան ինքնիրավչություն: Ավելին, տաղավարների ապօրինի ապամոնտաժումը անխուսափելիորեն զգալի չափերի վնաս կպատճառի անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքին, իսկ դա արդեն հանցագործություն է` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված արարք, որի կատարման դեպքում մեղավորները անխուսափելիորեն կենթարկվեն քրեական պատասխանատվության:

2. ՀՀ ոստիկանությունը` ունենալով խաղաղ հավաքների անցկացումն ապահովելու պարտականություն, որևէ կերպ չի կարող հանդուրժել այնպիսի գործողություններ, որոնք ամբողջությամբ դուրս են գալիս հավաքի ազատության շրջանակներից և իրենցից ներկայացնում են սոսկ վարչական իրավախախտում կամ անգամ հանցագործություն: Ակնհայտ է, որ Մաշտոցի պողոտային հարող պուրակում նման գործողությունների նպատակով անցկացվող հավաքույթները, որոնց նպատակը այլ անձանց գույքի նկատմամբ բռնի գործողությունների կատարումն է, հավաք չեն համարվում և դրանց կազմակերպիչներն ու մասնակիցները կենթարկվեն պատասխանատվության իրենց կողմից հայտարարված ապօրինի գործողություններն իրականում կատարելու համար:

3. ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ապահովել միաժամանակ թե քաղաքացիների խաղաղ հավանքների իրավունքը, թե հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանությունը, թե նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: ՀՀ ոստիկանության կողմից այս պարտականությունների կատարումն անհնարին է դառնում կամ դժվարանում է, եթե խաղաղ հավաքների փոխարեն անցկացվում են բռնարարքների միտված հավաքույթներ, որոնց նպատակը իրավիճակի սրումն է և հանրության առանձին ներկայացուցիներին ապակողմնորոշելու միջոցով նրանց հակաօրինական վարքագծի դրդելը: Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ նման գործողություններից և որևէ կերպ չենթարկվել հակաօրինական արարքների դրդող կոչերին:

4. Հավատարիմ մնալով խնդրահարույց, այդ թվում սուր հարցերը բանակցային, իրավիճակի սրումը բացառող եղանակով լուծելու իր գործելաոճին, ՀՀ ոստիկանությունը` իր լիազորությունների սահմաններում, պատրաստակամ է շահագրգիռ կազմակերպությունների հետ շարունակել բանակցությունները այդ հարցերի քաղաքակիրթ և բոլորի շահերից բխող լուծումներ գտնելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ շինարարական թույլտվության կամ տաղավարների տեղադրման իրավաչափության հարցը չի մտնում իր իրավասության մեջ: Սակայն ոստիկանությունը պարտավոր է կանխել ցանկացած բռնարարք և ապահովել հասարակական կարգը և հասարակական անվտանգությունը:

Այս նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ տաղավարների ապօրինի, ինքնագլուխ ապամոնտաժման նպատակով հավաքույթներ անցկացնելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նման հավաքների ընթացքում որևէ ինքիրավ գործողության կատարումը, որը չի հանգեցնի այլ անձանց պատկանող գույքի ոչնչացման, առաջացնելու է վարչական պատասխանատվություն` ինքնիրավչության համար, իսկ զգալի վնաս պատճառած նույնաբնույթ գործողությունները որակվելու են որպես հանցագործություն: ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի վարչական իրավախախտում և հանցագործություն կատարած բոլոր անձինք` առանց որևէ բացառության, ենթարկվեն իրենց արարքներին համարժեք պատասխանատվության: Այդ առնչությամբ ոստիկանությունը` անօրինական գործողությունները կանխարգելելու նպատակով, իրավասու է ներկայացնել պահանջներ` հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանման առնչությամբ: Նման պահանջները չկատարելը առաջացնելու է վարչական պատասխանատվություն:

Մյուս կողմից, ՀՀ ոստիկանությունը երաշխավորելու է բոլոր այն ակցիաները, որոնք անցկացվում և անցկացվելու են “Հավաքների ազատության մասին” ՀՀ օրենքին համապատասխան:

Այս խնդրի առնչությամբ մեր հասարակությունը բազմիցս հնարավորություն ունեցել է հավաստիանալ դրանում:

© Medialab.am