ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ եզակի փաստաթուղթ է. Կոսաչով

Ռուսաստանի Դաշնության  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի կարծիքով` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հույս է ներշնչում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոսաչովը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ես համարում եմ, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների կողմից արված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ միայն կարևոր է, այլև իր տեսակով եզակի փաստաթուղթ է՝ հաշվի առնելով  առաջին հերթին այն քաղաքական և դիվանագիտական ֆոնը, որի շուրջ երեք երկրների ղեկավարները կարողացան պայմանավորվածություն ձեռք բերել ԼՂ  հակամարտության վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցման շուրջ», – գրել է Կոսաչովը: