7 անչափահաս երեխաների հետ՝ Թալիշից Նոր Հաճն Բուլղադարյանները փորձում են առաջ նայել. «Երևի հայի բնավորության մեջ կա, որ ինքը պատրաստ ա պայքարելու»

Բուլղադարյանները յոթ անչահաս երեխաների հետ Արցախյան պատերազմի հետևանքով Թալիշից տեղահանվել ու ապաստան են գտել Նոր Հաճնում։ Չնայած կորցրել են ամեն ինչ՝ տուն, հայրենիք, աշխատանք, բայց լիահույս են, որ նորից հնարավորություններ կստեղծվեն, Հայաստանում մնալու դեպքում գործ կգտնեն, կաշխատեն, զրոյից տուն կստեղծեն:

40-ամյա Սարգիս Բուլղադարյանն այժմ նոր հմտություններ է սովորում՝ ներգրավվել է պետության կողմից իրականացվող զբաղվածությունը խթանող սոցիալական ծրագրում և փորձաշրջան է անցնում տնտեսվար-պահեստապետի աշխատանքում։ Ասում է՝ հույս ունի, որ ավարտելուց հետո աշխատանքի առաջարկ կունենա և կկարողանա ընտանիքի հոգսը հոգալ և շարունակել ապրել:

«Հույս ունեմ, որ աշխատանքի կանցնեմ, տուն կստեղծեմ, եթե դա էլ չլինի, վարորդական իրավունք ունեմ, վարորդ եմ, կմտնեմ վարորդի գործ կանեմ: Հայաստանում աշխատանքի հետ դժվարություններ կան, եթե գյուղում բնակվեմ, պլաններ ունեմ՝ անասնապահությամբ, մեղվաբուծությամբ զբաղվեմ, դա էլ ա տարբերակ, որով հնարավոր ա գոյատևել Հայաստանում»,- ասում է Սարգիսը։

Բուլղադարյանների ընտանիքը Թալիշից դուրս է եկել պատերազմի առաջին օրը, տեղափոխվել են Ստեփանակերտ, այնուհետև՝ Երևան։ Սարգիսը՝ որպես բազմազավակ հայր, ազատված է եղել ծառայությունից, սակայն որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ, հայրենիքի պաշտպանությունն իրականացրել Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։

«Երեխեն քառասունքի մեջ էր: Որ դուրս եկա երեխու շորերը փռելու, գմփոց լսեցի, հետո արդեն տեսա՝ ձայներն ուժեղացան, իջանք պադվալ: Տեսանք՝ գնալով ահավոր ա դառնում, ամուսինս ասեց՝ մի քիչ համբերեցեք, կարող է կտրվի, բայց չկտրվեց, դուրս եկանք»,- պատմում է Սարգսի կինը՝ 37-ամյա Աննա Դանիելյանը։

Ընտանիքը տնից դուրս գալիս որևիցե իր չի կարողացել վերցնել, անգամ փաստաթղթերը։ Հայաստանում սկզբում բնակվել են Մասիսում՝ բարեկամի տանը, այնուհետև տեղափոխվել են Նոր Հաճն:

«Մասիսում պայմանները նորմալ չէին, ջուր չկար, հիմա Նոր Հաճնում ենք, Երևանում ա բնակվում էդ մարդը, որ տվել ա, էստեղ մնում ենք, էդ մարդու դաչան ա։

էս տունը որ տրամադրել են, ամեն ինչ կա մեջը, ոչ մի բանի կարիք չունենք, բայց միայն ոչինչ մերը չի: Երբ վաղը դուրս գանք, ուրիշ տեղ գնանք բնակվելու՝ ոչինչ չունենք, նույնիսկ սեղան, որ վրան հաց ուտենք։

Տանտիրոջ հետ պայմանավորվածությունը եղել ա մինչ մայիս, մինչև դա պետք ա կոնկրետ քայլեր ձեռնարկեմ, որ ընտանիքիս տեղափոխեմ այլ տեղ»,- «Մեդիալաբին» ասում է Սարգիս Բուլղադարյանը։

Նա նշում է, որ ցանկացել են Արցախ վերադառնալ, հետաքրքրվել են պայմաններով, արդյոք տուն կտրամադրե՞ն, թե՞ ոչ, պատասխանը բացասական է եղել:

«Կայուն քայլեր չկան Արցախցում, որ ասենք՝ տուն են տրամադրել, գնանք ապրենք, չէ։ Ես դիմել եմ վարչակազմին, մինչև նոր տարի գնացել եմ, ասել են՝ ցավոք, մենք պայմաններ չունենք: Ասում են՝ կարող եք տուն ճարել մոտակայքում, մենք վարձը կտրամադրենք, պայմանը դա է, պետությունը տուն տրամադրելու ֆոնդ չունի»,- նշում է Սարգիսը և հավելում, որ նաև մտահոգություններ և վախեր կան վերադարձի հետ կապված, եթե Հայաստանում ստացվի ապրուստը կազմակերպել, ապա կփորձեն կյանքը նորից սկսել Հայաստանում:

«Երեխաներս երկրորդ պատերազմը տեսան, միշտ վատն ենք կանխագուշակում, չեմ ուզենա՝ երրորդն էլ տեսնեն։

Երեխաների մոտ պատերազմից հետո հոգեբանական խնդիրներ էին առաջացել։ Մի կազմակերպությունից եկան, երեխեքի հետ ժամանակ անցկացրեցին, երեխեքին սթրեսից հանում էին: Հիմա համեմատաբար լավ է վիճակը, դպրոց են հաճախում, կտրվել են, չեմ ուզենա նորից նման ապրումներ ունենան։ Պատերազմից հետո իրենց մոտ նկատում էի փոփոխություն՝ շուտ ընկճվող, շուտ բռնկվող էին դարձել»,- ասում է Սարգիսը։

Նշում է, որ պատերազմը հիասթափություն ու ցավոտ ապրումներ ստեղծեց, կորցրեցին պապական գերեզմաններ, զինակից ընկերներ, ամեն ինչ:

«Պատերազմը կոտրում ա մարդուն, կորցնում ես սիրելի մարդկանց, պապական գերեզմաններ, տարածք, որտեղ մեծացել ես, վայելել մանկությունդ։ 90-ականների պատերազմի ժամանակ էլ կորուստներ ենք ունեցել, պապիս եմ կորցրել՝ Թալիշում ա մնացել, տեղեկություն չունենք՝ ինչ եղավ իր հետ, ըստ որոշ տեղեկությունների՝ սպանել են իրեն»,- ասում է Սարգիսը։

Չնայած դժվարություններին ու ամեն ինչ կորցնելուն՝ Բուլղադարյանների ընտանիքը ընկճվածությունը փորձում է հաղթահարել առաջ նայելով՝ պատրաստ լինելով էլ ավելի ջանքեր գործադրել, աշխատել, որ յոթ անչափահաս երեխաները ավելի բարվոք ապագա ունենան:

«Հիմա նույնիսկ պահի տակ հետ եմ նայում, նորից պետք ա ամեն ինչը սկսեմ, տուն կառուցեմ, բայց երևի հայի բնավորության մեջ կա, որ ինքը պատրաստ ա պայքարելու, ստեղծելու ու նորից ծառ տնկելու, տուն դնելու։ Ուղղակի հույսս էն ա, որ էլ պատերազմ չտեսնենք»,- մտածմունքով ասում է Սարգիս Բուլղադարյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am