Բռնաբարությո՞ւն՝ լռի՛ր, ի՞նչ կասեն մարդիկ, եթե իմանան, ամո՛թ է. ըստ մասնագետների, Հայաստանում չկա արդյունավետ քննություն անցկացնելու մեթոդաբանություն

Բռնաբարությո՞ւն՝ լռի՛ր, ի՞նչ կասեն մարդիկ, եթե իմանան, ամո՛թ է. ըստ մասնագետների, Հայաստանում չկա արդյունավետ քննություն անցկացնելու մեթոդաբանություն
Բռնաբարությո՞ւն՝ լռի՛ր, ի՞նչ կասեն մարդիկ, եթե իմանան, ամո՛թ է. ըստ մասնագետների, Հայաստանում չկա արդյունավետ քննություն անցկացնելու մեթոդաբանություն

Այն, ինչ տեղի ունեցավ 28-ամյա Գոհար Պետրոսյանի հետ մի քանի տարի առաջ, կնոջ կյանքը տակնուվրա արեց։ Գործընկերներից մեկը Գոհարին բռնաբարեց, երբ գնացել էր անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու։

Փաստաբան Նվարդ Փիլիպոսյանն ասում է, որ առաջին ամիսներին Գոհարն ուղղակի շոկի մեջ էր, հոգեբանական շատ ծանր վիճակում: Նրա խոսքով՝ ամիսներ շարունակ բարդ հոգեբանական իրավիճակը չհաղթահարելով, նա դիմել է իրենց՝ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն՝ աջակցություն ստանալու նպատակով։

«Մինչև մեզ դիմելը Գոհարը նույնիսկ ինքնասպանության փորձեր է արել, ուզեցել է իրեն գցել կամրջից, բարեբախտաբար, կանխվել է: Գոհարը մեզ պատմում էր, որ գործընկերը երկար ժամանակ խոշոր չափի գումար է իրեն պարտք եղել, և ֆինանսական հարցերը պարզելու համար աշխատավայրից դուրս՝ առանձին վայրում, գնացել է նրա հետ հանդիպման, որտեղ էլ գործընկերը սեռական բռնության է ենթարկել նրան»,- պատմում է փաստաբանը:

Դեպքից երկու ամիս անց Գոհարը դիմել է նաև ոստիկանություն, որից հետո հարուցվել է քրեական գործ:

«Քննիչների մոտեցումն ու հարցադրումները Գոհարի հոգեբանական վիճակն է՛լ ավելի բարդացրին: Ամենասկզբից արդեն կար մեղադրական տոն նրա հանդեպ, հարցնում էին, օրինակ՝ ինչո՞ւ ես այդ մարդու հետ շփման մեջ մտել, ո՞նց կարող էիր չհասկանալ, որ դրա հետևանքը լինելու է սեռական հարաբերությունը, ուրեմն դու ես թույլ տվել: Եթե գնացել ես հետը, ուզել ես, որ ձեր մեջ սեռական հարաբերություն լինի: Ամեն կերպ փորձում էին ապացուցել, որ Գոհարն իր ցանկությամբ է գնացել ու իր համաձայնությամբ է սեռական հարաբերություն եղել»,- ասում է Նվարդ Փիլիպոսյանը:

Փաստաբանը շեշտում է, որ Հայաստանի քննչական մարմիններում չկան որևէ ստրատեգիա, մոտեցում և արդյունավետ քննություն անցկացնելու մեթոդաբանություն սեռական բռնության գործերով, հատկապես՝ չափահասների դեպքում:

«Բոլորին ուղարկում են կուսության թեստավորման, առանց հաշվի առնելու՝ տուժողը մինչ այդ դեպքը ամուսնացա՞ծ եղել է, սեռական կյանք ունեցե՞լ է, թե՞ ոչ: Գոհարին նույնպես ուղարկել են կուսության թեստավորման, թեև նա նշել էր, որ ամուսնացած է և ունի երեխաներ: Նրան չեն կանչել դատահոգեբանական փորձաքննության, իսկ առերեսմանը նույնիսկ մի անգամ բերել են Գոհարին անծանոթ մի տղամարդու, որը հետագայում պարզվել է՝ բռնության ենթարկած անձի ընկերն է»,- ասում է փաստաբանը:

Երկու տարի շարունակ Գոհարը ընտանիքի հետ պայքարում է արդարության հասնելու համար, սակայն քրեական գործը կարճվում է հիմնավոր ապացույցների և հանցակազմի բացակայության հիմքով:

Փաստաբանը հավելում է, որ այժմ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու են արդարության հասնելու համար:

Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, աճում է սեռական բռնության դեպքերով հարուցված քրեական գործերի թիվը:

2015-2016 թթ. ընթացքում Հայաստանի քննչական կոմիտեն քննել է սեռական բռնության հատկանիշներով հարուցված 288 քրեական գործեր: Ի տարբերություն 2015-ի՝ 2016-ին քննված քրեական գործերի թիվն աճել է 26-ով:

Ըստ Քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ Դավիթ Թումասյանի՝ Հայաստանում սեռական հանցագործությունների դինամիկան վերջին երեք տարիներին (2015-2017 թթ.) աճում է, համապատասխանաբար՝ 131, 157, 161 հարուցված գործ, սակայն սեռական հանցագործությունների զոհերի ընդհանուր թվում երեխաների տեսակարար կշիռն ունի նվազման միտում:

«Մենք 2016 թվականին ունեցել ենք երեխաների հանդեպ սեռական բռնությունների դեպքերի կտրուկ աճ (բոլոր գործերի 70 տոկոսը): Իսկ 2017-ին ունեցել ենք ընդհանուր սեռական հանցագործությունների աճ, սակայն երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը նվազել է՝ բոլոր գործերի 62,7 տոկոսը: Հիմնականում սեռական հարաբերությունների զոհ են դառնում 14-16 տարեկան երեխաները»,- «Մեդիալաբին» ասում է Թումասյանը:

Անուշիկ Նալբանդյանը ընդամենը 16 տարեկան էր, երբ համագյուղացիներից մեկը գյուղի եկեղեցում նրան բռնաբարեց։ Սակայն անչափահաս աղջկան սպասում էր ոչ թե օգնություն, այլ պարսավանք։

Երբ աղջիկը բուժօգնություն ստանալու նպատակով դիմում է Արմավիրի հիվանդանոց, բժիշկը նրան ոչ միայն օգնություն չի ցուցաբերում, այլև սաստում է և համոզում կատարվածի մասին ոչ ոքի չբողոքել ու չպատմել։

Իրավապահ մարմիններին Նալբանդյանը դիմում է միայն դեպքից մի քանի ամիս անց, որից հետո հարուցվում է քրեական գործ:

Չնայած արձանագրված դեպքերի աճին, Հայաստանում շարունակում է բարձր մնալ սեռական հանցագործությունների թաքնվածությունը: Ըստ իրավապաշտպանների՝ դա պայմանավորված է նրանով, որ տուժողները խուսափում են հայտնել իրավապահ մարմիններին իրենց հետ կատարված սեռական հանցագործության մասին:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն ասում է, որ Հայաստանում սեռական բռնությունն ընկալվում է որպես ամոթ, ինչպես սեռականության հետ կապված ցանկացած հարց:

«Հաճախ սեռական բռնության ենթարկված կանայք, կամ նրանց հարազատները դեպքի մասին լռում են` առաջնորդվելով հետևյալ սկզբունքով` «ի՛նչ կասեն մարդիկ, եթե իմանան», «ամո՛թ է»: Մինչդեռ սեռական բռնությունը անձին լուրջ հոգեբանական տրավմա պատճառող բռնարարք է»,- նշում է նա։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը 2008-2016 թվականների ընթացքում աջակցություն է տրամադրել ավելի քան 500 կանանց և անչափահասների, որոնցից 100-ը եղել են սեռական բռնությունից տուժած անձինք:

Աղաբեկյանի խոսքով՝ կենտրոն եկած կանանցից շատերը չեն ցանկացել դիմել իրավապահ մարմիններ, քանի որ վստահություն չունեին, որ արդարության կհասնեն. «Նրանք պատրաստ չէին խոսել իրենց հետ կատարվածի մասին իրավապահ մարմիններում, այն էլ՝ տղամարդ քննիչների մոտ: Հայաստանում անհրաժեշտություն կա սեռական բռնության գործերով ավելի շատ կին քննիչներ ներգրավելու»:

Փորձագետը շեշտում է, որ քննիչները որոշ դեպքերում սեռական բռնության տուժողների նկատմամբ, հատկապես՝ չափահաս կանանց, դրսևորում են «ոչ զոհակենտրոն» վերաբերմունք. «Հարցաքննությունների ժամանակ տրվում են գնահատականներ անձի վարքին, ենթադրություններ են հնչում, որոնք կարող են նպաստել անձի երկրորդային զոհականացմանը: Օրինակ՝ կարող են հարցնել՝ ինչի՞ էիր այդ ժամին գնացել այդ վայրը, ինչո՞ւ էիր այդ զգեստը հագել: Այդ հարցերը տուժողների մոտ մեղավորության և կրկնակի զոհացման զգացում են առաջացնում»:

«Քրեական գործի շրջանակում մի քանի անգամ կատարվածի մասին պատմելը, մի քանի անգամ ցուցմունք տալը կրկնակի հոգեբանական տրավմա է տուժողների համար, ինչի համար էլ նրանք խուսափում են դիմել իրավապահ մարմիններ, և բազմաթիվ գործեր այդպես էլ չեն բացահայտվում»,- ընդգծում է Աղաբեկյանը:

Դավիթ Թումասյանն ասում է, որ թե՛ անչափահասների, թե՛ չափահասների գործերով բոլոր քննիչները 2 տարին մեկ պարտադիր վերապատրաստում են անցնում արդարադատության ակադեմիայում: Նա շեշտում է, որ Քննչական կոմիտեն ունի նաև վերապատրաստված կին քննիչներ:

Մինչդեռ իրավապաշտպանները հակադարձում են` նշելով, որ եթե անչափահասների գործերով կան բարելավումներ և քննիչների աշխատանքում որակական փոփոխություններ, ապա չափահաս տուժողների դեպքում դա բացակայում է:

ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանն ասում է, որ սեռական բռնության դեպքերի բացահայտման և արդյունավետ քննության համար կարիք կա օրենսդրական բարեփոխումների, որով կստեղծվեն հատուկ աջակցման կենտրոններ սեռական բռնության ենթարկված չափահաս անձանց համար:

«Այդ կենտրոններում պետք է մշտապես հոգեբաններ աշխատեն: Հենց այդ միջավայրում էլ պետք է կատարվեն քննչական գործողություններ, որպեսզի նվազեցվի տուժողի կրկնակի զոհացման և տրավմայի ենթարկելու ռիսկը: Տրամաբանությունն այն է, որ տուժողին հարցաքննեն մեկ անգամ, այն տեսաձայնագրվի հետագա քրեական դատավարության ընթացքում օգտագործելու նպատակով: Սա զարգացած պետություններում, մասնավորապես՝ Սկանդինավյան երկրներում կիրառվող մոդել է»,- նշում է Սարգսյանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության` սեռական բռնության թիրախ են ընտրվում հիմնականում իգական սեռի ներկայացուցիչները: Իրավապաշտպանների կարծիքով՝ տուժող կանայք պետք է հնարավորություն ունենան նաև ընտրելու կին հոգեբան կամ քննիչ:

Անչափահասների դեպքում Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է հոգեբանի կամ մանկավարժի ներգրավում, մինչդեռ չափահասների դեպքում օրենքը իրավապահ մարմիններին չի պարտադրում հոգեբանական աջակցություն տրամադրել:

Տաթևիկ Աղաբեկյանը շեշտում է, որ չափահասների դեպքում նախընտրելի կլիներ նաև միջնորդավորված առերեսում անցկացնել տուժողի ու բռնարարի միջև, այլ ոչ թե ուղղակի. «Դա նույնպես կրկնակի տրավմա է տուժողի համար՝ նստել իրեն սեռական բռնության ենթարկած անձի դիմած, հիշել այդ ամենն ու կրկին ցուցմունք տալ»:

Դավիթ Թումասյանն էլ շեշտում է, որ Քննչական կոմիտեն դրա փոխարեն նախընտրում է այլ մեխանիզմ՝ տուժողին հանել հոգեբանական ծանր, սթրեսային վիճակից, ապա նոր հարցաքննություն իրականացնել:

Հոդվածում հերոսների անունը, ազգանունը և տարիքը փոխված են:

Լիլիթ Առաքելյան

MediaLab.am