«Ուզեցել եմ ևս մեկ անգամ մեսիջ ուղարկել, որ չպետք է մոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել». Գոռ Գևորգյան

«Ուզեցել եմ ևս մեկ անգամ մեսիջ ուղարկել, որ  չպետք է մոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել». Գոռ Գևորգյան
«Ուզեցել եմ ևս մեկ անգամ մեսիջ ուղարկել, որ չպետք է մոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել». Գոռ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գոռ Գևորգյանը:

– Պարո՛ն Գևորգյան, Ազգային ժողովում ձեր առաջին ելույթը բուռն քննարկումների առիթ դարձավ: Աստվածաշնչից գրաբարով մեջբերումը չհասկացվեց մարդկանց կողմից, ո՞ւմ էր այն ուղղված:

– Ես ընդհանուր բոլորին էի դա ասում: Եթե իմ խոսքը ամբողջական լսեք, այն ընդամենը ցիտատ է, որը բերված է Սուրբ Գրքից: Այսինքն՝ ես պարզապես ռեպլիկ չեմ արել: Այն ուղղված էր առաջին հերթին այնտեղ հավաքված պատգամավորներին, նաև այն հանրությանը, ովքեր լսում են պատգամավորներին: Ես ուզեցել եմ նաև ևս մեկ անգամ մեսիջ ուղարկել, որ՝ սիրելի՛ հանրություն, հարգարժա՛ն գործընկերներ, մենք չպետք է մոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել:

Եվ առաջին իսկ պահից ուզում եմ բոլորս տոգորված լինենք հավատքով դեպի մեր կատարած աշխատանքը և դեպի մեր կողմից իրականացվելիք գործը: Այսինքն՝ ապագայում ուզում ենք ի՞նչ տեսնել մենք բոլորս միասին՝ բարեկեցիկ պետություն: Եվ դրա համար էլ ասում եմ՝ անգամ Սուրբ Գրքում աշակերտներից Մատթեոսը և Պողոս Առաքյալը Հիսուսի խոսքերն են ասում՝ հրամայի՛ր լեռին, և այն կտեղաշարժվի: Այսինքն՝ դու այնքան կարող ուժ պետք է քո մեջ գտնես, որ իրագործես դա:

– Ինչո՞ւ մարդկանց մի հատված նման կերպ արձագանքեց ձեր ելույթին, ընդհանրապես մարդիկ կարծես անհանդուրժող են:

– Մենք պետք է բոլորս ուրախ լինենք, որ հասարակությունը կարողանում է արագ արձագանքել ցանկացած իրավիճակում: Դա նշանակում է, որ մեր հասարակությունը շատ ակտիվ է, և նաև որոշակի առումով քաղաքականացված է այն իմաստով, որ ուշադիր ու ականջալուր է քաղաքական գործընթացներին:

Բայց սրանում մի կարևոր բաղադրիչ կա. ցանկալի կլինի, որ այդ քննադատությունը լինի առողջ, այսինքն՝ հիմնված լինի տրամաբանական և պատճառահետևանքային կապ ունեցող մտքի շարադասությունների վրա, ոչ թե պարզապես կառչեն ինչ-որ բառից կամ տառից: Ես հասկացված եմ հանրության կողմից, այդ նույն սոցցանցերում կան և՛ դրական, և՛ ժպիտ առաջացնող մեկնաբանություններ, որոնք ընդամենը ցույց են տալիս այդ մարդու կողմից շարադրված կամ հնչեցված մտքի շրջանակներում իր ընդհանուր ընկալումը:

– Առաջիկայում նման մերջբերումներով դարձյա՞լ կդիմեք հանրությանը:

– Ես չեմ կարող ասել՝ այդպիսի ցիտատներով հանդես կգա՞մ, թե՞ չէ: Դա ծրագրված ելույթ չէր: Ես ընդամենը իմ միտքն եմ արտահայտում, և այդ պահին, եթե մտածում եմ, որ կարելի է հետաքրքիր ինչ-որ մտքի հղում տալ, այդ միտքն է գալիս: Այսինքն՝ հատուկ նպատակային, որ՝ այո, Գոռ Գևորգյանը պետք է դուրս գա ամբիոն և այնտեղից պետք է հնչեցնի վերամբարձ խոսքեր, սա ինձ համար պատեհապաշտություն չէ:

– Ինչո՞վ պետք է այս Ազգային ժողովը տարբերվի նախորդից, ի՞նչ է փոխվել:

– Խորհրդարանական երկրներում նման ներկայացուցչական մարմինը, ինչպիսին խորհրդարանն է, ամենաառանցքային դերակատարում ունեցող պետական կառավարման բաղադրիչն է: Եթե այդ ներկայացուցչական մարմինը՝ խորհրդարանի տեսքով, չի համապատասխանում այն ամբողջական, արդեն իսկ գոյություն ունեցող ձևակերպումներին, պատկերացումներին, հստակ սահմանված ձևաչափին և չի իրականացնում այդ բոլոր գործառույթները, որոնք պետք է իրականացնի, այդ երկիրը չի կարող առհասարակ ունենալ զարգացման այն տեսլականը, որի մասին կարող ենք խոսել՝ նայելով զարգացած երկրների օրինակը:

Հետևաբար, ես կարծում եմ, սա ՀՀ նորագույն պատմության շրջանում առաջին նախադեպն է, երբ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բացարձակապես անաչառ ու ազնիվ: Եվ անգամ լրատվամիջոցներն այս ընտրություններն անվանեցին ձանձրալի ընտրություններ:

Այսինքն՝ չեն եղել ցնցումներ, որոնք կարող էին ինտրիգներ առաջացնել: Այս առումով արդեն իսկ մենք հաջողել ենք, ոչ միայն նրանց նկատի ունեմ, ովքեր անցել են Ազգային ժողով, այլ առհասարակ ժողովուրդն է հաջողել, ՀՀ շարքային քաղաքացին: Հիմա, ո՞րն է այս ամենի հիմնական բաղադրիչը. այն, որ, ըստ էության, օրենսդիր բարձրագույն մարմինը պետք է այդ կապող կամուրջը լինի պետական իշխանության և հանրության միջև, իսկ այդ կապը տարիներ շարունակ խզված կամ խարխլված է եղել: Այն, որ ընտրություններն անցկացվել են արդար ու ազատ բաղադրիչի ներքո, խոսում է այն մասին, որ այդ կապն արդեն իսկ ձևավորված է:

Այդ կապը հարկավոր է ամրացնել, կայացնել, և այդ գործընթացը պետք է զուգորդվի տնտեսական հեղափոխության քայլերով, արտաքին քաղաքականության մեջ նոր ձեռքբերումներով, սոցիալական, կրթության ոլորտներում բազմաթիվ բարեփոխումներով:

– Հնարավոր համարո՞ւմ եք տնտեսական հեղափոխության իրագործումը, ինչի մասին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել:

– Հիասթափության վտանգի առաջ է ցանկացած պետություն, ցանկացած իշխանության մարմին, բայց անլուծելի խնդիրներ չկան: Հարկավոր է միշտ դրսևորել քաղաքական կամք: Այն ուժը, որն այսօր կարողանում է տիրապետել պետական կառավարման լծակներին, եթե արդեն իսկ ամբողջ գաղափարական ու գործնական տեսլականը կառուցում է ազնվության, անաչառության, մասնագիտական կարողությունների վրա, բնականաբար, պետք է միայն հաջողություն ունենա: Ես չեմ կարծում, որ եթե մարդն ազնիվ է և բանիմաց, նա որևէ ոլորտում կձախողի: Եթե դու ճիշտ ես բաշխում ֆինանսական ռեսուրսներդ, որևէ խնդիր չես կարող ունենալ:

Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, այն հարցադրումները, որոնք այսօր բարձրացվել են կառավարության կողմից, խարսխված են նրա վրա, որ մենք բոլորս միասին ուզում ենք աշխատաշուկայում ու շուկայական հարաբերություններում ստեղծել նոր որակական բաղադրիչներ:

Որո՞նք են դրանք, օրինակ՝ զարգացնել հանքարդյունաբերությունը, որը պայմանականորեն պետք է խարսխված լինի 21-րդ դարի նորանոր ձեռքբերումների ու մոտեցումների հիման վրա: Այսինքն ՝ մենք, ինչպես վարչապետն է ասում, չպետք է ընդերքից հանենք մի բան ու վաճառենք:

Մենք կարող ենք դա վերամշակել ու կրկնակի թանկ վաճառել: Պետք է ստեղծենք նաև բարձր տեխնոլոգիաների համակարգ, ինչը չափազանց մեծ պահանջարկ ունի նաև արտաքին շուկայում: Այս ամենն իրական է, և ընդամենը բարի ցանկություններ չեն: ՀՀ-ում ոչ միշտ, բայց գրեթե բոլոր ժամանակահատվածներում առկա է եղել գիտական բարձր պոտենցիալ, ինչը տարբեր պատճառներով միգուցե ստվեր է մղվել, չի զարգացել:

Բայց այդ պոտենցիալը կա, և պոտենցիալը չօգտագործելը մեծագույն չարիք է և սխալ: Եվ այն, ինչ կատարվում է այսօր, միտված է այդ պոտենցիալն ամբողջական ու ճիշտ ձևով օգտագործելուն:

– Նիկոլ Փաշինյանի կադրերին, այդ թվում՝ ձեր խմբակցության շատ պատգամավորների մեղադրում են անփորձ լինելու համար: Սա կարո՞ղ է խնդիր առաջացնել:

– Երիտասարդ լինելը դեռ չի նշանակում, որ հմուտ կադր չեն կամ արհեստավարժ չեն: Այսօր կան շատ երիտասարդներ, ովքեր իրենց տարիքին անհամապատասխան գիտելիքներ ու կարողություներ ունեն, որոնք անգամ զարմացնում են: Այնպես որ, այդ մեղադրանքները պետք է նախ լինեն հիմնավոր:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am