Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանին չեն անհանգստացրել «Կենդանական աշխարհի մասին» օրենքում Ազգային ժողովի ընդունած փոփոխությունները, որով առաջարկվում է արգելել վայրի կենդանատեսակների օգտագործումը կրկեսներում:
«Է՛, ի՛նչ անենք, կօգտագործենք ոչ վայրի կենդանիներ»,- արձագանքելով ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը «Մեդիալաբին» ասում է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, կրկեսային գործիչների միության նախագահ, մշակույթի վաստակավոր գործիչ Սոս Պետրոսյանը:
Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կենդանական աշխարհի մասին» օրենքում Կառավարության առաջարկած փոփոխությունների ու լրացումների փաթեթը: Նախագծով սահմանվում է, որ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում:
Պետրոսյանն ասում է՝ ծանոթ է օրենսդրական պահանջին, որի մասին երկար ժամանակ քննարկումներ էին ընթանում: «Մոսկվայում էլ են խոսում այդ մասին, բայց դեռ չեն վերացրել: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Նիկուլինի կրկեսում առանց կենդանու ներկայացում լինի, կամ Զապաշնիների կրկեսում կենդանիներ չլինեն: Զապաշնիները հենց վայրի կենդանիներով են ներկայացումներ տալիս, առանց դրա անհնար է ֆինանսական պլան ապահովել»,- ասում է Սոս Պետրոսյանը:
Հայկական կրկեսը, Երևանի կրկեսի տնօրենի ներկայացմամբ, ունեցել է վայրի կենդանիների մասնակցությամբ ներկայացումներ, որոնք համարվել են «հայկական կրկեսի զարդը»: «Ունեցել ենք արջեր իլյուզիոնիստներ, դա կոչվում էր Արջերի բենեֆիս, Կարինե և Արթուր Բաղդասարյանները, որոնք մինչև հիմա Նիկուլինի կրկեսում են աշխատում, աշխատել են վագրերի, առյուծների, գայլերի հետ: Մեր հայկական կրկեսի զարդն են դրանք եղել: Պատկերացնում եմ՝ դրանք չլինեին, ինչ կլիներ մեր կրկեսի վիճակը: Բայց հիմա ժամանակները փոխվել են»,- ասում է Պետրոսյանը:
Երևանի կրկեսում, նրա խոսքով, սպասում են վերանորոգման աշխատանքների ավարտական փուլին: Շուտով, ասում է, նորագույն սարքավորումները կներմուծվեն: «Ես 100 տարի է՝ կրկեսի տնօրենն եմ, և երբ մարդիկ գալիս էին տոմս առնելու, մեկ-մեկ հետևում էի, հարցնում էին՝ կենդանի կա՞, առյուծներ կա՞ն, վագրեր, արջեր կա՞ն, հենց տեսնում էին՝ չկան, հրաժարվում էին տոմս առնել: Բայց, ինչ արած, մեռնեմ օրենքին, վայրի կենդանի չենք օգտագործի, կօգտագործենք ակրոբատիկական ատրակցիոններ, և այդ բացը կլրացնենք: «Տաշիր գրուպի» շնորհիվ մենք շուտով կունենանք հրաշալի կրկես: Սամվել Կարապետյանը մեծ ջանքեր ու միջոցներ է ներդրել, որ Երևանի կրկեսն աշխատի»,- նշում է Սոս Պետրոսյանը:
Կրկեսի շենքի արտաքին շինարարական աշխատանքներն ավարտվել են, այժմ կատարվում են ներքին հարդարման աշխատանքները: Շուտով կներկրվեն 2500 հանդիսատեսի համար նախատեսված նստարաններ, լուսաձայնային սարքավորումներ:
«Ամեն տարի ասում եմ՝ շուտով կբացվենք, իհարկե, երկարեց, բայց հիմա շնորհիվ «Տաշիր գրուպի», որը միլիոնավոր դոլարների ներդրում է արել, շուտով կբացվենք: Էլ տեղ չկա երկարելու, կարծում եմ՝ այս տարվա վերջ ու մյուս տարվա սկիզբ մեր կրկեսի բացումը կանենք: Հիմա վերջնական փուլում ենք»,- նշում է Սոս Պետրոսյանը:
Ճիշտ է՝ կրկեսի շենքը չի գործում, բայց դերասանները շարունակում են աշխատել, օրինակ՝ ապրիլի 2-3-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պատրաստվում են ներկայացումներ տալ՝ «Կրկեսը վառում է լույսերը» խորագրով:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am