«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում մասնակցեց Ուկրաինայի հարցով համաժողովին, որին, սակայն, չմասնակցեց Ադրբեջանը։ Ի՞նչ է տալու Հայաստանին այս համաժողովին մասնակցելը։
– Հավանաբար տվյալ դեպքում Փաշինյանի կառավարությունն արևմտյան գործընկերներին այս կերպ հերթական ազդանշանն ուղղեց, որով հավաստեց իր կողմից հավաքական Արևմուտքի ռազմաքաղաքական օրակարգի հանդեպ պատշաճ հետաքրքրություն ունենալու փաստը։
Ընդգծվում է, որ Հայաստանի իշխանություններն այս համատեքստում պատրաստ են Ռուսաստանի քաղաքական առաջնահերթություններն անտեսել։ Սա նմանօրինակ հերթական քայլն է։ Դրանց թվին կարող ենք դասել նաև Բելառուսի հետ կապված քաղաքական դեմարշները՝ Հայաստանի ԱԺ նախագահի հանդիպում-զրույցը բելառուսական ընդդիմության առաջնորդ տիկին Տիխանովսկայայի հետ և վարչապետ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ քանի դեռ Լուկաշենկոն է Բելառուսի ղեկավարը, ոչ ինքը և ոչ էլ ՀՀ որևէ պաշտոնյա Մինսկ չի այցելելու։
Հայտնի է Լուկաշենկոյի և Ալիևի ջերմ մտերմությունը, բայց Սիմոնյան-Տիխանովսկայա զրույցի փաստը Բատկային առիթ տվեց Շուշի գնալու և Արցախում ադրբեջանական առանձին բնակավայր կառուցելու վերաբերյալ հայտարարություն անելու համար։ Կարելի է ասել, որ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական պահվածքը գործնականում օգտակար է և՛ Արևմուտքի, և՛ ռուս-բելառուսական դաշինքի համար՝ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական նոր բնագծի ձևավորման ու ամրապնդման տեսանկյունից։
– Այդ համաժողովում հռչակագիր են ստորագրել, որը հիմնականում աջակցություն է ուկրաինական նարատիվներին, բայց Հայաստանը չի միացել դրան, ըստ ձեզ՝ ինչո՞ւ։ Այդ դեպքում մասնակցության իմաստը ո՞րն էր, եթե չէին միանալու հռչակագրի ստորագրմանը։
– Մասնակցությունը, հատկապես Հայաստանի պարագայում, ինչպես արդեն վերը ասվեց, ինքնին, Արևմուտքին տրված կարևոր քաղաքական ազդանշան էր։ Բովանդակային առումով պաշտոնական Երևանը կարող է ասել, որ մասնակցել է համաժողովին, որովհետև կարևորում է համապարփակ խաղաղության հասնելու ցանկացած ջանք և պատրաստ է իր ուժերի չափով աջակցել դրա հաստատմանը, իսկ փաստաթուղթը չի ստորագրել, քանի որ այն պատերազմն ավարտելու բավարար երաշխիքներ չի պարունակել։ Այսինքն՝ մասնակցելով՝ Արևմուտքին է շոյել, իսկ չստորագրելով՝ Մոսկվային։
– Պարո՛ն Մելիքյան, արդյոք այս համաժողովին մասնակցելը նշանակո՞ւմ է, որ Հայաստանը, ըստ էության, աջակցում է Ուկրաինային ու դեմ է Ռուսաստանին՝ այս հակամարտության համատեքստում։
– Փաշինյանի կառավարության այսօրինակ քայլերը դեռևս խորհրդանշական բնույթ են կրում։ Սրանք կարող ենք գնահատել որպես Արևմուտքին տրված քաղաքական ավանս, որի դիմաց պաշտոնական Երևանը, թերևս, ակնկալում է, որ երաշխիքներ կստանա Վաշինգտոնից՝ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման, անվտանգության ապահովման ու տևական խաղաղության հաստատման համար։ Չեմ կարծում, որ Փաշինյանի ակնկալիքներն իրատեսական են, բայց նաև տեսնում եմ, որ ինքն իր համար այլ տարբերակ չի թողել։
– Իսկ ի՞նչ հետևանքներ է այդ հանգամանքն ունենալու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա։
– Փաշինյանի գործողությունները Ռուսաստանի տարածաշրջանային շահերի հետ կապված անմիջական բացասական ազդեցություն չունեն։ Դրանք ընդամենը թույլ են տալիս Մոսկվային Հայաստանի իշխանությունների վրա բարդել մեր երկրի կենսական շահերը ոտնահարող սեփական կոնկրետ գործողությունները, ասել, որ հենց Հայաստանի իշխանություններն են Հայաստանի ապագան վտանգում։
Այն տեսակետն ունեմ, որ Ռուսաստանը սեփական շահերի շրջանակը վաղօրոք ձևակերպել է շատ ավելի լայն համատեքստում ու դեռևս մինչև Փաշինյանի վարչապետ դառնալը։ Հայ-ռուսական հարաբերությունների կոնկրետ բովանդակությունն ու ապագան կախված են լինելու առաջիկա մեկ-երկու տարիներին սպասվող տարածաշրջանային զարգացումներից։
– Պարո՛ն Մելիքյան, Հայաստանի գործող իշխանությունը բալանսավորված արտաքին քաղաքականություն վարո՞ւմ է։
– Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսավորումը, իմ կարծիքով, իրականացվում է արտաքին ազդեցության գործոնների միջոցով, և ես չեմ կարող ասել, որ այն, ինչ ունենք, Հայաստանի հստակ ձևակերպված շահերից բխող ինքնուրույն խաղ է։ Թերևս ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից վարվող առերևույթ քաղաքականությունը ներկայիս մեր իշխող դասի կորպորատիվ ու անձնական շահի ներդաշնակեցումն է միջազգային օրակարգ թելադրող կենտրոնների կողմից վարվող քաղաքականության հետ: Մերոնք անում են այն, ինչ իրենց ասվում է՝ առանց գործընթացների սեփական անկողմնակալ գնահատականն ունենալու, և, հետևաբար, նաև Հայաստանի պետական կառույցների կողմից սեփական շահերի արդյունավետ պաշտպանությունը կազմակերպելու հեռանկարի։
– Վերջերս նշել էիք, որ իշխանությունները խորհուրդներ չեն լսում, ու զարգացումներն ավելի արագ են ընթանալու հետայսու։ Ի՞նչ զարգացումներ նկատի ունեք, դրակա՞ն, թե՞ բացասական են լինելու դրանք Հայաստանի համար։
– Ասել էի, որ Հայաստանի ինչպես նախորդ, այնպես էլ գործող իշխանություններն անտեսում են մասնագիտական նախազգուշացումները։ Խորհուրդների պահանջ նրանք չեն ունեցել երբեք։ Բանն այն է, որ մասնագիտական խորհրդատվության առկայությունը կկաշկանդի քաղաքական առաջնորդների կամայական որոշում կայացնելու հնարավորությունը։
Նրանք նախ որոշումը կայացնում են, ապա ձեռնասուն «մասնագետներին» հրահանգ տալիս իրենց ընդունած այդ որոշումը «հիմնավորել»։ Իսկ զարգացումների արագացում ասելով նկատի եմ ունեցել այն, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում մեր տարածաշրջանում կարող են ակտիվանալ նոր կոնֆլիկտածին օջախներ, որոնց ազդեցությունը Հայաստանի վրա շատ զգալի կլինի։
Դրանք մեզ համար կարող են շատ մեծ ռիսկեր պարունակել։ Բայց եթե իշխանությունները, իրենց բոլոր թերություններով հանդերձ, ցանկանան վաղօրոք տեղներից շարժվել, ապա միգուցե հաջողվի այդ ռիսկերը վերափոխել մեզ համար դրական նոր հնարավորությունների։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am