«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, Իրանի փոխնախագահ Զարիֆի հրաժարականի պատճառն արդյոք կապվա՞ծ է Իրան-Իսրայել լարվածությա հետ, թե՞ ոչ։
– Ես հակված չեմ կարծելու, թե դա կապված է այդ լարվածության հետ, սա նախևառաջ ներքաղաքական հարց է, որովհետև Զարիֆի կերպարը միշտ է եղել աղմկահարույց, քննարկվող ու քննադատվող, ու նրա գործունեությունը միշտ ուղեկցվել է ներքաղաքական տարբեր խոչընդոտներով: Նա հենց ինքը մի այնպիսի կերպար է, որն իր քաղաքական գործունեության ընթացքում ի նշան բողոքի բազմիցս է դիմել հրաժարականների:
Այս անգամ նա հրաժարական է ներկայացրել, քանի որ Փեզեշքիանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել կառավարության նոր կազմը, որի հետ Զարիֆը այնքան էլ համաձայն չի եղել: Երբ Փեզեշքիանը նախագահի ընտրությունում հաղթեց, Զարիֆի գլխավորությամբ ձևավորվել էր ռազմավարական խորհուրդ, որը հենց 14-րդ կառավարության հնարավոր կազմի մշակմամբ էր զբաղվում, ու ինչպես Զարիֆն է նշել, այդ խորհրդի ներկայացրած կազմից միայն 10-ն են ընտրվել, մյուս 9 թեկնածուները չեն եղել խորհրդի ներկայացրած ցանկում, Փեզեշքիանը նրանց ներկայացրել է խորհրդարանի կամ այլ ուժերի հետ քննարկումների արդյունքում:
Համենայնդեպս, սա է հայտարարվող պատճառը, թե Զարիֆն ինչու է հրաժարական ներկայացրել, ընդ որում, այդ խորհրդի անդամներից մեկը ևս խոսել է այդ թեմայով ու իր դժգոհությունը հայտնել։ Այսինքն՝ Զարիֆի հրաժարականի պատճառը ներքաղաքական է, բացի այդ՝ նա նաև հայտարարել է, որ իր անձը նաև պատճառ էր, որ ճնշումներ գործադրեին նոր կառավարության վրա։
– Իսրայել-Իրան լարված այս հարաբերություններում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել։
– Իրանի խնդիրն առաջին հերթին եղել է պատերազմից խուսափելը, ու նա միշտ է փորձել դա անել, բայց ամեն անգամ Իսրայելը խաղադրույքները մեծացրել է, ու ամեն անգամ նա ստիպված է եղել դրան արձագանքել համարժեք կամ գոնե թվացյալ համարժեք։
Երբ Իսրայելը հարձակում գործեց Իրանի հյուպատոսարանի վրա, Իրանը ստիպված էր արձագանքել՝ իր տարածքից հարվածներ հասցնելով, որովհետև դա լարվածության ու Իրանի դեմ գործողությունների արդեն նոր մակարդակ էր: Այդ ժամանակ նա շեշտը դրեց ձևական մասի վրա, ցույց տվեց, որ պատրաստ է իր տարածքից հարվածներ հասցնել։
Հիմա Իրանին հասցված վնասն ավելի մեծ է, ու բարոյական առումով Իրանի հեղինակությանը լուրջ վնաս է հասցնում, հետևաբար այս անգամ էլ է Իրանը արձագանքելու և ստիպված է արձագանքել այնպես, որ մաքրի Իսրայելի հասցրած հարվածի վնասը։ Առայժմ Իրանից դեռ այդ պատասխան գործողությունը չի եղել, բայց Իրանից վստահեցնում են, որ այդ գործողությունը լինելու է, թե ե՛րբ ու ի՛նչ ձևաչափով՝ դժվար է ասել:
Դատելով, որ Իրանը դեռևս չի ձեռնարկել այդ գործողությունը, կարող ենք ենթադրել, որ նրանք առայժմ փորձում են հասկանալ, թե ինչ գործողություն կարող են ձեռնարկել, որպեսզի դրա հետևանքը պատերազմը չլինի, քանի որ իսկապես շատ մեծ է այդ վտանգը, որ դրա հետևանքով կարող է նաև լայնածավալ պատերազմ սկսվել: Գուցե դրա համար էլ իրանցիները փորձում են այնպիսի լուծում գտնել, որը կլինի և՛ իսրայելցիներին արժանի պատասխան, և՛ միաժամանակ չի հանգեցնի պատերազմի։
Ամեն դեպքում, Իրանի արձագանքը չի կարող ավելի թույլ լինել, որովհետևեթե ավելի թույլ արձագանք լինի՝ դա նշանակելու է, որ Իսրայելը շարունակելու է խաղադրույքները անընդհատ բարձրացնել ու լարվածությունը նոր մակարդակի հասցնել, որի դեպքում պատերազմն իսկապես անխուսափելի կլինի։
Բայց Իրանն էլ իր գործողություններում սահմանափակ է, հաշվի առնելով, թե ինչ տեսակի աջակցություն, այդ թվում՝ տարածաշրջանային աջակցություն կա Իսրայելին, իսկ այդ աջակցությունը Իրանն արդեն փորձարկել է ապրիլին, երբ հրթիռային հարվածներ հասցրեց ու տեսավ, թե ԱՄՆ-ն ինչպես է աջակցում, ինչպես են տարածաշրջանի երկրներից իրենց արձակած հրթիռները որսում։ Իրանը շատ բարդ իրադրության մեջ է հայտնվել տվյալ դեպքում։
– Տիկի՛ն Վարդանյան, այս ֆոնին ինչպիսի՞ն են Իրան-Ադրբեջան հարաբերությունները, շրջանառվեց այն լուրը, որ Իրանից հայտարարություն էր եղել, թե պետք է հարված հասցնել Ադրբեջանի տարածքում տեղակայված իսրայելական ռազմաբազաներին։
– Իրականում, պաշտոնական Իրանից նման հայտարարություն չի եղել, զուտ տելեգրամյան ալիքների մակարդակով է նման հայտարարություն տարածվել, բայց դրանք եղել են մասնավոր կարծիքներ կամ տվյալ ալիքի քարոզչական գրոհներից։ Պաշտոնապես Իրանից Ադրբեջանի թիրախավորման նման հայտարարություն չի եղել, գուցե հնչի հայտարարություն, որ իրենք պատրաստ են թիրախավորել տարածաշրջանում բոլոր այն հենակետերը, որտեղից իրենց դեմ ինչ-որ գործողություն կձեռնարկվի, բայց որ Իրանից անվանապես հայտարարեն, թե կթիրախավորեն Ադրբեջանը, Իրաքը կամ որևէ այլ երկիր, չի եղել նման հայտարարություն ու սովորաբար չի էլ արվում։
Գուցե Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության ֆոնին նման հայտարարություն անեն, բայց այժմ այս երկրների հարաբերություններում ընդհանուր հարաբերական անդորր է: Այստեղ պետք է հիշենք, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները ելևէջներով են՝ մի շրջանը հանգիստ է, մյուսը՝ լարված, հետևաբար, եթե հիմա անդորր է, ապա չի նշանակում, թե այդպես էլ շարունակվելու է, մանավանդ որ Իրան-Ադրբեջան այդ ելևէջային հարաբերությունների պատճառներից մեկը Իսրայել-Ադրբեջան հարաբերություններն են։
Եթե այս փուլում էլ Իսրայելը կարողանա Ադրբեջանի տարածքից որևէ գործողություն ձեռնարկել Իրանի դեմ, կամ Ադրբեջանը նման բան թույլ տա, բնականաբար, դա ազդելու է Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա։
– Իսկ հնարավո՞ր է, որ Ադրբեջանն օգտվի Իրան-Իսրայել լարվածությունից՝ Հայաստանի դեմ գործողությունների գնալու համար։
– Ես միշտ եմ ասում, որ անկախ Իրանի զբաղված լինել-չլինելուց, մենք պետք է միշտ այդ սցենարը նկատի ունենանք, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է մեծացնել ճնշումն ու դիմել Հայաստանի դեմ ռազմական գործողությունների, թեկուզ հենց այդ «միջանցքի» ծրագիրն իրագործելու համար, Իրանի զբաղված լինելը կարող է ուղղակի հավելյալ խթան լինել։
Նկատենք նաև, որ Իրանի դիրքորոշումն այդ հարցում, համենայնդեպս, չի փոփոխվել, ամենաբարձր մակարդակներում շարունակում է մնալ նույն, իսկ թե գործնականում ինչ կարող է լինել, դժվար է ասել՝ կախված կլինի նրանից, թե Իրանն ինչ վիճակում կլինի այդ ժամանակ։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am