Դա անբարոյական առաջարկություն է. Ալեն Սիմոնյանը մոտավորապես ասում է՝ եթե պետք է՝ դուք ձեզ զոհաբերեք, միայն չխանգարեք Հայաստանին. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Բաքվում գտնվող հայ ռազմագերիների թեման հատկապես վերջին օրերին ներհայաստանյան հիմնական թեմաներից է դարձել, բողոքի ակցիաներ տեղի ունեցան, այսօր էլ Ալեն Սիմոնյանն ասել է, որ իշխանությունը մշտապես զբաղվել է ռազմագերիների վերադարձի հարցով, բայց դա արել է լռելյայն, հակառակ դեպքում կվնասեին այնտեղ գտնվող անձանց: Իշխանության գործողություններն ինչպե՞ս եք գնահատում այս առումով, իսկապե՞ս հարցի բարձրաձայնումը կվնասի հայ ռազմագերիներին:

– Հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը պետք է լիներ հայկական օրակարգի առաջնային հարցերից մեկը, որովհետև ակնհայտորեն այդ ֆարսի վերածված դատավարությունը դատ է Հայաստանի դեմ: Մենք տեսնում ենք, չէ՞, մարդկանց խոշտանգելով ինչպիսի ցուցմունքներ են կորզում:

Ես չեմ տեսել, որ այս խնդիրը հայաստանյան օրակարգի առաջնահերթություն է, ճիշտ հակառակը կարող եմ ապացուցել բազմաթիվ փաստերով: 2024-ի օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ բացահայտորեն հեգնում կամ ծաղրում էր Ռուբեն Վարդանյանին: Բոլորս հիշում ենք մի տեսագրություն, որում Ալեն Սիմոնյանն ըստ էության խոստովանում էր, որ նման հարց գոյություն չունի իրենց օրակարգում, հետևաբար ես չեմ էլ տեսնում, որ իրենք, թեկուզ լռելյայն, բայց դա են առաջնահերթություն համարել: 

Այլ խնդիր է, որ Ռուբեն Վարդանյանի հետ կապված իրադարձությունները վերջին օրերին հասարակական հուզումներ առաջացրեցին Հայաստանում, որի արդյունքում էլ մեր ԱԳՆ-ն օրեր առաջ վերջապես մի հայտարարություն հրապարակեց, որը, անկեղծ ասած, զարմացրեց, որովհետև մինչ այդ ես այդ կարգի հայտարարություններ գրեթե չեմ լսել: 

Իսկ Ալեն Սիմոնյանի այսօրվա մեկ այլ ասած մոտավորապես պնդում էր, որ գերիները պետք է զոհողության գնան, որովհետև Հայաստանի շահն ավելի կարևոր է, բայց պետք չէ Հայաստանի քաղաքացու ու Հայաստանի շահերը հակադրության մեջ դիտարկել, այն էլ նման զգայուն թեմայի համատեքստում:

– «Եթե ես գերի ընկնեմ կամ ինքնաթիռում լինեմ, և հարց լինի Հայաստանի գոյության, խփեք այդ ինքնաթիռը՝ անգամ վայրկյան անգամ չմտածելով»,– Ալեն Սիմոնյանի այս հայտարարության նպատակն ու մեսիջները որո՞նք են ըստ ձեզ:

– Դա անբարոյական մի առաջարկություն է, ինքը մոտավորապես ասում է՝ եթե պետք է՝ դուք զոհաբերեք ձեզ, միայն թե ձեր խնդիրը չխանգարի Հայաստանին: Սա կեղծ դիսկուրս է, որովհետև պետությունը ուժեղ է իր քաղաքացիներով, այդ ի՞նչ վերբալ, վիրտուալ պետական շահի մասի է խոսում, ես չեմ հասկանում: 

Երկրորդը՝ այդ քաղաքական լուզերները, ամեն ինչ ձախողելով հանդերձ, նույնիսկ իրենց պաշտոնները չեն զոհաբերում հանուն Հայաստանի, էլ ուր մնաց կյանքերը զոհաբերեն: Այդ «քաջերը» նոյեմբերի 9-ից հետո ծլկել էին, մտել բունկեր ու դուրս չէին գալիս, հիմա մեծ-մեծ հոխորտում են, ուրիշի կյանքերի վրա ղումար են խաղում իրենց արտահայտություններով: Ամեն ինչ ձախողել եք, հանուն Հայաստանի պետք չէ կյանք զոհաբերել, ձեր աթոռները զոհաբերեք:

– Օրեր առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Փաշինյանին առաջարկել էր դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր բանակցությունները, քանի դեռ հայ ռազմագերիներին չեն վերադարձրել: Ալեն Սիմոնյանի բնորոշմամբ՝ սա կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացին: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին:

– Պարոն Օսկանյանի առաջարկությունը մի քիչ խիստ է, Հայաստանը չունի այդ ռեսուրսը, որ բոլոր բանակցային հարթակներում դադարեցնի գործընթացը, այդ դեպքում Հայաստանը կարող է մեղադրվել ոչ կառուցողական դիրքորոշման համար: Պետք է բանակցություններում որպես առաջանահերթություն դնել հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը, օրինակ՝ այդ հարցը ներառել խաղաղությանն առնչվող նախապայմանների մեջ կամ հենց փաստաթղթում, որովհետև դա շատ կարևոր հարց է: 

Ես ուրիշ առաջարկ կանեմ. Հայաստանը պետք է վերադառնա նոյեմբերի 9-ի հայտարարության ֆորմատ, որում ռազմագերիների ազատ արձակման մասին կետ գոյություն ունի, այսինքն՝ դա միակ ֆորմատն է, որը թույլ է տալիս այդ հարցը լուծել, գոնե այդ հարցը փակված չէ: 

– Պարո՛ն Սուրենյանց, Հայաստանում մի շերտ կա, որ այն մարդկանց, որոնք առաջարկում են վերադառնալ նոյեմբերի 9-ի հայտարարությանը, մեղադրում են ռուսական շահ սպասարկելու համար՝ նկատի ունենալով այդ հայտարարության 9-րդ կետը:

9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

– Ինձ վաղուց են մեղադրում, իսկ ո՞ւր են իրենց արևմտյան հարթակները, ո՞ւր է արևմտյան այն պետությունը, որը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար: Ինձ ու իմ գործընկերներին մեղադրող մարդիկ Հայաստանին դրել են թուրք-ադրբեջանական աքցանի մեջ ու կատարում են Ալիևի ու Էրդողանի բոլոր պահանջները: Եթե իրենք ինձ ռուսահպատակ են համարում, ինչն իրականությունից շատ հեռու է, ապա իրենք էլ թրքահպատակ են: 

Ակնհայտորեն այդ կետը կամ «Զանգեզուրի միջանցքը» շրջանառությունից դուրս չի եկել, դա օրակարգում է մնացել, ավելին՝ Ադրբեջանը Միլի մեջլիսի փոխնախագահ Ասկերովի բերանով դա պայմանագիրը ստորագրելու նախապայման համարեց, այլ խոսքով՝ առաջարկեց «խաղաղության պայմանագիր՝ միջանցքի դիմաց» բանաձևը, ընդամենը մեկ շաբաթ առաջ: Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցքի մասին խոսք չկա, այնտեղ ռուսական վերահսկողությամբ ճանապարհի մասին է խոսքը, վախենամ, որ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն ու մյուսներն են խոսում միջանցքի մասին: 

Օրինակ՝ Սիմոնյանը անցած քառօրյային խոսում էր ապրանքների, բեռների տեղափոխման մասին, որոնք չեն բացվում, հենց դա է միջանցքը, ոչ թե այն, ինչ նկարագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում: Բայց երբ ես ասում եմ՝ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի համատեքստ, ես չեմ ասում վերադառնալ ու անվերապահորեն կատարել այն պահանջները, որոնք բխում են Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերից, թող Հայաստանը փոխադարձության սկզբունքով ինչ-որ բաներ առաջարկի: 

– Այս պահին մասնակից կողմերը համաձա՞յն են վերադառնալ այդ փաստաթղթին:

– Ադրբեջանը՝ ո՛չ, որովհետև հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզն է: Դրա համար էլ Ալիևը հրաժարվեց բոլոր հարթակներից ու հիմա գծել է Հայաստանի կապիտուլյացիայի ծրագիրը, ինչը խելոք կատարվում է Փաշինյանի կողմից, ընդհանրապես, Փաշինյանը դասական իմաստով Հայաստանի վարչապետը չէ, նա Ալիևի փոխանորդն է Հայաստանում:

– Պարո՛ն Սուրենյանց, հիմա ունենք այն, ինչ ունենք, այս իրավիճակում հայ ռազմագերիներին ի՞նչ է սպասում:

– Մեր աչքի առաջ այդ մարդիկ ուղղակի խոշտանգվում են, ու ես վախենում եմ կանխատեսել, որ եթե այդ մարդիկ մի քանի ամիս ևս մնան Բաքվի բանտում՝ ինչ է տեղի ունենալու, չեմ ուզում մռայլ կանխատեսում անել: Ինձ առաջինը այդ մարդկանց առողջությունն է հետաքրքրում, իսկ Բաքվի բանտում նրանք դանդաղ մահանում են՝ խոշտանգվելով: Երկրորդը՝ այդ մարդկանցից այնպիսի ցուցմունքներ են կորզվում Հայաստանի դեմ, որոնք կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ մեր պետականության համար:

Քրիստինե Աղաբեկյան 

MediaLab.am