«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը
– Պարո՛ն Ղուկասյան, որոնք էին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում ելույթի մեսիջները: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու՝ իրեն ուղղված մեղադրանքներին, նա ասել է՝ «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք», ի՞նչ նկատի ունի պարոն Սարգսյանը:
– Հիմնականում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից կա կոնկրետ մեղադրանք, որ Հանրապետական կուսակցությունը առանձնահատուկ քաղաքական պատասխանատվություն ունի Նիկոլ Փաշինյանին 2018 թվականի մայիսի 2-ին վարչապետ ընտրելու հարցում: Եթե Հանրապետական կուսակցությունը 2018-ին, խորհրդարանում քվորում չապահովեր, պետք է նշանակվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց ՀՀԿ-ն չգնաց այդ ճանապարհով, ու հետագայում Սերժ Սարգսյանն ասաց, թե իրենք պայմաններ են դրել Նիկոլ Փաշինյանի առաջ՝ քաղաքական կուրսի, արտաքին հարաբերությունների՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու ու Արցախի հարցի վերաբերյալ:
Այս ամենը, ըստ էության, հիմք հանդիսացավ այդ մեղադրանքի համար, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իրավահաջորդն է եղել, քաղաքական համաձայնություն է եղել ՀՀԿ ղեկավարության ու Փաշինյանի միջև: Կողմերի հետագա գործունեությունն էլ նման քննադատությունների հիմք տվեց, իսկ Սերժ Սարգսյանի համար ՀՀԿ հարթակը շատ կոմֆորտ էր արդարանալու համար, որովհետև այնտեղ ոչ մեկը չէր կարող նրան հակադարձել կամ կասկածի տակ դնել ասածները: Գեղարվեստական ձևով փորձեց հերքել այն քաղաքական պատասխանատվությունը, որը ՀՀԿ-ն ունի այն բանի համար, որ 2018 թվականին ոչ թե արտահերթ ընտրություններ եղան, այլ ՀՀԿ-ն ապահովեց Փաշինյանի ընտրվելու համար քվորում:
– ՀՀԿ գերագույն մարմնի անդամները աննահանջ պայքար խոստացան՝ չնայած բոլոր դժվարություններին, սա կարելի՞ է դիտարկել 2026 թվականի հերթական ընտրություններին ակտիվ մասնակցության հայտ:
– Կարծում եմ, որ դրանք հերթապահ հայտարարություններ են, Հայաստանում քաղաքական գործիչները միշտ պայքարի մեջ են՝ անկախ նրանից՝ տանն են, թե դրսում:
– Պարո՛ն Ղուկասյան, կարծում եք, որ հաջորդ տարի կայանալիք հերթական ընտրություններին ՀՀԿ-ն շանսեր չունի՞:
– Հարցումները միակ հենարանն են, որից մենք կարող ենք հետևություններ անել, անցյալ տարի International Republican Institute-ը (IRI) հարցում անցկացրեց, ու ՀՀԿ-ն չնչին տոկոս արձանագրեց, իսկ նման ընտրական տրամադրություններով մեծ արդյունքներ սպասել անհնար է:
– Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ դուք էլ եք համակարծիք պնդմանը, որ ՀՀԿ-ն մեծապես նպաստել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն:
– Ես կարծում եմ, որ եթե 2018 թվականին արտահերթ ընտրություն անցկացվեր, ապա քաղաքական ուժերի դասավորությունը բոլորովին այլ կլիներ: Այո՛, կարծում եմ, որ որոշումը՝ իշխանությունը հանձնել Փաշինյանին, նպաստավոր եղավ «Քաղաքացիական պայմանագրի» համար, ինչն էլ մեծ ազդեցություն ունեցավ հետագա զարգացումների վրա:
– Պարո՛ն Ղուկասյան, իսկ Քոչարյան-Սարգսյան թիմերի անթաքույց մեղադրանքները միմյանց հասցեին ինչո՞վ են պայմանավորված:
– Մոտենում են ընտրությունները, դիրքավորվում են բոլորը, իսկ նրանց ընտրազանգվածը գրեթե նույնն է, ու իրենք մրցակցում են այդ ձայների համար, այդ առումով պետք է դրսևորեն մրցակցային կեցվածք, ինչն էլ տեսնում ենք:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am