Իրավունք. 22 ամիս ադրբեջանական անմարդկային գերության մեջ անցկացրած Արթուր Բադալյանի դիմումը գրանցվել է Եվրոպական դատարանում

Իրավունք. 22 ամիս ադրբեջանական անմարդկային գերության մեջ անցկացրած Արթուր Բադալյանի դիմումը գրանցվել է Եվրոպական դատարանում
Իրավունք. 22 ամիս ադրբեջանական անմարդկային գերության մեջ անցկացրած Արթուր Բադալյանի դիմումը գրանցվել է Եվրոպական դատարանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վանաձորի Ռազմավարական դատավարությունների կենտրոն իրավապաշտպան ՀԿ-ին ծանուցմամբ հայտնել է, որ ադրբեջանական գերության մեջ շուրջ 2 տարի մնացած եւ անմարդկային զրկանքներ կրած Արթուր Բադալյանի դիմումը գրանցվել է համապատասխան համարի տակ:
Ծանուցագրի մեջ նշված է, որ եվրոպական դատարանը հնարավորինս արագ, սեղմ ժամկետներում քննության կառնի դիմումի ընդունելության հարցը:

Վանաձորի Ռազմավարական դատավարությունների կենտրոն իրավապաշտպան ՀԿ-ն այս տարվա օգոստոսին հայցադիմում էր ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ շուրջ 22 ամիս ադրբեջանական գերության մեջ մնացած Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանի նկատմամբ խոշտանգումներն ու անազատության մեջ պահելը ՄԻԵԿ 3-րդ և 5-րդ հոդվածների խախտումներ ճանաչելու պահանջով:

Կազմակերպության նախագահ, փաստաբան Էդմոն Մարուքյանը նշում է, որ Արթուրին պահելով գերության մեջ՝ ադրբեջանական կողմը խախտել է «Մարդու իրավունքների և հիմանարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը եւ եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որի համաձայն` ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Հիշեցնենք, որ 2009 թ. մայիսի 9-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը ընկերներով գնացել էր սունկ հավաքելու և, Բերդի շրջանում առանձնանալով ընկերներից, մոլորվելով՝ թշնամու ձեռքն ընկել:

«Մեկն ինձնից հայերենով սիգարետ ուզեց, տվեցի: Էլ ոչ մի բառ չասաց: Միայն ռուսերեն ասաց՝ մի´ վախեցիր: Հետո եկան մի քանի հոգի ու ինձ տարան,-հիշում է նա: – Ավելի վատ բաներ անցան մտքովս: Մտածեցի, որ էլ չեմ վերադառնա, գնում եմ բայրամի ու ինձ տանում են մորթելու»:

Ադրբեջանցիներն Արթուրին նախ տարել են սահմանակից գյուղի զորամաս, ապա` Ղազախ, Բաքու, հետո` նորից Ղազախ:

2 տարվա ընթացքում գերուն չեն թույլատրել զբոսնել, շատ հաճախ Արթուրը բնական կարիքները հոգացել է հենց այն խցում, որտեղ ապրել է: Գերու անձնական հիգիենան ապահովել են 2-3 ամիսը մեկ՝ դրսում՝ հիշում է` ցուրտ եղանակին սառը ջրի շիթը պահելով նրա մարմնին:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս հարցի առաջադրումն ու նման դիմումի քննարկումը եվրոպական դատարանի կողմից իրավական պրակտիկայում նախադեպային է համարում:

«Ղարաբաղյան հակամարտությունից տուժածների խնդիրները դառնում են քաղաքական շահարկման առարկա, եւ ոչ թե տարանջատվում: Սրանով քայլ է կատարվում դեպի տարանջատում»,-համոզված է Սաքունցը:

Ըստ իրավապաշտպանի՝ այս գործընթացը կարող է էական ազդեցություն ունենալ հակամարտության ժամանակ մարդկանց իրավունքների պահպանման ապահովման խնդրի լուծման տեսակետից:

Փաստաբաններն ասում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից գործի վարույթն ընդունելու համար առնվազն 1,5-2,5 տարի կպահանջվի:

«Կունենանք իրավական մի փաստաթուղթ, որի օգտագործմամբ հնարավոր կլինի կանխարգելիչ գործողություններ կատարել՝ մարդու իրավուքնների հնարավոր խախտումներից խուսափելու համար»,-հույս ունի Արթուր Սաքունցը:

 

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am

Կարդացեք նաև`

«Ադրբեջանցիներն իրենց արածների համար պատասխան պիտի տան, պիտի ասեն՝ թե ինչի են ինձ 2 տարի պահել գերության մեջ». Արթուր Բադալյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Գերության 22 ամիսներ. Ադրբեջանից վերադարձած գերին՝ փշալարերից այն կողմում ապրած սարսափների մասին