Անհասանելի կյանք. Հաշմանդամություն ունեցողների առջեւ դռները փակ են Հայաստանում

Անհասանելի կյանք. Հաշմանդամություն ունեցողների առջեւ դռները փակ են Հայաստանում
Անհասանելի կյանք. Հաշմանդամություն ունեցողների առջեւ դռները փակ են Հայաստանում

Անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող մարդիկ մարզերում չեն կարողանում ազատ տեղաշարժվել:
Խնդիրն այն է, որ մայրաքաղաքից դուրս խանութները, թանգարանները եւ պետական հիմնարկներն անհասանելի են նրանց համար:
Հաշմանդամների իրավունքների պաշտպանության համար պայքարող ակտիվիստները պնդում են, որ խնդիրը պետք է լուծվի պատկան մարմինների կողմից, մինչդեռ տեղական իշխանությունները նշում են, որ պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվում պետական շինություններում թեքահարթակներ կառուցելու եւ այլ հարմարություններ ստեղծելու համար:
«Մասնավոր սեկտորն այսօր հաշմանդամություն ունեցող մարդուն չի դիտարկում որպես պոտենցիալ սպառող: Եթե կան ցուցասրահներ, սրճարաններ կամ այլ ժամանցի կենտրոններ, որոնք քիչ թե շատ հարմար են հաշմանդամություն ունեցող մարդկանց, ապա դա պարզապես պատահականություն է: Հիմնականում մարդիկ են հարմարվում միջավայրին, քան միջավայրն են հարմարեցվում տարբեր դժվարություններ ունեցող անձանց», – նկատում է Զառա Բաթոյանը՝ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատուն:

Չնայած նրան, որ Զառան տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ ունի, դա նրան չի խանգարում, որպեսզի ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվի: Իսկ ահա ժամանց կազմակերպելու հարցում նրան օգնում են ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատ մարդիկ:

«Ես սիրում եմ ազատ ժամանակ ընկերներիս հետ ուրախանալ, գնում եմ ժամանցի տարբեր վայրեր, որտեղ ջերմ է եւ ամենակարեւորը` կան ազատ տեղաշարժվելու հնարավորություններ: Ինձ միշտ ուղեկցում են մտերիմ եւ հարազատ մարդիկ, ովքեր օգնում են ինձ հաղթահարել որոշ անհարմարություններ», – պատմում է Զառան:

Զառայի խոսքերով՝խնդիրն ավելի սուր է արտահայտված հատկապես մարզերում. «Եթե մայրաքաղաքում, այնումենայնիվ, հաջողվում է տարբեր միջոցառումների միջոցով պայքարել, որ կառույցներն ունենան թեքահարթակներ, այս իմաստով մարզերում անելիքներ դեռ շատ կան»:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով`հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար փողոցների, բնակելի եւ հանրային օգտագործման շենքերի`այսուհետ հաստատման ներկայացված շինարարական բոլոր նախագծերում, որպես պարտադիր նորմ, պետք է ներառվեն նաեւ թեքահարթակներ:

Մարզպետարաններից եւս տեղեկացնում են, որ բոլոր նոր կառուցվող շինությունների համար քաղաքաշինական պարտադիր նորմ է ընդունվել, որպեսզի նրանք ունենան համապատասխան պայմաններ`սայլակներով տեղաշարժվելու համար:

Այնուամենայնիվ, Սյունիքի մարզպետարանի սոցիալական վարչության բաժնի պետ Արամ Շահնազարյանը հայտնում է, որ թեքահարթակներ կառուցելու համար պարզապես բավարար գումար չկա:

Ըստ Շահնազարյանի՝ Կապանում թեքահարթակներ կան մեկ դպրոցում, մշակույթի տանը, հիվանդանոցում եւ պոլիկլինկայում, չնայած նշված վայրերում միայն առաջին հարկն է հասանելի սայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող մարդկանց:

Գյումրիում բնակվող հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես խնդիրների եւ սահմանափակումների հետ են բախվում:

Գյումրու «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի նախագահ Կարինե Գրիգորյանը հայտնում է, որ քաղաքում ժամանցի կենտրոններն անմատչելի են անվասայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Անվասայլակից օգտվող անձն անհրաժեշտության դեպքում չի կարող ինքնուրույն գնալ քաղապետարան, պետք է, որ ինչ-որ մեկը ուղեկցի նրան, քանի որ առկա թեքահարթակները չեն համապատասխանում ստանդարտներին, եւ շենքում էլ չկա վերելակ», – ավելացնում է Գրիգորյանը:

«Մեր կազմակերպությունը միշտ կանգնում է խնդրի առջեւ, երբ ցանկանում ենք մեծամաշտաբ միջոցառում կազմակերպել մշակութային որևէ վայրում: Միակ կառույցը Գյումրու դրամատիկական թատրոնն է, որը շենքի հետնամասից ունի թեքահարթակ, սակայն վերջինիս առկայությունը բավարար չէ, որ անվասայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձիք կարողանան օգտվել, քանի որ չկա համապատասխան ներքին մատչելի միջավայր` հատուկ նստելատեղեր, սանահանգույց եւ այլն», – նշում է կենտրոնի տնօրենը:

Ինչ վերաբերում է մարզպետարանին, որի վերանորոգման աշխատանքները 2012-ի սկզբին են ավարտվել, այն կրկին անմատչելի է, նույնիսկ չկա արտաքին թեքահարթակ:

«Գյումրու ժամանցի բոլոր վայրերը` սկսած սրճարաններից, մշակութային վայրերից եւ զբոսայգիներից, մատչելի չեն անվասայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Հիմնականում նման վայրերում միայն աստիճաններ են եւ ամռան տապին հնարավոր չի լինում անգամ մի բաժակ սուրճ կամ հյութ ընպել որեւէ սրճարանում», – անկեղծանում է «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի նախագահ Արմինե Նիկողոսյանը. նա նույնպես տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ ունի:

«Ամենացավալին այն է, որ խանութները եւս անմատչելի են մեզ: Նախաձով նայում ենք, սակայն չենք կարողանում ներս մտնել, գնումներ անել», – սրտնեղում է Նիկողոսյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարության հաշմանդամների ու տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի եւ հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը շեշտում է, որ թեքահարթակներով հատկապես պետական հաստատությունները վերազինելու գործընթացը 2012թ-ի վերջերից սկսել է պետության համար կարեւորագույն խնդիր համարվել:

«Պետք է ասեմ, որ երկար ժամանակ եւ, իհարկե, բավական գումար կպահանջվի պետական կառույցները հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար մատչելի դարձնելու գործընթացի համար»:

Այսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 181 հազար մարդ, սակայն անվասայլակներով տեղաշարժվող անձանց թիվն անհայտ է:

Այս տարվա բյուջեի ավելի քան 42 տոկոսը նպատակաուղղված է սոցիալական ապահովության, ինչպես նաեւ կրթական, առողջապահական ծրագրերի իրականցման համար, մինչդեռ 2012-ին այս ծրագրերի համար հատկացվել էր բյուջեի 48.3 տոկոսը։

Թե կոնկրետ այս գումարի որ մասն է հատկացվում սոցիալական ապահովության ոլորտին, մասնավորապես`թեքահարթակների կառուցմանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից դժվարանում են հարցին պատասխանել։

«Մենք չենք տիրապետում թվերին, թե տարեկան ինչքան թեքահարթակ է կառուցվում, սակայն վստահեցնում ենք, որ այս տարի ավելի շատ հաստատություններ կունենան թեքահարթակներ, ցանկացած ոլորտ՝ լինի կրթական, առողջապահական ինքն է զբաղվում իր հիմնարկները թեքահարթակներով համալրելու ծրագրերով», – հավելեց Կարմեն Պետրոսյանը։

Գայանե Ասրյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: www.iwpr.net