«Իմ քաղաքական դիրքորոշումը դիահերձումն է». Մհեր Արշակյան

«Իմ քաղաքական դիրքորոշումը դիահերձումն է». Մհեր Արշակյան
«Իմ քաղաքական դիրքորոշումը դիահերձումն է». Մհեր Արշակյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է լրագրող, հրապարակախոս, բանաստեղծ Մհեր Արշակյանը, որը օրեր առաջ արժանացավ քաղաքական արվեստի «ՑԵՑ» մրցանակի։

– Ձեր հրապարակախոսությունը, թերևս, մեդիադաշտի ամենաընթեցվող նյութերից է: Դուք Ձեր հրապարակախոսությունը համարո՞ւմ եք քաղաքական արվեստի նմուշ:

– Շատ հավակնոտ կլինի իմ հրապարակախոսությունը կոչել քաղաքական արվեստ: Թեպետ տեքստը միշտ արվեստի հավակնություն է։ Իմ տեքստը պարզապես իմ սարսափն է առօրյա խոսքից, որով լցված է կյանքը: Քաղաքականի հետ կռիվ չունեմ, որովհետև կողմնորոշիչ տեքստեր են դրանք։ Արվեստի մասով լուրջ կասկածներ կան։

– Երբ զրուցում եմ նկարիչների, երգիչների հետ, միշտ հարցնում եմ` ինչո՞ւ փերֆորմանս չեք անում, որովհետև այս ժամանակներում մի տեսակ իմաստը կորցրել է` երաժշտությունը` համերգասրահում, նկարը` պատկերասրահում: Արտակը Գևորգյան, որ տանկ էր քշել ԱԱԾ շենքի վրա, կամ Գևորգը Սաֆարյան, որ եղևնու ճյուղեր էր հագել Ազատության հրապարակում` այս տղաները կոնկրետ ակտ են արել` քաղաքական արվեստի ակտ, որն արձագանք և հետևանք է ունեցել:

– Նրանց արածը քաղաքական դիրքորոշման արտահայտություն է, բայց արվեստ չէ: Այդ տղաների արածն արվեստ է այնքանով, որքանով նրանք միակն են իրենց փերֆորմանսի մեջ: Ես մի քիչ կասկածանքով եմ վերաբերվում քաղաքական և արվեստ հասկացությունների համատեղությանը։ Ինձ համար քաղաքական արվեստ է, ասենք, բանաստեղծությունը, որի համար կարող են հետապնդել հեղինակին։ Բանաստեղծությունը մաքրում է հասարակության միտքը, որից հետո միտքը պատրաստ է քաղաքականությանը, մարդասիրությանը, բնապահպանությանը, կնոջ հանդեպ հարգանքին:

Արվեստագետի գործը հասարակության միտքն այնպես մաքրելն է, որ իշխանության մտքով չանցնի խաբել հասարակությանը: Կարծում եմ` քաղաքական արվեստ որպես այդպիսին, չկա: Կա ազնվություն: Տղերքն ինչո՞ւ են փերֆորմանս արել` որովհետև ինչ-որ մեկը ստել է: Նրանց փերֆորմանսն ստեղծվել է ընդդիմություն այդ ստին:

Գևորգը եղևնիներ է հագել, որովհետև ինչ-որ մեկը խանգարել է մեկի նոր տարին: Կարծում եմ` դերասանի գործը հենց խաղալն է: Դերասանը կարող է քաղաքական դիրքորոշում հայտնել հարցազրույցի ժամանակ` ասենք, որ ինքը չի հասկանում, թե ինչպես կարող է չընտրված մարդը լինի նախագահ: Բայց բեմում նա պիտի Շեքսպիր խաղա: Եվ իր խաղը նայողը հարցազրույցում ասվածը կգտնի ներկայացման մեջ: «Ռոմեո և Ջուլիետի» մեջ նա կգտնի ամենաքաղաքական տեքստերը: Փողոցը չի ստեղծվել քաղաքական արվեստի համար:

– Բայց Ռոմեոն ոչ թե տաքուկ ու հարմար մի տեղից, այլ փողոցից` Ջուլիետի պատշգամբից` գուցե մի ձեռքով կախված էր նրան ասում` «Եթե կասկածես լուսնի վրա, սիրուս վրա, օ~, մի՛ կասկածիր»:

– Բայց փողոցից չէր ասում, այլ աղջկա դղյակից:

– Իսկ եթե դղյակում նրան բռնեին, ի՞նչ կլիներ:

– Իսկական փերֆորմանս:

– Դա էր ասածս` քաղաքական արվեստը, փերֆորմանսը գին ունի: Կյանքի, ազատության, առողջության գին: Եվ միայն այդ գնով է հնարավոր որևէ բան փոխել` իրավիճակ կամ մտածողություն:

– Բայց գին ունի նաև բանաստեղծությունը, տեքստը։ Ժամանակին դրա համար սպանում էին։ Իսկ հիմա հասկացել են, որ բանաստեղծությունը փողոց հանելու բան չէ, ինքը` բանաստեղծությունը, չի սիրում նման բաներ։ Եղևնիով հագուստը փողոց դուրս չբերվող բանաստեղծությանը փոխարինող խոսքն է։ Միջնորդ չէ բանաստեղծության և իշխանության միջև, բայց խոսք է։ Թղթե տանկը նույնպես խոսք է։ Նաև՝ խաղ։ Դուք սրան ասում եք քաղաքական արվեստ։ Ուզում եմ մտածել, որ այդպես ավելի լավ է, քան ասել, որ նման բաները բանաստեղծություն են։ Այդպես լավ է, որովհետև նոր խոսք է, էդ խոսքի մեջ կրթություն կա։

– Ես հաճախ բռնեցնում եմ ինձ այն մտքի վրա, որ գրածս ու ասածս հարմար են այդ պահի համար, բայց մեծ հաշվով իրավիճակ չեն փոխում: Դուք, օրինակ` Ձեր աշխատանքի արդյունքն զգացե՞լ եք ընթերցողի արձագանքից, հավանել-չհավանելուց զատ:

– Ես կասկածում եմ, թե մարդիկ կարդում են գրածներս: Նկատել եմ, որ ինչ-որ մարդիկ արձագանքում են, համաձայն են, նույնիսկ կարող են զարգացնել գրվածը, որովհետև ինձ հեշտ է լրացնելը, հեշտ է չհամաձայնելը, հեշտ է զարգացնելը: Իշխանությունը դեռ ուժեղ է առանձին վերցրած մեկ լրագրողից և ամբողջ լրագրողական համայնքից: Իշխանությունն ուժեղ է, որովհետև նրա գործիքներն այլ են` սկսած փողից, վերջացրած զենքով:

– Ի՞նչ արժի լրագրողի քաղաքական դիրքորոշումը: Կոնկրետ Ձեր քաղաքական դիրքորոշումն ի՞նչ է արժեցել` հնարավորությունների, լավ կյանքի, նոր լիցքեր ստանալու:

– Լավ կյանքը բացառվում է` ուզում ես Լարի Քինգը եղիր, Պոզները եղիր, Գորդոնը եղիր, թեպետ նա վերջերս աչքիս ալա-բուլա է երևում: Հայաստանում լրագրությունը լավ կյանքի հայտ չէ: Լրագրությունը նույնիսկ լրագրություն չի:

– Ինչո՞ւ:

– Ամեն ինչ ենթադրում է ազդեցություն, որը ծնում է իրավիճակ կամ իրականություն: Երբ հավաքարարը փողոց է մաքրում, դա նույնն է, երբ գիրք ես կարդում, որովհետև մաքուր փողոցը կրթություն ու մշակույթ է: Լրագրությունը նույնպես կրթություն ու մշակույթ է այն իմաստով, որ հասարակությանը պատմում է մի բան, ինչի մասին նա մեկ րոպե առաջ չգիտեր: Բայց մենք եղանակ ստեղծող չենք: Մենք Սիզիփոս ենք` անընդհատ անում ենք նույն բանը` անընդհատ նույն ասելիքով:

– Համարենք` ես կամ որևէ մեկը չի կարդացել Ձեր հրապարակախոսությունը` ո՞րն է Ձեր քաղաքական դիրքորոշումը:

– Իմ քաղաքական դիրքորոշումը դիահերձումն է: Իշխանությունն արդեն մարտահրավեր է քաղաքացուն, նա ռեպրեսիվ ձեռագիր ունի: Նրանից սպասելի է ցանկացած սուտ։ Նա ստելով է եկել։ Քաղաքացին հավատացել է այդ ստին։ Կամ հակաքայլ չի ունեցել ու հանձնվել է։ Ես հերձում եմ մարտահրավերը։ Որպեսզի հաջորդ անգամ քաղաքացին փորձության չենթարկի իր հավատը։

– Նույնքան բծախնդի՞ր եք սուտը չհանդուրժելու հարցում, երբ այդ նույն քաղաքացին, իշխանության հանդեպ ողջ դժգոհությամբ հանդերձ, ընտրակաշառքով վաճառում է իր քվեն և ձևավորում իր քաղաքական օրակարգը:

– Այստեղ փոքրիկ խնդիր կա: Ես քաղաքացուն դատապարտողը չեմ:

– Սուտը չհանդուրժելու իմաստով եմ հարցնում:

– Սուտը միշտ կուշտ է և հասարակությանը մատուցվում է միշտ կուշտ վիճակում: Սուտը միշտ շքեղ է: Եվ քաղաքացին Մաքիավելին չի, Ռուզվելտը չի, Չերչիլը չի, որպեսզի անմիջապես ըմբռնի այդ սուտը: Նա իր բնազդներն ունի, իհարկե, բայց քանի որ սուտը ներկայանում է կուշտ ու շքեղ, քաղաքացին հակված է խաբվելուն: Մի ուրիշ բան էլ կա: Որպեսզի մարդուն կարողանաս ուտեցնել սուտը, նրան պիտի զրկես բոլոր քաղաքացիական ու քաղաքական ընկալումներից, որոնցով ձևավորվում է պետությունը: Հանիր մարդու միջից պետությունը, և նա ցանկացած անբարոյականության հետ կհաշտվի:

Սուտը պետության ՍՊԻԴ-ն է: Այդ իմաստով Հայաստանի Հանրապետությունն ամբողջ շքեղությամբ պատրաստ է ոչնչանալ: Հայաստանի Հանրապետությունը ոչնչացման հայտ է: Մենք անշեղորեն ենք գնում դեպի կործանում: Մենք բացարձակապես կորցրել ենք տեսադաշտ ունենալու կողմնորոշումը: Մենք կործանվելու նպատակ ունենք, և դա անում ենք հաճույքով, որովհետև պետության միջից հանված են ապրելու բոլոր զգացումները:

– Ձեր կարծիքով` լրագրությունը տեղեկացնելուց ու արդեն պատահածը հերձելուց բացի ընդհանրապես իրավիճակ չի՞ փոխում:

– Տեսեք` Հակոբ Հակոբյանը լրագրողական ջանքերի շնորհիվ նկատողություն ստացավ աղքատների մասին բլթացնելու համար: Դրանից, իհարկե, Հակոբ Հակոբյանը ոչինչ չկորցրեց: Այդ նկատողությունը ոչինչ է: Բայց Հակոբ Հակոբյանն էլ չի խոսի: Դա նշանակում է, որ ՀՀԿ-ն չի ունենա բլթացնելու նախկին ազատությունը: Բլթացնելն էլ հավակնոտ է ասված, որովհետև Հակոբ Հակոբյանը ճիշտ էր ասում:

Նա կլռի, բայց իր բարձրացրած հարցը չի լուծվի. սա է լրագրությունը: Իսկ ինչո՞ւ իշխանությունը պիտի լուծի այդ հարցը: Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը պիտի հաշվի նստի լրագրողի հետ, եթե նա ընտրված չէ։ Ես սա կարող եմ ասել որպես լրագրող, որպես ֆաշիստ, որպես լիբերալ, որպես աղքատ, որպես հարուստ, որպես մահմեդական, որպես քրիստոնյա, որպես ճգնավոր: Այս ամենն իմաստ չունի։ Ինքն ինձ խաբում է` իրեն ինձանից վեր դասելով։ Ինքը մտածում է, որ ունի նախևառաջ խաբելու իշխանություն։

– Անպատասխանատու վիճակ չէ՞, երբ դերասանը բողոքում է վատ ներկայացումներից, քաղաքական գործիչը` վատ քաղաքականությունից, խոհարարը` վատ կերակուրներից, երկու լրագրող` քաղաքական օրակարգ փոխելու անկարողությունից:

– Մեդիան քաղաքական օրակարգ է սահմանում իր ամենօրյա աշխատանքով: Մեդիայի քաղաքական օրակարգն իր ազնվությունն է: Մեդիան ուրիշ օրակարգ չունի: Հրապարակախոսի օրակարգը եղած ազնվությանը ևս մեկ միտք, մեկ բովանդակություն, մեկ ոճ ավելացնելն է: Ախր ավելի հանճարեղ իշխանություն հնարավոր չէ պատկերացնել:

Չնայած` դժվար է չլինել «հանճարեղ», երբ բոլոր գործիքները քո ձեռքին են: Իշխանությունը հասարակության միջից հանել է մեդիան, ընտրությունը, դատարանը, թուղթը, գրիչը, գիրքը, ջութակը` իբրև գործիքներ: Այսինքն` այն, ինչ հասարակությանը մարդ է պահում, նա այդ բոլորը հանել է: Երբ Դուք ասում եք` մեդիա, ես ասում եմ` բա ջութա՞կը: Բոլոր գործիքները չկան:

Դրա համար մեդիան մի բան կարող է անել` ասել` ժողովո՛ւրդ, զենքը վերցրեք, գնացեք սրանց ռադ արեք: Եվ ով էլ խոսի, դա է ասելու`ջութակահարը, հավաքարարը, տաքսիստը… Բոլորը: Եվ սա ճիշտ է, որովհետև եթե չասի, կասեն` աննորմալ է: Եվ իսկապես աննորմալ կլինի չխոսել այդ մասին այն դեպքում, երբ պետությունն ուղղակի պարտավոր է կործանվել: Այլ բան չի մնացել:

– Հետո՞: Ենթադրենք, եղավ տարտարոս և կործանում, ե՞տքը:

– Ետքը չկա: Կործանվածի ետքը ո՞րն է:

– Ասենք` փյունիկ թռչունը:

– Չկա նման բան, հեքիաթ եք պատմում:

– Հայ ժողովուրդը պարբերաբար ապրում է անլեգալ տարածքում, որն իր համար հայրենիք է, աշխարհի համար` դեռևս մասնավորեցման վերջին ձևակերպումների փուլի եզրին կանգնած հողատարածք: Մեկ էլ համայնքով, խմբերով ապրող մարդկանցով պետություն են ստեղծում: Հեքիաթային է, անշուշտ, բայց` իրողություն:

– Հասկանում եմ ինչ եք ասում: Բայց ծիծաղելի կլինի այն պետությունը, որն իր ոտքով կգնա կործանման, հետո ոտքի կկանգնի: Ճիշտ է, նրա ձեռքից ամեն ինչ վերցրել են, և նա պիտի գնա դեպի կործանում: Բայց միևնույն է` ծիծաղելի կլինի, երբ մեռելը խոսի ապրելուց: Մենք էդ մեռելն ենք: Մեռելի ազնվությունն է ծիծաղելի, մեռելի հասարակական վարքն է ծիծաղելի, մեռելի ընտրակաշառքն է ծիծաղելի:

– Հիմա Դուք հասարակությանը համարում եք մեռե՞լ:

– Դա արդեն չեմ ասի:

– Որովհետև ծիծաղելի է նաև մեռելի համար գրելը:

– Մեռելի համար գրում են մեռածները: Ես իմ մասին եմ ասում։

– Որոշ նախկին լրագրողներ քաղաքական գործիչ դառնալու հայտ ներկայացրին: Հաջողվա՞ծ եք համարում այդ փորձը:

– Բացարձակապես ոչ մեկինը հաջողված չեմ համարում, որովհետև բոլորը խաղում են նեխած խաղի կանոններով:

– Խոսքի ազատության այս ամբողջ փուչիկի մեջ աղմուկից խոսքը տարանջատելու խնդիր չե՞ք տեսնում:

– Ուզում եմ առավելագույնս ազնիվ լինել, բայց ոչ ակնհայտ ճշմարտությունների դաշտում: Իսկ ուրիշ ի՞նչ կա, բացի աղմուկից: Մենք աղմուկի խոսափողերն ենք, մենք աղմուկը լռեցնողը չենք: Մենք աղմուկի լավագույն զավակներն ենք: Գուցե էլիտար է հնչում, բայց էդ իմաստը նկատի չունեի:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

Լուսանկարը՝ «ՄեդիաԼաբ»

MediaLab.am