«Ստեղ ոչ մեկս աշխատանք չունենք, ապրում ենք մեր կովերի հույսով». սահմանամերձ Ձյունաշողը լքում է ևս մեկ ընտանիք

«Ստեղ ոչ մեկս աշխատանք չունենք, ապրում ենք մեր կովերի հույսով». սահմանամերձ Ձյունաշողը լքում է ևս մեկ ընտանիք
«Ստեղ ոչ մեկս աշխատանք չունենք, ապրում ենք մեր կովերի հույսով». սահմանամերձ Ձյունաշողը լքում է ևս մեկ ընտանիք

Խորդուբորդ, դժվարանցանելի ու փոշոտ ճանապարհը Ձյունաշող գյուղ տանելիս կորչում է կիսախարխուլ տանիքներով, ճաքճքած, կիսաքանդ պատերով, դատարկ ու լռությամբ լի տների շարքերում, որոնց տերերը վերջին 15 տարվա ընթացքում անվերադարձ լքել են գյուղը:
Սահմանամերձ Ձյունաշող գյուղի լքված և դատարկ տների շարքը շուտով կհամալրվի ևս մեկով, որի 18 տարվա բնակիչները Մարտիրոսյանների բազմազավակ ընտանիքն է:

Ձյունաշողը հայտնի է որպես Ադրբեջանի հայ փախստականներով վերաբնակեցված գյուղ: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ (1988-1994) Ադրբեջանում գտնվող Քերքենջ գյուղը, որտեղ ապրել են հայերը, փոխանակել են Լոռու մարզում գտնվող Կզլշաֆագի (Ձյունաշողի) հետ, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են ապրել:

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով ադրբեջանցիների հետ ամբողջովին փոխանակած սահմանամերձ Ձյունաշողում շուրջ 300 բնակելի տնից այժմ մնացել են 60-ը: Գյուղում այժմ բնակվում է 169 մարդ:

Սոցիալական պայմաններից ելնելով՝ Ձյունաշողի բնակչուհի Անուշ Հակոբյանը, ով 18 տարի առաջ Երևանից տեղափոխվել է այս սահմանամերձ գյուղը, ամուսնու և 5 երեխաների հետ նույնպես որոշել է գյուղից հեռանալ և տեղափոխվել նեքևի Մեծավան գյուղը:

«Ստեղ ոչ մեկս աշխատանք չունենք, ապրում ենք մեր կովերի հույսով: Որպես բազմազավակ երեխաների մայր «Փարոսից» էլ կտրեցին ինձ՝ պատճառաբանելով, թե կովերը շատ են (4 կով), հերիք են մեզ, իսկ անչափահաս երեխեքս 3-ն են: Բախտներս բերեց, ամուսինս էս տարի Ռուսաստան խոպան գնաց, ասֆալտի գործ ա անում, սեպտեմբերին հետ կգա»,- ասում է արևից սևացած դեմքով, կկոցած աչքերով ու դեղին, չխնամված մազերով Անուշը:

Ընտանիքի ապրուստը հոգալու համար երեխաներից աշխատում է միայն 8-րդ դասարանի Նարեկը՝ որպես նախրապան:

«Ամիսը մի կովի համար 1000 դրամ է ստանում, էլի փող ա: Էրեխես ինքն ասեց, որ մնա տանը, պտի սաղ օրը պարապ դուսը ըլնի, ավելի լավ ա աշխատի: Մենք վարելահող չունենք, ստեղ հեչ բերք էլ նորմալ չի աճում, մենակ կարտոֆիլ, կաղամբ ենք ստանում»,- ասում է 38-ամյա Անուշը, ով դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ամուսնացել է:

Նրա երկու դուստրերը՝ 19-ամյա Սվետա Մարտիրոսյանը և 18-ամյա Լիանա Մարտիրոսյանը, դպրոցից հետո կրթություն չեն ստացել, իսկ աշխատելու համար գյուղում աշխատատեղ չկա:

«Սաղ օրը տունն ենք, բան չկա անելու»,- ասում է Սվետան և հավելում, որ մեծ ցանկություն ունի իրավաբանություն սովորելու, բայց ուսման համար գումար չունեն:

Ձյունաշողի դպրոցում սովորում է շուրջ 43 աշակերտ, որոնց դասավանդում է 8 մանկավարժ: Գյուղացիները նշում են, որ տարի է լինում` առաջին դասարանի աշակերտ չեն ունենում, կամ եթե լինում է` մեկ-երկու հոգի:

«Ստեղ դպրոցն ավարտում ես, ու էլ բան չկա անելու, էրեխեքս էլ են հոգնել ստեղից: Դրա համար Մեծավանում արդեն տուն ենք ընտրել, որ գնանք: Ընտեղ գոնե աշխատանք կա, տրանսպորտ կա, կարան Կալինինո էլ իջնեն, աշխատեն խանութում կամ սուպերմարկետում: Ես ինքս էլ շատ եմ ուզում աշխատել, օրինակ՝ ինձ առաջարկել են հացի փռում: Կգնամ կաշխատեմ, 2 հատ էլ կով կպահեմ, ու ինձ տենց ավելի ձեռ կտա»,- ասում է Անուշը:

Նա նշում է, որ ձմռանն ավելի դժվար է Ձյունաշողում ապրելը, և ցույց է տալիս կարկուտից ծակ-ծակ մնացած տանիքը, տան խոնավ պատերն ու կիսախարխուլ պատուհանները:

Տան կողքը գոմն է, իսկ բակում շրջում են բազմազավակ ընտանիքի անբաժանելի անդամներ դարձած շունը իր ձագերով, հավերը, բադերը, նապաստակներն ու որպես փոխադրամիջոց ծառայող էշը:

«Պետությունից որպես բազմազավակ ընտանիք ոչ մի օգնություն չենք ստանում: Անհնար ա սենց ապրելը, օրերը քարշ տալով ձգում ենք: Ձմեռը դուք նույնիսկ չեք էլ կարա ստեղ գալ, ճանապարհները լրիվ փակվում են: Գազ էլ չունենք գյուղում, բոլորի նման ցախ ենք չորացնում, վառում: Շատն էլ գազի համար ենք ուզում ստեղից գնալ»,- ասում է Անուշը և հավելում, որ կողքի Մեծավան գյուղը գազիֆիկացված է:

Նա նշում է, որ պետությունից որպես օգնություն միայն գյուղապետի և խորհրդարանական ընտրությունների ժամանակ է լինում. «Գալիս են, ամեն մեկին մի քանի կիլո պեսոկով խաբում ու գնում: Մեր օգնությունը էս ա»:

Գյուղում ճանապարհատրանսպորտային միջոցների բացակայությունը ավելի է դժվարացնում գյուղացիների կյանքը, հատկապես նրանց համար, ովքեր սեփական ավտոմեքենա չունեն:

«Ամբողջ գյուղում մի էշ կա, ու էդ մերն ա: Աշնանը գոնե ցախը կապում ենք հետևից, բերում տուն,- ծիծաղելով ասում է Անուշը: – Դե, գյուղի ճանապարհներն էլ շատ վատ են, տաքսին էլ, որ Մեծավանից ստեղ ա գալիս, 3000 ա ուզում, իսկ Կալինինոյից որ բերում ա՝ 5000»:

Անուշը հիշում է, որ մի քանի տարի առաջ, երբ դեռ ոչ ոք մեքենա էլ չուներ գյուղում, մարդկանց անգամ հիվանդանոց տեղափոխելն էր խնդիր:

«Իմ տեքոր կինը իր երրորդ երեխային տանն ա ծննդաբերել: Մեքենա չկար, որ տանեինք: Հիմա էլի լավ ա, մարդիկ մեքենա ունեն, բայց շտապ օգնություն չկա, մենակ մի հատ բուժքույր է գյուղում»,- ասում է Անուշը և հավելում, որ մի քանի տարի է, ինչ ամուսնու եղբոր ընտանիքը հեռացել է գյուղից, իսկ այս աշնանը իրենց հետ գյուղից կհեռանա նաև ամուսնու քրոջ ընտանիքը:

«Ես էլ, երեխաներս էլ անհամբեր սպասում ենք, որ ամուսինս վերադառնա, ու աշնանը տեղափոխվենք կողքի Մեծավան գյուղը: Սենց հիասթափված էլ հնարավոր չի ապրել էս գյուղում»,- հավելում է Անուշը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարները` Կարապետ Սահակյանի

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am