Զենքի շրջանառության կարգավորման օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից

Զենքի շրջանառության կարգավորման մասին նոր օրենքի գործողությունների ժամկետը նախատեսվում է երկարաձգել, այն ապրիլի 28-ի փոխարեն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Նախատեսված է, որ պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո պետք է այս օրենքն ուժի մեջ մտնի: Պաշտոնական հրապարակումը եղել է հոկտեմբերի 27-ին, ուժի մեջ մտնելու ժամկետը ստացվում է ապրիլի 28-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաթեթից բխող 3 տասնյակ ենթաօրենսդրական ակտեր դեռ պետք է ընդունվեն, որոնք պետք  է ապահովեն նոր օրենքի անխափան գործունեությունը, առաջարկվում է ժամկետը հետաձգել հուլիսի 1, որպեսզի կարողանանք Կառավարության հաստատմանը բովանդակային առումով պատշաճ կերպով ներկայացնել բոլոր ենթաօրենսդրական ակտերը և, ըստ այդմ, պատրաստ լինել ամբողջական կիրառմանը»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալը:

Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 54 կողմ, 0 դեմ, 16 ձեռնպահ ձայներով: