«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը
– Պարո՛ն Աթանեսյան, ինչի՞ մասին էր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը: Հնչեցի՞ն այնպիսի պատասխաններ, որոնք մինչ այդ հանրությունը չէր լսել կարևոր հարցերի վերաբերյալ:
– Սամվել Շահրամանյանը, կարծում եմ, չպետք է հարցազրույց տար: Նա Երևան է հասել հոկտեմբերի 4-ին և կարող էր հանդես գալ հայտարարությամբ՝ հստակ ձևակերպելով ասելիքը:
– Արցախի լուծարման հրամանագրին առնչվող պատասխաններն ու հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում:
– Ես այն տպավորությունն ունեցա, որ ԼՂՀ լուծարման հրամանագիրը նա ստորագրել է սեպտեմբերի 20-ին՝ պաշտպանության բանակի զինաթափման և կազմալուծման մասին փաստաթուղթն ընդունելուն զուգահեռ, այսինքն՝ պատերազմը շարունակելու Ադրբեջանի սպառնալիքի պայմաններում: Պարզապես այդ մասին հայտարարվել է 8 օր հետո: Եթե տպավորությունս իրականությանը մոտ է, ապա պետք է փաստել, որ նա այլընտրանք չի ունեցել:
– Արցախի Հանրապետությունը, ըստ ձեզ, ի վերջո, լուծարվե՞լ է, թե՞ ոչ:
– Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարվել է, սա փաստ է:
– Եթե Արցախի Հանրապետությունը լուծարված է, ու դա փաստ է, ինչպես ասում եք, ապա ի՞նչ նպատակով է Սամվել Շահրամանյանը հայտարարում, թե այդ փաստաթուղթը ոչ ոք չի տեսել, ու պետությունը լուծարված չէ:
– Այդ հայտարարությունը նա որտե՞ղ է արել: Երևանում: Ո՞վ է Ստեփանակերտում: Փաստը դա է: Իսկ թե ի՛նչ ենթատեքստով է խոսվում, որ ԼՂՀ-ն լուծարված չէ, եկեք մի փոքր սպասենք:
– Պարո՛ն Աթանեսյան, ի՞նչ կարևոր հարցերի մասին պետք է խոսեր Շահրամանյանը, որ չխոսեց ու ինչո՞ւ չխոսեց:
– Պետք է խոսեր, թե ինչո՛ւ Ադրբեջանի «խաղաղ վերջնագիրը» չի ընդունվել օգոստոսի 5-ին կամ ավելի վաղ, երբ ինքը մարտի 4-ին ՌԴ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ հանդիպել է Իլհամ Ալիևի լիազոր ներկայացուցչի հետ և ստացել նույն պահանջներով վերջնագիր:
– Սամվել Շահրամանյանն ասաց, որ պետք է սկսել աշխատել այն ուղղությամբ, որ բռնի տեղահանված արցախահայերի վերադարձն Արցախ հնարավոր լինի: Սա իրատեսակա՞ն եք համարում, եթե նկատի ունենանք այն, որ չկարողացան այնպես անել, որ այնտեղից արցախահայերի դուրսբերումն անհնար դառնար: Հիմա, երբ Արցախն այլևս հայաթափված է, ինչպե՞ս են անելու, որ այնտեղ կրկին հայեր ապրեն:
– Բռնի տեղահանված բնակչությունը Հայաստանում ստացել է փախստականի կարգավիճակ: Գնահատականները պետք է բխեն իրավական այդ ակտի կարևորությունից: Փախստականը վերադարձի և իր սեփականությունը տնօրինելու իրավունք ունի: Ո՞վ է այդ հարցը Բաքվի հետ քննարկելու՝ ահա խնդիրը:
Իմ կարծիքով՝ Արցախի՝ դեռևս լիազորությունների մեջ գտնվող Ազգային ժողովը պետք է նիստ գումարի և ընտրի ներկայացուցիչների՝ նրանց լիազորելով փախստականների անունից բանակցելու Բաքվի հետ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am