Հայաստանի իշխանությունները հորինել են մի  իրականություն և փորձում են բոլորին ներքաշել դրա մեջ. Հրաչյա Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը 

– Պարո՛ն Արզումանյան, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ինչպե՞ս եք գնահատում: Ադրբեջանական կողմը կրկին վերահաստատեց, որ պայմանագիրը կստորագրվի միայն ՀՀ Սահմանադրության փոփոխությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո:

– Այստեղ խնդիրն այն է, որ հայկական կողմը իրականությունից դուրս է. Հայաստանի իշխանությունները հորինել են մի իրականություն, որի մեջ իրենք գտնվում են ու փորձում են դրա մեջ ներքաշել ոչ միայն հայ հասարակությանը, այլ նաև միջազգային հանրությանն ու տարածաշրջանին: 

Բայց իրականության մեջ Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը բոլորովին այլ ձևով են ապրում՝ եթե դու ունես ուժ, ապա դրանով թույլ կողմին կարող ես պարտադրել այն, ինչ ուզում ես: 

Երբ Արարատ Միրզոյանը խոսում է 100 տարի հետ չգնալու անհրաժեշտության մասին, հրաժարվում է անցյալից, դա նշանակում է, որ իրենք իրենց հորինած աշխարհում ընկնում են թակարդի մեջ՝ կանգնելով փաստի առաջ, որ Ադրբեջանին պետք է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ մեղմ ասած կապիտուլյացիա: Այս մասին իրենք հստակ են ասում, բայց Հայաստանի իշխանությունները դա չեն ուզում ընդունել ու կանգնում են այն խնդիրների առաջ, որոնք այժմ կան: 

Հայաստանի դեմ Ռուսաստանն ու Թուրքիան շարունակելու են ուժ կիրառել, ոչինչ չի փոխվել, մենք ընդամենը ունենք հրադադար, ու Ադրբեջանը պարզ ասում է, որ այս հրադադարն իրեն անհրաժեշտ է, որպեսզի պատրաստվի պատերազմի, իսկ հայկական կողմը դա չի ուզում լսել՝ ելնելով ներքին քաղաքականության թատրոնից, որն իրենք ընտրել են, իսկ դա խաղաղությունն է, որ իրենք փորձում են ներշնչել հայ ժողովրդին: 

Հանրության հետ իրականության մասին չխոսելը, որտեղ ընդամենը հրադադար է, ժողովրդին խաղաղությամբ խաբելը խոսում են այն մասին, որ իր իշխանությունը պահելու համար իշխանությունն անցել է ռուս-թուրքական դաշինքի կողմը, իսկ դա ողբալի է ու շատ վիրավորական Հայաստանի քաղաքացիների համար: 

– Եթե անգամ այս պահանջները իշխանությունը կատարի՝ Ադրբեջանն ի վերջո կկնքի՞ պայմանագիրը:

– Իհարկե չէ, նոր պայմաններ է առաջ քաշելու: Նիկոլ Փաշինյանը 20 թվականից սկսած պատրաստ է ստորագրելու, բայց ադրբեջանական կողմն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում: Սրանց կատարմանը հաջորդելու է 300 հազար ադրբեջանցիների վերադարձի պահանջը, հետո էլ՝ Երևանը հետ բերելը և այլն և այլն, որովհետև, նորից եմ ասում, նրանք հստակ ասում են՝ Հայաստանը կազմալուծելու նպատակ ունեն: Դա արդեն իշխանության խնդիրն է, որ չեն ընդունում, Փաշինյանն ու իր իշխանությունը չեն ուզում ընդունել, որ Ադրբեջանը Հայաստանը կազմալուծելու լուրջ մտադրություն ունի, խնդիրն այստեղից է սկսվում, մնացածը վերլուծելու իմաստ չկա: 

Մինսկի խմբի մասին չեն կարող խոսել, Հայաստանի այսօրվա իշխանությունը հրաժարվել է Արցախի հարցից, Մինսկի խումբը միջազգային կարգավիճակ էր ձևավորել Արցախի հարցով, այդ խումբը ստեղծվել էր Մինսկի կոնֆերանսի ժամանակ, Հայաստանն ի՞նչ իրավունք ունի այդ մասին խոսելու, Հայաստանն այդ գործընթացից արդեն դուրս է եկել: 

Սահմանադրության հարցը ևս գործադիր իշխանության որոշելիք հարցը չէ, դա պետք է որոշվի հանրաքվեով, գործադիր իշխանությունն իրավունք չունի այդ մասին խոսելու, դրա մասին կարող է խոսել խորհրդարանը: Հետևաբար, ամեն բան դուրս է գալիս և՛ օրենսդրական, և՛ բարոյական, և՛ սահմանադրական դաշտից, ինչը ձեռնտու է Ռուսաստանին ու Թուրքիային ու դեմ է Հայաստանի շահերին: Ստացվում է այնպես, նորից եմ կրկնում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը այս հարցերում կանգնած են ռուս-թուրքական դաշինքի կողմը, իսկ դա ինձ համար ուղղակի ողբերգական է:

– Պարո՛ն Արզումանյան, չե՞ն ուզում ընդունել, թե՞, ինչպես ասացիք, իրենց իշխանությունը պահելու համար են գնում այդ քայլին:

– Ես չեմ կարող գնահատական տալ, ես իշխանության մաս չեմ ու չեմ կարող գնահատական տալ Փաշինյանի ներքին խոհանոցին, չեմ կարող ասել, թե ինչու է այս կամ այն քայլն անում, այնպես, ինչպես չեմ կարող ասել, թե ինչ է մտածում Թրամփը, որովհետև երկուսն էլ անկանխատեսելի են: Նրանց քայլերն իռացիոնալ են, Փաշինյանը շարունակելով այս ամենը՝ կորցնելու է նաև իշխանությունը, ես դա տեսնում եմ, բայց նա շարունակում է գնալ այդ ճանապարհով, ինձ համար դա անհասկանալի է: 

– Այսինքն՝ իշխանության որդեգրած այս քաղաքականությունը երկիրը չի՞ տանում դեպի խաղաղություն:

– Չէ՛, այստեղ խաղաղության մասին խոսք չկա, խոսքը պատերազմի մասին է, ու Նիկոլ Փաշինյանի վարքը լայնածավալ ռազմական գործողություններն ուղղակի մոտեցնում է: Նրա վախկոտությունը, բոլոր պայմաններին համաձայնելու պատրաստակամությունը ուղղակի մոտեցնում են պատերազմը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am