«Ես տեսա` պապաս մամայիս դանակով խփեց սպանեց». Գյումրիում դաժան սպանությունը 6-ամյա երեխայի աչքի առաջ է եղել

«Ես տեսա` պապաս մամայիս դանակով խփեց սպանեց». Գյումրիում դաժան սպանությունը 6-ամյա երեխայի աչքի առաջ է եղել
«Ես տեսա` պապաս մամայիս դանակով խփեց սպանեց». Գյումրիում դաժան սպանությունը 6-ամյա երեխայի աչքի առաջ է եղել

«Գոքորը, որ դաժե մի բաժակ խմում էր, ոնց որ 10 շիշ խմած լիներ, էնքան էր խմում, որ մոտն արդեն «գարյաչկա էր» լինում: Մի բաժակ պիվայից անջատվում էր»,-օրերս Գյումրիում դանակի բազմաթիվ հարվածներից սպանված Լիանա Մանուկյանի եղբայրը մեզ հետ զրույցում այսպես է նկարագրում փեսային, որը դաժանաբար սպանել է քրոջը: 

Լիանայի եղբայրը` Ժորան պատմում է, որ քույրը ամուսնության 9 տարիների ընթացքում օր ու արեւ չի տեսել, քրոջ ամուսինը` Գրիգոր Գիրգորյանը  միշտ ոգելից խմիչք է օգտագործել, հարբել ու միշտ ծեծել է կնոջը.

«Մի անգամ էլ նենց էր շշով խփել Լիանային, որ քիթն ու ատամները ջարդել էր: Քույրս ինչ ամուսնացել է, էդ տարիները տառապանքներով է ապրել, միշտ էլ վեճեր են եղել  ու մեզ ոչ մի մի բան չէր ասում. վախում էր` Գոքորը շանտաժ էր արել, ասել էր` եթե ձերոնց պատմես, կամ թողնես, գնաս, ախպորդ կսպանեմ, մեկ ա, ես կորցնելու բան չունեմ»:

28-ամյա կինը տարիներ շարունակ վախը սրտում ու տանջվելով ապրել է, ոչ ոքի տեղյակ չի պահել ամուսնու բռնությունների մասին:

«Մի օր լսած չկանք, որ էդ աղջիկը ձենը բարձրացներ, կամ բողոքեր, խելոք, սուսիկ-փուսիկ իր խաչը տանում էր»,-պատմում են Լիանայի հարեւաններն ու բարեկամները: Մոր տանջանքներին, սակայն ականատես է եղել 6-ամյա որդին` Արամը, որը ամեն անգամ, երբ հայրը հարբած մորը վրա ձեռք էր բարձրացնում, հորն ասում էր` «Պապա, ե՞րբ ես գնալու Երեւան, որ ես ու մաման հանգիստ ապրենք»:

Լիանայի եղբոր պատմելով` 6-ամյա Արամը հիմա տեղը չի գտնում, տեսել է, թե ինչպես է հարազատ հայրը սպանում հարազատ մորը. «Էրեխեն ասում ա` ես սաղ տեսա, տեսա պապաս մամայիս դանակով խփեց սպանեց, հա խփում էր մամային, հա խփում էր»:

Գրիգոր Գրիգորյանը 16-17 անգամ դանակով հարվածել է կնոջ պարանոցին ու կրծքավանդակին. հարվածելուց դանակը կոտրվել է, նոր դանակ է վերցրել ու շարունակել հարվածել`մինչեւ կինն անգիտակից վիճակում է հայտնվել:

Դեպքին ականատես է եղել Լիանայի բարեկամուհիներից մեկը, որն էլ զանգահարել է սպանվածի եղբորն ու տեղեկացրել դեպքի մասին: Քույրը մահացել է եղբոր ձեռքերում, մինչեւ հասել է քրոջ տուն, քույրն արդեն անգիտակից է եղել:

Ժորան պատմում է, որ իր մեքենայով քրոջը տարել է հիվանդանոց: Այդ օրվա հերթապահ վիրաբույժ Արթուր Սահակյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Լիանային արդեն մահացած են տարել հիվանդանոց.

«Պարանոցն ամբողջությամբ կտրել էր, կրծքավանդակն էլ` կտրած ու ծակծկած: Այն հատվածներում է է խփել, որ կյանքի համար կենսական ամենակարեւոր  օրգաններն են` սիրտ թոք, խոշոր զարկերակներ, այդ շրջանների  հարվածները մահացու են: Էնքան պուճուր-մուճուր աղջիկ էր, պիտի որ հարվածը սրտին հասած լիներ»:

Լիանայի եղբայրը պատմում է, վերջերս երբ իմացել են, որ փեսան քրոջը միշտ ծեծում էր, քրոջը բերել են իրենց մոտ, հետո տուն են գնել նրա համար. Լիանան որոշել էր ամուսնալուծվել, բայց ընդամենը 6 ամիս ապրեց մի քիչ հանգիստ ու առանց ամուսնու.

«Գոքորը գնաց-եկավ, երդվեց, որ էլ չի խմի, էլ ձեռ չի բարձրացնի, մեր սաղ բարեկամների տներով ման եկավ, սաղին համոզում էր, որ կփոխվի, ինչ ա թե Լիանան միանա, միացան, բայց էլի շարունակում էր ծեծել: Էնքան էր ծեծել քրոջս, երեւի գլխին էնքան էր խփել, որ քույրս աչքերը անընդահատ թարթում էր, Գոքորն էլ քրոջս տնազն էր անում, փոխանակ ամաչեր, որ իրա ձեռի գործն ա դա»: 

Չնայած Գոքորը խոսք էր տվել, որ այլեւս ոգելից խմիչք չի օգտագործի, բայց Լիանայի հարազատները պատմում են, որ մի շիշ էժանագին օղու համար իր երեխայի ծնունդի ոսկյա մատանին է փոխանակել. «Էդ խանութի աշխատողն ասել է` էս մի պուճուր ոսկին պահելու եմ էնքան, մինչեւ տղեդ մեծանա, տամ իրան ու ասեմ`տես, թե հերդ ինչ հարբեցողն էր»:

Կնոջը սպանելուց հետո Գրիգոր Գրիգորյանը հանձնվել է ոստիկանություն, պատմել է, թե «խանդն է եղել պատճառը, «օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում իբր թե Լիանան գրանցված է եղել, խանդից սպանել է»:

Լիանայի եղբայրն էլ պատմում է, որ դա ընդամենը հարբեցող մարդու համար պատրվակ էր.

«Գոքորն էլ կար էդ «օդնոկլասնիկում», քույրս էլ էրեխու անունով էր գրանցված, ու մենակ խաղ էր խաղում: Ի՞նչ խանդ, ի՞նչ բան, խեղճ քույրս խանդի առիթ էլ կյանքում չէր տվել: Լուրերով Գոքորն իրան արդարացնելու համար եսիմ ինչեր է ասում, զոքանչն է մեղավոր, բա չի ասում զոքանչը տուն է առել: Էդ տան մեջ էլ սպանեց քրոջս,  էդ հագի շորերն էլ զոքանչի առածն են: Քրոջս կյանքը խլեց, ու մի հատ էլ ուզում է արդարանալ»

Փորձեցինք կապ հաստատել նաեւ Գրիգոր Գրիգորյանի հարազատների հետ, սակայն նրա մայրն ու եղբայրը արտերկրում են, իսկ հայրը՝ Ռուսաստանում 30 տարվա ազատազրման է դատապարտված:

«Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դիտավորությամբ ապօրինաբար ուրիշին կյանքից զրկելը»,-մեզ հետ զրույցում ասում է Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Սամվել Սիմոնյանը: Թեև Լիանայի հարազատները պնդում են, որ Գրիգորյանը կնոջը սպանելու ժամանակ խմած է եղել, սակայն պարոն Սիմոնյանը վստահեցնում է`

«Այդ պահին խմած չի եղել. կարող է ինքը հարբեցող է, բայց այդ պահին սթափ է եղել»: Ինչ վերաբերում է «օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում գրանցվելուն ու Գրիգորյանի խանդը որպես դրդապատճառ ներկայացնելուն, պարոն Սիմոնյանն ասաց. «Դա ստուգման ենթակա հանգամանք է, որը դեռ չենք ստուգել»:

Գրիգորյանին սպառնում է 6-10 տարվա ազատազրկում: «Մարդ ինչքան վայրենի պիտի լինի, որ Լիանայի մազերից նենց քաշի, մազերը բռով պոկվեն: Դա պիտի ոչ թե բանտում փտի, այլ` թիքյա-թիքյա լինի, որ տենց հրեշտակի պես աղջկա կյանքը խլեց, էրեխուն` որբ թողեց»,-զայրացած, նեղսրտած ասում են Լիանայի հարազատները: 

Նելլի Բաբայան

Արագ Արձագանքման Խումբ

Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի Արագ Արձագանքման Խմբին՝ http://rru.swv.am/