«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը
– Պարո՛ն Շիրինյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց հասարակությանը՝ նշելով, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Նա մարդկանց կոչ արեց զինվորագրվել, զենք վերցնել ու պաշտպանել հայրենիքը։ Ի՞նչ զարգացումներ են ընթանում։
– Վարչապետը ճիշտ է ասում։ Մեր բանակը համառ պաշտպանական մարտերում ճնշեց հակառակորդին, պոտենցիալը թուլացրեց, եթե չասենք՝ ոչնչացրեց։
Հիմա հակահարձակման է անցնում՝ ենթադրում եմ։ Տեղեկատվություն կա սոցիալական ցանցերում, որ նախկին դիրքերը, կորուստները արդեն վերականգնված են։
Դա նշանակում է, որ վարչապետը հիմա բանակցելու ոչինչ չունի Ալիևի հետ, որովհետև նա կարող է բանակցել միայն որոշակի ռազմական հաջողություններից հետո։
Ես վարչապետի միտքը շարունակեմ, իմ պատկերացմամբ՝ դա հետևյալն է. այդ հաջողությամբ պետք է մոբիլիզացիոն վիճակի գանք, հասնենք այն կետին, որ Հայաստանի իշխանությունը նրանց կներկայացնի ուլտիմատումի պայմանները։ Դրա համար նա կոչ է արել՝ շարունակում ենք պայքարը, այդ վիճակի ենք հասնում և պարտադրում ենք։
Եվ մեր ժողովուրդը կազատվի այս դարավոր մղձավանջից։ Եվ դա լուծումն է։
Այս հարցը խաղաղ լուծում չունի, ռազմական լուծում է։ Եթե ռազմական լուծումը կհասնի այդ կետին, դրանից հետո կբանակցեն Ադրբեջանի պարտության պայմանների մասին։
Եվ դա նորմալ է, ես պիտի ողջունեմ Նիկոլ Փաշինյանի այդ դիրքորոշումը, որովհետև Հայաստանի բոլոր ղեկավարները միշտ բանակցել են պարտության ու սողալու մասին։
Հիմա լրիվ փոխվել է իրավիճակը։ Սա հեղափոխության արդյունք է, և մեր հեղափոխական բանակը, իր հեղափոխական ղեկավարը պարտադրում են ժողովրդի կամքը, որն արդար է ու քաղաքակրթական։
– Ռուսաստանում ու ԱՄՆ-ում հանդիպումներ են անցկացվում ու նախատեսված։ Ի՞նչ սպասել այդ գործընթացից։
– ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի արտահայտությունը Հայաստանում մեկնաբանվեց, որ՝ եթե կարող եք, ձեր հարցերը լուծեք։ Սա ահռելի զիջում է Ամերիկայի կողմից։ Կարող էր չոր ասել՝ ո՛չ և վերջ։
Այսինքն՝ ամերիկացիները հասկանում ու պաշտպանում են այդ տեսակետը։ Ռուսաստանն էլ ուզի-չուզի պետք է ընդունի այն, ինչ իրենց դաշնակից կոչվածը կամ գործընկերն է ուզում, որովհետև մենք չենք կարող մեր թանկագին երիտասարդության թանկ արյունը թափենք ուրիշ բաների համար։
– Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները հանդիպել են ու Արցախի հարցով քննարկում անցկացրել։ Ո՞րն է նրանց նպատակը։
– Երևի նրանք մտածում են, թե ոնց անեն, որ խանգարեն, որովհետև իրենց դեմքի փրկության հարցը կա։
Իշխանությունը փոխվեց, նրանք ասում էին՝ Նիկոլը եկել է հողերը հանձնելու՝ անտեսելով ժողովրդի կամքը, որը հեղափոխություն էր արել։
Վարչապետն էլ մնում է իր խոստմանը հավատարիմ, այդ հեղափոխությունը նրան պարտավորեցրեց երկիրը վերափոխել, մաքրել ավգյան ախոռները աղբից, քաղաքական դիակներից, իսկ արտաքին դաշտում էլ հաղթանակ ապահովել։ Հիմա ինքը մնում է ժողովրդի պատգամի կատարող։
Իսկ ժողովուրդն էլ իր մասնակցությունն է ունենում, տեսեք, թե ինչքան կամավոր է մասնակցում պատերազմին։ Մենք նախկինում չենք տեսել ժողովրդի այսպիսի կամավոր անդամագրություն։
Տխուր են, ուրախ են, բայց պատերազմը վերածեցին խանդավառ պայքարի։ Զինծառայողներին էլ երբ նայում ենք, տեսնում ենք, թե ինչքան լուսավոր դեմքով են։ Բոլորս գիտենք, որ պատերազմը նաև մահ է, բայց մարդիկ իմացյալ գնում են հայրենիքի ազատագրության։
Իսկ նախկին իշխանությունները լավ կլինի չխանգարեն։ Նրանց մի առաջարկ պետք է արվի՝ պետական պարգևավճարներից հրաժարվեք, վերադարձրեք ժողովրդից տարածը, դատական կարգ ու կանոնի ենթարկվեք։
Եվ նրանք նաև նվիրատվություն պետք է անեն, պետության տված ճոխ պալատներից պետք է հրաժարվեն և գնան իրենց 5-սենյականոց բնակարաններում ապրեն՝ Նորքի զանգվածում։ Սրանք էլի գալիս են իրենց փորձը մեզ հաղորդեն, բայց ինչ ուզում են, թող անեն, նրանք այլևս գոյություն չունեն։
– Լևոն Տեր-Պետրոսյանը ևս մասնակցում էր նրանց հանդիպմանը։
– Իմ խոսքը բոլորին է վերաբերում, նրանք բոլորը Մադրիդյան սկզբունքների մասնագետներն են։ Հիմա նոր Հայաստան է, թող թողնեն նոր Հայաստանը նոր մարդիկ կառավարեն։
– Այսինքն՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն Արցախի հարցում չպե՞տք է համագործակցի նախկինների հետ։
– Չէ՛, ի՞նչ համագործակցի։ Նրանք, ինչպես մենք, սովորական քաղաքացիներ են, պետք է ենթարկվեն պետական կարգ ու կանոնի և կատարեն կառավարության որոշումները։ Նրանք հեղափոխությամբ մերժվածներն են, մարդիկ նրանց մերժել են։
Կառավարությունը նրանց ի՞նչ հարցնի՝ ո՞նց գողանան երկրից։ Թող հանգիստ տեղները մնան, այլապես պատերազմը վերջանալու է, այս բանակը կվերադառնա, բոլորին «կսրբի-կվերջացնի»։
Պատերազմը վարողները մեր միջին հայ քաղաքացիներն են՝ 30 տարի կեղեքված։ Թող իրենք ցուցադրեն իրենց համեստ կյանքը, վերադառնան 5-սենյականոց բնակարաններ՝ մեկ վարորդով ու առանց խոհարարի։ Իրենց կանայք թող իրենց համար ճաշեր պատրաստեն։
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am