Lոկալ բախումներն Ադրբեջանը շարունակելու է, բայց լայնամասշտաբ պատերազմի համաձայնություն ստանալը քիչ հավանական է . Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը 

– Պարո՛ն Ղևոնդյան, գործադիրի ղեկավարն այսօր հայտարարեց, որ շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ: Ձեր գնահատմամբ՝ որքա՞ն է հավանական, որ սա իրականություն կդառնա, եթե նկատի ունենանք, որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, դեռ դեկտեմբերին է նման առաջարկ արել, բայց Ադրբեջանը դեմ է արտահայտվել։

– Ադրբեջանը նորից դեմ է լինելու, ու շատ քիչ է հավանական, որ այս պահին հնարավոր լինի նման խումբ ուղարկել Արցախ, որ ի տարբերություն Հայաստանի սահմանների, այնտեղ կա ևս մեկ դերակատար՝ Ռուսաստանը, իսկ այսօր Մոսկվային ընդհանրապես ձեռնտու չէ ու իր շահերից չի բխում այլ պետությունների, հատկապես՝ Արևմուտքի ներկայությունը այդ հատվածներում, բայց այն, որ պետք է նման գործընթաց հարուցել, դրա հետևից գնալ, միանշանակ է: Պարտադիր չէ, որ այն հաջողությամբ պսակվի, որպեսզի գործընթացն ինքնին շահավետ լինի մեզ համար։

– Այսինքն՝ գոնե այդ մասին խոսելը, նախաձեռնողականություն դրսևորելն էլ արդեն իսկ շահավե՞տ են հայկական կողմի համար։

– Շատ շահավետ կարող են լինել, դրանք հնարավորություն են տալիս մեծացնելու ճնշումն Ադրբեջանի վրա, ցույց տալու միջազգային հանրությանը Ադրբեջանի ապակառուցողականության հերթական մակարդակը, հնարավորությու են տալիս Հայաստանի դիրքերը մի փոքր ամրացնելու Ռուսաստանի և Ադրբեջանի հետ բանակցություններում։ Մի խոսքով՝ բավական շատ են այս գործընթացի օգտակարության կողմերը։

– Կարծում եք, որ եթե գործը հասնի դրան, Մոսկվան և՞ս դեմ է լինելու։

– Ակնհայտ է, որ Մոսկվան դեմ է լինելու, որովհետև Արևմուտք-Ռուսաստան հակասության պայմաններում, այն աշխարհաքաղաքական հատվածը, որտեղ այս պահին տեր ու տիրական է Մոսկվան՝ իր խաղաղապահ զորախմբի միջոցով, ներմուծել արևմտյան խաղացողների, թեկուզ ոչ զինված, ակնհայտ հակասում է Ռուսաստանի շահերին, ու իհարկե Մոսկվան դեմ է լինելու: Թեև այսօր Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց այն մասին, որ եթե Մոսկվան չի կարողանում իր գործառույթներն իրականացնել, ճիշտ կլիներ, որ հենց ինքը դիմեր նման խնդրանքով: Բայց բնական է, որ Մոսկվան երբևէ չի դիմելու ու ամեն ինչ անելու է, որ խափանի այդ ծրագիրն այսօր, իսկ թե ինչ կլինի հետո՝ կանխատեսումների ոլորտից է։

– Իսկ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ շփման համար անհրաժեշտ միջազգային տեսանելի մեխանիզմների ստեղծման համար կա՞ն համապատասխան նախադրյալներ այս պահին, պարո՛ն Ղևոնդյան։

– Բաքու-Ստեփանակերտ ուղիղ շփում արդեն կա, ուղիղ ասելով նկատի ունենք նաև Ռուսաստանի միջնորդությունը։ Հայկական կողմին, իհարկե, ձեռնտու է, որ այս շփումները ներկայացվեն որպես միջնորդությամբ իրականացվող շփումներ, որպես միջազգային միջնորդություն, որովհետև թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը պնդում են, որ բանակցությունները պետք է լինեն միջազգային միջնորդության պայմաններում։ 

Ադրբեջանը դա չի ցանկանում, որովհետև ուզում է Արցախի հարցը ներկայացնել իբրև ներքին հարց, բնական է, որ սա նրան ձեռնտու է, բայց մենք էլ պետք է մերը պնդենք, ու շատ լավ է, որ Արցախի ներկայացուցիչները չեն գնում Բաքու ուղիղ հանդիպելու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որովհետև այս դեպքում միջնորդական ձևաչափը, կարելի է ասել, անիմաստ կլիներ, ու Ադրբեջանը կարող էր ներկայացնել, թե ունեն ուղիղ շփումներ, ու այդ միջնորդությունն անիմաստ է։ 

Իսկ այսօր մեր ձեռքին դեռ մնում է այն հաղթաթուղթը, որ բանակցություններն առանց միջնորդության նորմալ ընթացք չեն կարող ունենալ։ Արդյունավետ աշխատելու դեպքում, այո՛, կարծում եմ, հնարավոր է հասնել նրան, որ այս ձևաչափն աշխատի։ 

– Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վերաբերյալ ևս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հանձնարարել է արտգործնախարարությանը դիմել ՄԱԿ-ին, եթե անգամ ամեն բան լավ ընթանա, ու այդ ապացույցները հավաքվեն ու ներկայացվեն միջազգային ատյաններին, երաշխիքները որո՞նք են, որ Ադրբեջանի քաղաքականությունը կփոխվի, եթե նկատի ունենանք, որ կա Հաագայի դատարանի որոշում, որը, ըստ էության, մինչ հիմա չի կատարվել Ադրբեջանի կողմից։

– Ընդհանրապես, սա ազգային առանձնահատկություն է, երբ միշտ մտածում ենք հանգուցալուծումների մասին, բայց կան գործընթացներ, որոնք ինքնին արդեն կարևոր են, ու հենց դրա ընթացքն է օգուտ կամ վնաս տալիս։ Այս դեպքում էլ այդ փաստերը հավաքելը, գործընթացը հարուցելը, դատարան դիմելը և այլն, այդ բոլորը ճնշման գործիքներ են, որոնք Հայաստանը քայլ առ քայլ օգտագործում է։ 

Այս բոլորն ամբողջության մեջ համակարգված գործողություններ են, որոնց նպատակը ճնշումն անընդհատ մեծացնելն է մինչև այն կետը, որտեղ այդ ճնշումը կտա ինչ-որ արդյունք, որից հետո գործընթացը կարող է շարունակվել այլ արդյունքներ ապահովելու համար, օրինակ՝ Ադրբեջանին կառուցողական երկխոսության դաշտ բերելու համար, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելը դադարեցնելու համար, Արցախի կարգավիճակի մասին հարց բարձրացնելու համար։ Որ պահին ռեսուրսներն ինչքան կհերիքեն, այս պահին մեր ռեսուրսները ուղղված են նրան, որպեսզի մենք կարողանանք ճնշումն այնքան մեծացնել Ադրբեջանի վրա, որ նա բացի Լաչինի միջանցքը։ 

– Ադրբեջանը ռազմական ճանապարհով կգնա՞ այս փուլում, եթե նկատի ունենանք, որ ադրբեջանական քարոզչական դաշտը դրա համար հող է նախապատրաստում, իսկ մեր վերլուծական դաշտը նման սցենար կանխատեսում է, պարո՛ն Ղևոնդյան։

– Ադրբեջանը ևս գործողություններ է սկսում, խոսում է դրանց մասին, օրինակ՝ կարող է զենքեր մոտեցնել սահմանին, բայց դրանց կիրառման կարիքը չլինի, բնականաբար, հնարավոր է նաև հակառակը։ Ես, ճիշտն ասած, այնքան էլ չեմ հավատում կանխատեսմանը, թե հնարավոր է լայնամասշտաբ պատերազմ, ուղղակի Ադրբեջանի նման դերակատարների համար նման քայլի գնալու համար անհրաժեշտ է հիմնական ուժային կենտրոնների համաձայնությունը, իսկ այսօրվա աշխարհում նման համաձայնություն ստանալը շատ քիչ հավանական է։ Լոկալ բախումներ, սակայն, լինելու են, կան ու շարունակվելու են։

– Կողմերը խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման «4-րդ շրջափուլ են թևակոխել», այս անգամ շոշափելի արդյունքներ կգրանցե՞ն՝ ըստ ձեզ։

– Ո՛չ, գործընթացը շարունակվելու է, լինելու են դեռ այլ փուլեր, ու շատ-շատ բան կորոշվի միայն այն ժամանակ, երբ կավարտվի ուկրաինական պատերազմը, ու նոր աշխարհակարգ կհաստատվի։ Քանի դեռ իրավիճակն այսպիսին է, գործընթացը շարունակվելու է անորոշ հանգուցալուծմամբ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am