Եթե անմեղ են, ապա անհանգստանալու բան չունեն. ՔՊ պատգամավորը՝ քրեական գործերի,  Վարդապետյանի միջնորդության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը 

– Տիկի՛ն Հակոբյան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ ՀՀԿ-ից արդեն հայտարարել են, որ սա քաղաքական հետապնդում ու անձնական վրեժխնդրություն է Տարոն Մարգարյանի նկատմամբ:

– Ես ևս մամուլից եմ տեղեկացել միջնորդագրի մասին, ու սա նորմալ գործընթաց է: Քաղաքացու ու անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնյայի միջև չպետք է տարբերություն դրվի, եթե նախաքննական մարմինը գտնում է, որ անհրաժեշտ է այդ անձեռնմխելիության արգելքը հաղթահարել, որպեսզի իրավապահ համակարգի աշխատանքը շարունակական լինի, ուրեմն այդպես պետք է լինի: 

Կարծում եմ, որ ցանկացած պատգամավոր պետք է շահագրգռված լինի, որ այդ գործընթացը լինի, որպեսզի ի վերջո ամեն բան պարզ դառնա, ու եթե անմեղ են, անհանգստանալու բան չունեն, ապա իրենց անվան հետ այլևս որևէ քրգործ չկապվի: 

Ասեմ ավելին, որ ես հեղինակել եմ նախագիծ, որով թույլատրվում է արտահերթ կարգով միջնորդագրի քննությունը բերել խորհրդարան, որպեսզի անիմաստ ժամկետներով սահմանափակված այդ գործընթացը չերկարի: Այս ամենը նորմալ գործընթաց է, ու, կրկնում եմ, ցանկացած պատգամավոր, եթե անմեղ է, պետք է շահագրգռված լինի սրանում, որպեսզի իր անվան հետ կապված լուրերը հերքվեն: Ես այս ամենում քաղաքական հետապնդման խնդիր բացարձակ չեմ տեսնում: Մեր քաղաքացիները ևս մեկ անգամ տեսնում են, որ ընդդիմությունը ամեն ինչ քաղաքական հետապնդման տակ առաջ է տանում: 

– Ընդդիմության մասով ասացիք, մարդկանց մի հատվածն էլ իշխանության մասով ասում է, որ հենց ընտրական գործընթացներ են սկսվում, իշխանությունը սկսում է քրեական գործեր հարուցել, կալանավորել և այլն:

– Ի՞նչ կապ ունեն ձեր նշած երկու պատգամավորները Գյումրու և Փարաքարի ավագանու ընտրությունների հետ, ակնհայտ է, որ այս գործերը օդից չեն ընկել, այդ միջնորդության տակ քրեական գործ կա, ու այս ամենը տեղի է ունենում դրա շրջանակներում, ու չպետք է դա կապել ինչ-որ ընտրությունների հետ: 

Ինչ վերաբերում է ընտրությունների հետ կապված տարբեր անձանց բերման ենթարկելուն, ազատությունից զրկելուն և այլն, պետք է նշեմ, որ չի կարելի թաքնվել թեկնածուի քողի տակ ու փորձել կոծկել գործած մեղքերը: Հակառակ կողմից նայեք այս հարցին, որ շատ անձինք, իմանալով, որ առաջիկայում քրգործերը կարող են հասնել այն փուլ, որ իրենց, հնարավոր է, անհրաժեշտ լինի կալանավորել և այլն, մտնում են ընտրական գործընթացների մեջ, որպեսզի դա հետո ներկայացնեն որպես քաղաքական հետապնդում: Կրկնում եմ՝ այս ամենը բնականոն գործընթացներ են ու կապ չունեն որևէ բանի հետ:

– Երբ ձեր նախկին թիմակից Հովիկ Աղազարյանի շուրջ ծավալվեցին բոլորիս հայտնի դեպքերը, կարծիքներ հնչեցին, որ ՔՊ բոլոր պատգամավորները պետք հետևություններ անեն, որովհետև իրենք էլ կարող են հայտնվել այդ նույն իրավիճակում, եթե չկատարեն Նիկոլ Փաշինյանի այս կամ այն ասածը: Այսպիսի մթնոլո՞րտ է ձեր թիմում:

– Ես կուզեի, որ այդպիսի կարծիք արտահայտողներն անդամակցեին ՔՊ կուսակցությանը, հնարավորություն ունենային շփվել, հարցեր ուղղել, անհամաձայնությունները բարձրաձայնել իբրև շարքային կուսակցական, տարբեր ձևաչափերում, և տեսնեին, թե ինչպես են լինում մեր քննարկումները, անհամաձայնությունները: 

Տարբեր կուսակցական մարդիկ, որոնք նման բան են ասում, եթե իրենց կուսակցություններում ինչ հրահանգվում՝ այն էլ արվում է, մեզ մոտ այդպես չէ: Ուզում եմ հիշեցնել նաև, որ պարոն Աղազարյանի հետ կապված այս քրեական գործերի նախաքննությունը սկսվել էր դեռևս նրան կուսակցությունից հեռացնելուց շուրջ մեկ տարի առաջ:

– Այսինքն՝ ձեր կուսակցությունում չի՞ տիրում այդ մթնոլորտը, որ մի կետից հրահանգներ ստանաք, կատարեք, եթե չկատարեք՝ պատժվեք, տիկի՛ն Հակոբյան:

– Միանշանակ ո՛չ, մենք հազարավոր կուսակցականներ ունենք, որ հատկապես ակտիվ են տարբեր քննարկումների ժամանակ, կարող են փաստել իմ ասածը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am