«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը
– Պարո՛ն Պիպոյան, եթե նախկինում դրոշմապիտակները պատրաստվում էին հոլոգրաֆիկ տպագրությամբ, պետությունը գնում էր 3.5 դրամով և անվճար տրամադրում ներմուծող ու արտադրող ընկերություններին, ապա հիմա պիտակի համար վճարելու է գործարարը ու՝ երկու անգամ ավելի թանկ: Փոփոխությունն ինչպե՞ս եք գնահատում, դրական ու բացասական ի՞նչ կողմեր կնշեք:
– Կամայական պրոցեսը պետք է համալիր գնահատական ստանա, այն, որ բացասական ենք գնահատում, բնական է, որովհետև կամայական բեռն ի վերջո վճարելու է սովորական քաղաքացին: Այսինքն՝ բիզնեսը ոչ թե պակաս շահույթ է ստանալու, այլ ինքը գին է ավելացնելու, ի վերջո վճարումը քաղաքացին է կատարելու, բայց կամայական որոշում է, որ արվում է, պետք է համալիր դիտարկել:
Ինչո՞ւ եմ ասում, որովհետև հիմա քննարկվում է ներմուծված ապրանքների դեպքում, որպեսզի այդ QR կոդի միջոցով ապահովվի հայերեն մակնշումը, այսինքն՝ այն ստիկերը, որը վաճառքի էր, բնականաբար, բիզնեսը գումար էր, չէ՞, ծախսում սրա համար, հիմա այդ QR-ով ինքը կկարողանա այդ մակնշման հարցը լուծել: Սա ունի մի կողմից դրական կողմ, մյուս կողմից էլ՝ իրականում լավ կշռած չէ, որովհետև ես կարծում եմ, որ ոչ մեկն իրավունք չունի առանց լավ ուսումնասիրության ինքնուրույն որոշում կայացնել:
Մենք էլ նախաձեռնել ենք, որպեսզի քաղաքացիներից ճշտենք, օրինակ՝ եթե հայերեն մակնշում չլինի, ներմուծված ապրանքների այն փոքր մասը, որ համարյա կարդալ էլ չի լինում, դրա փոխարեն լինի QR, որ պահեն դրա վրա, բերի վերահսկված մակնշում, այսինքն՝ իմանանք, որ պետությունը հսկել է այս մակնշումը, ու սխալ չկա, ինչ տեսնում ենք, ճիշտ ենք տեսնում: Արդյոք մեր քաղաքացիները սա կցանկանա՞ն, թե՞ չէ, որովհետև ինչքան էլ առաջին հայացքից թվա, թե դա լավ բան է, այնուամենայնիվ, դու պետք է հականաս՝ քո հասարակությունը սրան պատրա՞ստ է, թե՞ պատրաստ չէ կամ կարո՞ղ է պատրաստվել, թե՞ ոչ:
Ես այստեղ մեկ այլ խնդիր եմ նաև տեսնում, որ պետությունը չի հսկում այդ QR-ի գինը, որովհետև միայն QR կոդ գեներացնելու համար այդքան գումար, նշանակում է, որ պետությունը պետք է հիմքում դներ այն, թե այդ ընկերությունն ի՛նչ շահութաբերությամբ է աշխատելու, եթե պետությունը չէր կարողանում դա անել՝ պետք է պատվիրակեր, շուկայական հարաբերություններով արդար տեխնիկական պայմաններ տար, կոպիտ ասած, մարդիկ էլ հասկանային՝ կարողանալո՞ւ են բավարարել, թե՞ չէ, ոչ թե ուղղորդեր մի կետի, ֆինանսական հոսքեր ապահովեր:
Ամենամեծ խնդիրը, որ ես տեսնում եմ այս պատմության մեջ, դա է, որովհետև չի կարող թիվ աճել, գին չփոխվել, եթե այսքան մեծ գումար է լինելու, իսկ ակնհայտ է, որ շատ մեծ գումարի մասին ենք խոսում, մի հատ պատկերացրեք՝ ապրանքաքանակ ու բազմապատկեք դրամով, կտեսնենք, թե ինչ ահռելի թվի հետ գործ ունեք: Իսկ այս ահռելի թվի պարագայում պետությունն ինքը պետք է հաշվեր, օրինակ՝ եթե պետական հիմնարկ ստեղծեր, որ անգամ եթե թիվն աճեր, պայմանական՝ 1 միլիոն QR-ը դառնար 2 միլիոն, կարողանար ստեղծեր, բայց, բնականաբար, արժեքն էլ կնվազեր, որովհետև դու ի սկզբանե 1 միլիոնի հաշվարկով էիր ենթակառուցվածք ստեղծել, բայց այդ նույն ենթակառուցվածքն արդեն 2 միլիոն է, դա նշանակում է, որ այն գումարը, որը պետք էր հավաքագրել, այդ գումարը կարող ես հավաքել պայմանական 2 դրամով: Այ մեր խնդիրների մեծ մասը գալիս է նրանից, որ մոտեցումներին համալիր չենք նայում:
– Ինչո՞ւ է պետությունը որոշել նման փոփոխություն անել:
– Որոշումը վաղուց է արված, բայց որ հիմա փորձում են որոշումը տեղավորել ԵԱՏՄ-ի դաշտում, որ ԵԱՏՄ կանոնակարգ կար, դա այդպես է, բայց ԵԱՏՄ-ն չէր ասել այս մեխանիզմով գնային հարցը լուծելու, այստեղ էլ երկրորդ կարծիք չկա: Այսինքն՝ շատ ավելի լավ, շատ ավելի ազատ կարելի էր այս գործն անել, ու ոչ մեկի համար խնդիր չստեղծել, բայց եթե որոշել են գնալ մի քանիսի համար մեծ եկամուտներ ապահովելու ճանապարհով խնդիրը լուծելու ճանապարհով, հարցի մյուս կողմն է:
– Այսինքն՝ եթե հիմա այդ դրոշմապիտակների համար վճարի գործարարը, ապա ապրանքը կթանկանա՞:
– Բնականաբար:
– Իսկ այդ դրոշմապիտակները կեղծելու վտանգ կա՞ այս նոր որոշմամբ:
– Եթե կեղծելու մասին ենք խոսում՝ ասեմ, մենք կարող էինք ունենալ ընդամենը ամեն մեկին մեկ գեներացված QR ու քանակ. պայմանական՝ սուրճի բաժակ արտադրողը արտադրել է մեկ միլիոն հատ, ապա այդ նույն արտադրողը թող մեկ հատ QR կոդ վերցնի ու վերցնի QR-ի քանակ, ու կստուգեր, տեսներ՝ այդ QR-ով է աշխատում, թե՞ չէ, ինչո՞ւ ես ամեն մեկի համար առանձին-առանձին գեներացնում, որ հետո էլ ասես՝ համակարգ եմ ստեղծել:
Տես նաեւ մեր գործընկեր՝ Factor TV-ի հետաքննությունը
Իսկ այն խնդիրը, որ դրված էր ԵԱՏՄ-ով լուծելու համար, վատ բան չէ, բայց ամեն լավ բան կարելի է փչացնել: Սա այն դեպքը չէ, որ ասեմ՝ շատ լավ բան էր, բայց այն դեպքն է, որ հաստատ կարող էր չլինել այնքան վատ, ինչքան կա: Սա իրականում շատ լավ մտածված բան է՝ ինչ-որ մեկի շահերից ելնելով, միշտ ասում ենք, թե մտածված որոշում չէ, բայց երբ խորանում ենք, տեսնում ենք, որ շատ լավ էլ մտածված է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















