Հստակ չափանիշներ պետք է սահմանվեն, որպեսզի կոռուպցիոն ռիսկերից խուսափենք. Խաչատրյանը՝ արտերկրում պետական կրթաթոշակների մասին

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ Կառավարության մարտի 6-ի նիստում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ արտերկրի հեղինակավոր բուհերում սովորելու համար ՀՀ քաղաքացիներն այսուհետ կստանան պետական կրթաթոշակ, եթե նրանք համապատասխան աջակցություն ունեն նաև ՀՀ-ում գործող մասնավոր ընկերություններից և համարվում են տվյալ ընկերության աշխատակից: Ի՞նչ է տալու այս փոփոխությունը, որոնք են այս որոշման դրական կամ բացասական կողմերը:

– Սա մի քիչ այլ ծրագիր է, որը նախատեսված է մասնավոր ձեռնարկությունների համար, որոնք իրենց աշխատողին կարող են ուղարկել արտերկրի համալսարաններ, ու այդ համալսարանները պետք է լինեն Շանհայի ցուցակի 65, իսկ մագիստրատուրայի դեպքում՝ 75 լավագույնների ցանկում: Այս ծրագիրը նորմալ է, բայց պետք է բացառիկ դեպքերում կիրառվի, որովհետև մենք գործ ունենք պետական բյուջեից վճարվող գումարների հետ: 

Նախկինում, երբ ունեինք «Լույս» կամ «Իմ քայլը» հիմնադրամները, որոնք ֆինանսավորում էին այդ ուսանողներին, այդ գումարները բյուջեից չէին վճարվում: Պարզ է՝ հիմնադրամներն ունեին իրենց բարերարները, իսկ այս պարագայում կոնկրետ հարկատուները պետք է վճարեն այդ մարդու համար: 

Ահա թե ինչու ես կարծում եմ, որ սա պետք է բացառիկ դեպքերում կիրառել, ու պետք է հստակ հիմնավորում լինի, որ տվյալ մարդու արտերկիր գնալն ու այնտեղ սովորելը խիստ անհրաժեշտ են, որովհետև մենք այսօր շատ բաներ կարող ենք անել նաև հեռավար դասընթացների միջոցով: Համալսարանական կրթության կարևոր բաղադրիչներից մեկն էլ այդ սոցիալական մասն է, որ գնաս այդ միջավայրում շփվես և այլն, ու ես կարծում եմ, որ դա չպետք է պետության հաշվին անել: 

Այս որոշման համատեքստում մենք պետք է ֆինանսավորենք միայն այն ծրագրերը, որ այդ մարդու՝ արտերկրի համալսարան գնալուն այլ տարբերակ չկա, որովհետև մենք կարող ենք շատ ավելի մատչելի տարբերակներով՝ հեռավար ինչ-որ դասընթացներով, նյութերով այդ մարդու մասնագիտական որակները բարելավել: Հիմա այստեղ եթե մենք մարդուն ուղարկում ենք արտերկիր, ապա պետք է լուրջ հիմնավորում ունենանք դրա համար: 

– Ենթադրում եք, որ այն կոռուպցիոն ռիսկե՞ր է պարունակելու:

– Այո՛, պետք է զգույշ լինել, որովհետև այս ծրագիրը կարող է բավական կոռուպցիոն ռիսկեր ունենալ, կարող են մի ազդեցիկ մարդու երեխայի ներկայացնել՝ մի կողմից պետբյուջեից փող ստանալ, մյուս կողմից՝ այդ կազմակերպությունից, ու այդ ազդեցիկ մարդու ծանոթը կամ երեխան գնա պետբյուջեի ու մասնավոր ընկերության գումարներով իր կրթության հարցը լուծի: 

Այստեղ շատ դժվար է նաև ցույց տալ հետևյալը. լավ, գնաց, սովորեց, արդյոք ուրիշն ավելի արժանի չէ՞ր, որ գնար, արդյոք այդ սովորածով կազմակերպությանը օգուտ տվե՞ց: Այսինքն՝ այդ շահերի բախման, կոնֆլիկտի հարցը պետք է խիստ դնել, որ այդ գնացող մարդը չի կարող լինել այդ կազմակերպության ղեկավար կազմի, հոգաբարձուների խորհրդի անդամների երեխան, ընտանիքի անդամը: Նման սահմանափակումներ պետք է դնել, որովհետև կարող է մի բանկ, օրինակ՝ վերցնի իրենց ղեկավարի ազգականներից մեկին ուղարկի: 

Այս իմաստով, ես կարծում եմ, շատ խիստ չափանիշներ պետք դնել ու նաև հիմնավորել, թե ինչո՞ւ հնարավոր չէ այդ ամենը հեռավար անել և այլն, և այլն: Բոլորս էլ գիտենք, որ այսօր շատ մեծ հնարավորություններ կան շատ ավելի մատչելի գներով, Հայաստանում մնալով, ավելի շատ բաների հասնել: Այս պարագայում ամբողջ բեռը դրվում է պետության ու մասնավոր ընկերության վրա: 

Սա նոր բան է, մինչև հիմա ունենք այսպիսի տարբերակ, որ երբ երեխաները դպրոցն ավարտում են, իրենք են դիմում արտերկրի համալսարաններ ու եթե ընդունվում են՝ գնում են, այս պահին գործող համակարգը դա է: Այդ երեխաների մի մասն անվճար է սովորում, որովհետև կրթաթոշակը փոխանցվում է, մի մասը՝ մասնակի կրթաթոշակ, մի մասը՝ ամբողջ, բայց մինչև այս պահը գնացել են այն երեխաները, որոնց ուսման վարձի 70 տոկոսը կա՛մ տվյալ համալսարանն է վճարել, կա՛մ ինչ-որ մասնավոր ընկերություն, բայց պետությունից ոչինչ չի վճարվել: 

– Ըստ ձեզ՝ գործող ընթացակա՞րգն է լավը, թե՞ այս նոր որոշումը, պարո՛ն Խաչատրյան:

– Դե, հինն էլի մնում է, սա նոր բան է ավելանում: Ես չգիտեմ, թե ինչու են ուզում այդ 10 միլիոն դրամն անպայման բյուջեից ստանալ: Եթե այսպես են որոշել, ուրեմն, կրկնում եմ, պետք է շատ քիչ մարդ օգտվի դրանից, որովհետև Հայաստանում շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, ու բյուջեից այդ գումարը թող դրան հատկացնեն: Օրինակ՝ ունենք մարդիկ, որոնք քաղցկեղով հիվանդ են, ու ամեն ամիս աստղաբաշխական գումարներ են ծախսում քիմիաների վրա, այդ մարդկանց պետք է օգնել: Մասնավորի հաշվին գնալը ոչինչ, բայց այստեղ խնդիրն այն է, որ տվյալ մարդիկ օգտվելու են բյուջեի փողերից, ուրեմն դա պետք է մեր պետության համար չափազանց կարևոր լինի, որի արդյունքները հասարակությունը շոշափելիորեն նաև կզգա: 

Պետք է լինի որակյալ հանձնաժողով, խիստ վերահսկողություն, ու բացառիկ մարդիկ պետք է գնան այս ծրագրով ու նաև լավ մասնագետ: Այդ քննարկման ժամանակ վարչապետն անընդհատ շեշտում էր, որ գոնե երկու տարվա փորձ ունեցող մարդը գնա:

Այո՛, ես համաձայն եմ, չպետք է գնա մեկը, որը սկսնակ է, պետք է գոնե գնա մեկը, որը որոշակի ճանապարհ է անցել, հաջողություններ է արձանագրել, ու հիմա այդ նոր կրթական հնարավորությունը իրեն կբարձրացնի մի նոր մակարդակի, այս դեպքում՝ արժի: Բայց վերցնել սկսնակ մեկին ու պետության և ինչ-որ ընկերության հաշվին ուղարկել, կարծում եմ՝ արդար չէ: Պետք է շատ արժանավոր մարդ գնա: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am