Վարդան Ղուկասյանը մտել է քաղաքականություն, որովհետև նրա նկատմամբ քրգործեր են հարուցվել. ՔՊ պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը

Տիկի՛ն Հակոբյան, Գյումրին այժմ ունի նոր քաղաքապետ, որն ակնհայտորեն չի կիսում ձեր թիմի քաղաքական դիրքորոշումները։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հանգամանքը, և ի՞նչ համագործակցության պատկերացումներ ունեք նոր քաղաքապետի և իշխանության միջև։

– Նախապես չենք կարող գուշակել, թե ինչպես կստացվի համագործակցությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ տարբեր համայնքներում այժմ էլ գործում են համայնքների ղեկավարներ, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն ներկայացնում, սակայն նորմալ համագործակցում ենք։ Այլ բան է, որ դժվար է պատկերացնել համագործակցությունը մի մարդու հետ, որը Հայաստանը տեսնում է Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության կազմում, կամ «բռնաբարության առարկա» է համարում կարճ շրջազգեստ հագած կնոջը և այլն։

– ՔՊ խմբակցությունը բոյկոտեց Գյումրու ավագանու առաջին նիստը, ի՞նչ նպատակով դա արվեց։ 

– Բոյկոտի ինստիտուտը քաղաքականության մեջ դիրքորոշում հայտնելու ձև է, սակայն այս մասին անձամբ չեմ խոսել Գյումրիում մեր խմբակցության ղեկավարի հետ։

– Երբ ձեր թիմակիցները հնչեցնում են հայտարարություն, թե Վարդան Ղուկասյանը պետք է ճաղերի հետևում լիներ, այլ ոչ թե քաղաքապետի աթոռին, մարդկանց մեջ օրինական հարց է առաջանում. եթե հանցագործ է, ինչո՞ւ մինչև հիմա ձերբակալված չէ։ Ողջամիտ հարց չե՞ք համարում սա, համաձայն չե՞ք, որ եթե հիմա նրան ձերբակալեն, դա կդիտվի որպես ընտրովի արդարադատություն ։ 

– Մարդկանց ձերբակալել-չձերբակալելը, որ փուլում ձերբակալելը մեր լիազորությունների տիրույթից դուրս է։ Բայց որ Վարդան Ղուկասյանը մտել է քաղաքականություն, որովհետև նրա նկատմամբ գործեր են հարուցվել, սա հենց ինքն է փաստել։ Այնպես որ, նրա հնարավոր ձերբակալության դեպքում դա համարել ընտրովի արդարադատություն, համաձայնեք, որ արդար չէ։ 

Հիշեցնեմ, Վարդան Ղուկասյանը մեղադրվում է բազմաթիվ արարքների համար՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի, նաև՝ փողերի լվացման համար, Գլխավոր դատախազությունը պահանջում է նրանից բռնագանձել տասնյակ անշարժ գույք և շարժական գույք, հարյուրավոր միլիոն դրամ և այլն։ 

Այն մեղադրանքը, որը կարող են մեր քաղաքացիները հնչեցնել մեզ Վարդան Ղուկասյանի հետ կապված, կարող է վերաբերել հարյուրավոր նախկին այլ պաշտոնյաների։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո հասարակության շրջանում ակնկալիք էր ձևավորվել, որ գողացվածը շատ արագ պետք է վերադարձվեր, նրանք իրավացիորեն կարող են մեզ մեղադրել արդարադատության համակարգի տեմպերի մեջ։ Մենք զրոյից ստեղծել ենք դատարաններ, ընդունել ենք օրենքներ, տվել ենք գործիքակազմեր, որպեսզի անկախ դատարանը հնարավորություն ունենա իրականացնել այդ արդարադատությունը։ Այժմ բազմաթիվ գործեր դատարանում են, մենք սկսել ենք հատիկ առ հատիկ քաղաքացիներին վերադարձնել իրենցից թալանածը։ 

– Տիկի՛ն Հակոբյան, կարծիքներ են հնչում, թե իշխանությունը չի հաշտվել Գյումրիում ու Փարաքարում պարտության հետ, և որ մտավախություններ ունի առաջիկա ընտրությունների հետ կապված:  Կա՞ արդյոք մտավախություն, որ իշխանությունների հանդեպ վստահությունը զգալիորեն նվազել է: 

 – Բացարձակ համաձայն չեմ ձեր նշած կարծիքներին։ Ինչպես սկզբում նշեցի, ՔՊ-ն մեր համայնքների շուրջ 40 տոկոսում չի ղեկավարում համայնքը։ Ժողովրդավարական երկրներում նորմալ պրակտիկա է, երբ ՏԻՄ-երում կոալիցիոն կառավարում է ձևավորվում, երբ կենտրոնական իշխանությունը պարտվում է որոշ ընտրություններում կամ չի մասնակցում որոշ ընտրությունների։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am