Վիլենի պատմությամբ կսկսվի կադրային փոփոխությունների շղթա. Փաշինյանը չի ների Գյումրիի ու Փարաքարի պատասխանատուներին. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը: Ըստ ձեզ՝ ի՞նչ նկատի ունի նա, երբ իր գրառման մեջ նշել է. «…ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք»:

– Իր անվայելուչ պահվածքի համար նա պետք է անպայման մանդատը վայր դներ, սա պատասխանատու կեցվածք է, ու ես ողջունում եմ դա, ի տարբերություն Անդրանիկ Քոչարյանի, որը բազմաթիվ սկանդալների մեջ ընկավ, բայց հայտնի կենդանու համառությամբ պահում է մանդատը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը խորհրդարանի ամբիոնից ամենաիսկական խուլիգանի կեցվածք ընդունեց՝ նախորդ շաբաթվա հարցուպատասխանի ժամանակ, Վիլեն Գաբրիելյանը ներողություն խնդրեց ու մանդատը վայր դրեց, ինչն արժանի է դրվատանքի: 

Ըստ երևույթին՝ ներսի առողջացման մասին ակնարկները սրան էլ վերաբերում են, որ եթե քաղաքական պատասխանատվության ինստիտուտ կա, ապա դա մյուսներն էլ պետք է անեն: Առողջացման մասին այդ ակնարկները ես դրան եմ վերագրում ու նաև ենթադրում եմ, որ այս առիթը ոմանք օգտագործեցին Վիլեն Գաբրիելյանին ֆիլտրելու նպատակով՝ նկատի ունեմ իր շրջապատում ոմանց: Այսինքն՝ գործ ունենք ոչ միայն այդ տհաճ միջադեպի հետ, այլև ՔՊ-ի ներսում սկսվել է գզվռտոց: Սա իմ ենթադրությունն է, բայց դրա նշաններն ակնհայտորեն երևում են:

– Որո՞նք են այդ նշանները:

– Շատ պարզ է դա. ամբողջ ՔՊ-ի վերնախավի մասը, որ Գյումրիում էր, դուք հավատո՞ւմ եք, որ մի քանի ժամ չէր կարողանում սանձել իր թիմակցին, որն ալկոհոլի ազդեցության տակ էր: Եթե նրա կամ կուսակցության վարկի մասին մտածող լինեին, ապա նրան շատ արագ կարող էին տանել փակ տարածք՝ նոր սկանդալից խուսափելու համար, բայց չարեցին:

– Միտու՞մ եք տեսնում այդտեղ:

– Այո՛,  Վիլենն իրեն շատ վատ է պահել, մյուս կողմից՝ իր կուսակիցները շատ հաճույքով նրան, ինչպես ասում են, փուռն են տվել: Ես կարծում եմ, որ նրա պատմությամբ սկսվելու է մի նոր շղթա՝ կադրային փոփոխությունների, պաշտոնանկությունների, որովհետև չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ներելու  է այն կուսակցական շրջանակներին, որոնք պատասխանատու էին Գյումրու ու Փարաքարի ընտրությունների համար և ունեցան այդ արդյունքները: 

Բայց այստեղ էլ Փաշինյանը կմարտնչի իրականության դեմ, քանի որ իշխանության վարկանիշը մի մարդով է պայմանավորված եղել, ու այդ մի մարդը ինքն է: Դեռևս տարիներ առաջ ձեզ տված հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ, որ իշխանության ճգնաժամն ու անկայունությունը կսկսվեն այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում ապրի, որովհետև այս իշխանությունն այլ ռեսուրս չունի, հիմա այդ օրերն ենք ապրում:

– Ստացվում է, որ այդ ճգնաժամը սկսվե՞լ է, պարո՛ն Սուրենյանց:

– Ակնհայտորեն սկսվել է, նույն օրը երկու տեղում ընտրություն լինի, ու նույն արդյունքները գրանցվեն, խոսում է իշխանության ճգնաժամի մասին: Դեռևս այն փուլին չի հասել, որ խոսենք իշխանության փլուզման կամ իշխանափոխության մասին, բայց այդ գործընթացն անշրջելիորեն մեկնարկել է:

– Որ ասում եք՝ սկսելու է զտման աշխատանք, դա ի՞նչ է տալու անձամբ Փաշինյանին ու թիմին:

– Իսկ ի՞նչ է տալիս, երբ ինքը անընդհատ պատերազմի մեղավոր է կարգում նախկին նախագահներին, ըստ էության նա դրանով կարճաժամկետ խնդիր է դնում, որովհետև ամեն օրվա հետ հասարակության աչքերն ավելի են բացվում: Եթե ամիսներ առաջ ավելի քիչ մարդ էր հասկանում, որ պատասխանատուն Փաշինյանն է, հիմա ավելի շատ մարդ է հասկանում: Նա ընդամենը ժամանակ է շահում՝ ներքին կամ  արտաքին հարցերում սրան-նրան մեղավոր կարգելով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am