Երբ հաշմանդամություն ունեցողի կարգը հանկարծ չեղարկվում է. «ասեցին՝ պետությունը քեզ որպես օգնություն կարգ էր նշանակել, հիմա որոշել է, որ այլեւս չի հասնում»

Երբ հաշմանդամություն ունեցողի կարգը հանկարծ չեղարկվում է. «ասեցին՝ պետությունը քեզ որպես օգնություն կարգ էր նշանակել, հիմա որոշել է, որ այլեւս չի հասնում»
Երբ հաշմանդամություն ունեցողի կարգը հանկարծ չեղարկվում է. «ասեցին՝ պետությունը քեզ որպես օգնություն կարգ էր նշանակել, հիմա որոշել է, որ այլեւս չի հասնում»

Երբ երեք տարի առաջ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ 25-ամյա Վալերի Մանուչարյանը որոշեց պայքարել ոտնահարված իրավունքների համար, չէր էլ պատկերացնում, թե ինչ խոչընդոտների առաջ է կանգնելու:

«Երբ դիմեցի դատարան, ծանոթներիցս շատերն անհույս են համարում պայքարս, ասում են են ոչ մի արդյունքի չես հասնի, շատերի համար էլ տարօրինակ էր, այն ինչ անում եմ, բայց ինձ համար իրավունքների համար պայքարը շատ կարեւոր է, ես չեմ պատրասվում որեւէ մեկին կաշառք տալ»,-ասում է Վալերի Մանուչարյանը:

Մանուչարյանը փորձում է օրինական ճանապարհով վերականգնել Գորիսի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ ԲՍՓ-ի կողմից վերացված իր հաշմանդամության կարգը:

Վալերի Մանուչարյանը հաշմանդամ է դարձել բանակում: Երիտասարդը հիշում է, բանակում ոտքն ոլորել էր, ու բժիշկներն, ինչպես ասում են՝ «ունքի տեղն էլ աչքն են հանել»:

Նա պատմում է, որ Քելբաջարի զինվորական բուժկետում մեկ ամիս շարունակ նրան միզամուղ դեղամիջոց են տվել, ինչի հետեւանքով երեսուն օրվա ընթացքում նա առնվազն 25 կգ քաշ է կորցրել: Առողջությունն այնքան է վատացել, որ նրան պատգարակով տեղափոխել են Մուրացանի անվան Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ընդամենը մի քանի ամիս զինծառայության մեկնած Վալերի Մանուչարյանին զորացրել են 2009 թվականին՝ որպես 3-րդ խմբի հաշմանդամ, անպիտան զինվորական ծառայության համար՝ ռեւմատոիդ արթրիտ ախտորոշմամբ:

Ռեւմատոիդ արթրիտը հոդերի բորբոքման տեսակ է, անբուժելի հիվանդություն, որն ամբողջ կյանքում դեղորայքի եւ ուշադրության կարիք ունի: Վալերի Մանուչարյանը նշում է, որ հաճախ ոտքերն ու ձեռքերը, ծնկներն ու արմունկները սարսափելի ցավում են, այտուցվում, որի պատճառով օրերով ի վիճակի չի լինում տանից դուրս գալու:

Որպես երրորդ կարգի հաշմանդամ, Վալերի Մանուչարյանը պետությունից երեք տարի շարունակ ամեն ամիս 11 հազար դրամ հաշմանդամության թոշակ է ստացել: 2012 թվականին էլ, ընդունված կարգի համաձայն, կրկին դիմել է Գորիսի թիվ 2 ԲՍՓ, որպիսի փորձաքննություն անցնի, որտեղ էլ պետք ա հաստատվեր նրա հաշմանդամության կարգը: Սակայն, նա նշում է, որ ոչ միայն պատշաճ հետազոտություն չի եղել, այլեւ հաշմանդամության կարգը չի հաստատվել, քանի որ հրաժարվել է «մաղարիչ անել»:  

«ԲՍՓ-ի աշխատակիցներից մեկն ասաց՝ հանձնաժողովը Երեւանից է եկել, ճանապարհածախս են արել, ասացին՝ դե բոլորն էլ գումար տալիս են, 1 ամսվա թոշակդ տուր, քեզնից ի՞նչ ա գնում, հետո սաղ տարին թոշակ կստանաս: Երբ իմացան 11 հազար դրամ է թոշակս, ասացին՝ 3 ամսվանը պիտի տաս: Ես, իհարկե, հրաժարվեցի»,-պատմում է Վալերին:

Մանուչարյանը նշում է, որ նախորդ տարիներին իր հաշմանդամության կարգ ստանալով հարցերով բուժաշխատող մայրն է զբաղվել, որն էլ հորդորել է բոլորի նման անել այյն, ինչ պահանջում են:

Սակայն, խորհուրդներ լսելու փոխարեն, Վալերի Մանուչարյանը փորձել է նախ հասկանալ, թե ինչու է իր հաշմանդամության կարգը չեղարկվել, ապա դիմել է դատարան: 

«Ասացին, որ այլեւս հաշմանդամություն չունես, սկզբից բանակից եկել էիր, չէիր աշխատում, այսքան ժամանակ պետությունը քեզ որպես օգնություն կարգ էր նշանակել, հիմա որոշել է, որ այլեւս չի հասնում»,-պատմում է Վալերի Մանուչարյանը:

Գորիսի ԲՍՓ-ի այս որոշման դեմ Վալերի Մանուչարյանի հայցը Վարչական դատարանը սկզբում մերժել է, հետո Վալերիի՝ Վերաքննիչ դատարան բողոքից հետո գործը հետ է ուղարկվել Վարչական դատարան:

Ընդ որում, Վալերիի պատմելով, երբ նա դատարան էր դիմել, Գորիսի թվ 2 ԲՍՓ-ից մորն ասել էին՝ «Թող դիմումը հետ վերցնի, գա մեզ մոտ կարգը կտանք», բայց Վալերին  հրաժարվել է:

Երկու  տարվա պայքարի ընթացքում Վալերի Մանուչարյանը ոչ միայն խտրական վերաբերմունքի է արժանացել հասարակության կողմից, որպես սպիտակ ագռավ դիտվել, այլեւ բազում հիասթափություններ է ապրել արդարադատության ատյանների հետ շփվելիս:

Ավելի քան 13 դատական նիստերին մասնակցելու համար, Վալերի Մանուչարյանը ամեն անգամ հայրենի Քարահունջ գյուղից Երեւան հասնելու համար ստիպված է եղել շուրջ 500 կմ անցնել, եւ նվազագույնը 12 հազար դրամ ծախսել, գրեթե այնքան, որքան պետությունը տրամադրում է երրորդ կարգի հաշմանդամներին՝ որպես ամսական աջակցություն: Նա նշում է, որ ոչ մի նիստից չի բացակայել, թեեւ մշտապես հիասթափություն է ապրել :

«2012 թվականից սկսած մինչ վերջերս անընդհատ տարբեր պատճառաբանություննեերով նիստերը հետաձգում էին,  գալիս հասնում էի Երեւան, մեկ էլ դատարանում ասում էին՝ դատավորն արձակուրդում է, մյուս անգամ ասում էին՝ հետաձգել ենք, ու ինձ ծանուցում չէին ուղարկում»,-պատմում է նա:

Մինչ վճիռ կայացնելը, դատարանի առաջարկով Վալերին մեկ այլ փորձաքննության է դիմել, թեեւ առանձնապես չէր վստահում նաեւ այդ հանձնաժողովին: Երեւանի թիվ 3 ԲՍՓ-ում էլ, Վալերիի պատմելով, միայն արյան ճնշումն են չափել ու գրավոր եզրակացություն տվել. «Ուսումնասիրվել են գործում առկա բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ բժիշկ-փորձագետների կողմից իրականացվել է օպերատիվ մանրամասն զննում, այլեւս պիտանի չէ հաշմանդամության կարգի»:

Վարչական դատարանն ԲՍՓ-ի այս որոշումից հետո վճիռ է կայացրել հօգուտ ԲՍՓ-ի:

Մանուչարյանը նշում է, թե ծանոթները ասել են. տեսա՞ր, որ իզուր է պայքարդ, լավ չէ՞ր լինի, կաշառքը տայիր, պրծնեիր, էսքան քաշքշուկների մեջ չընկնեիր: Ծնողներն էլ հորդորել են անտեղի գումար ու նյարդեր չքայքայել:  

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասում է, որ  այս առումով Հայաստանն ամենավատ ցուցանիշներ ունեցող երկների շարքում է: Այն հարցին, թե արդյոք կցանկանայիք պայքարել կոռուպցիայի դեմ, թե՞ ոչ, 107 հարցված երկրների մեջ, Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում «ոչ» պատասխանով, որտեղ հարցվածներից առնվազն կեսը նման պատասխան է տվել: Հոկտանյանը նշում է, որ դրա հետեւանքը անտարբերությունն է, երկրին տեր չկանգնելու եւ համատարած հուսահատության մթնոլորտը:

«Մեկ այլ հարցման պատասխանով Հայաստանը հինգ ամենավատ ցուցանիշ ունեցող երկրների թվում է, – ասում է Հոկտանյանը:-Երբ որ հարցրել ենք՝ «եթե տեսնեք, որ կոռուպցիոն հանցագործություն է կատարվում, կհայտնեի՞ք այդ մասին համապատասխան մարմիններին», հարցվածների 69 տոկոսը պատասխանել է՝ «ոչ»: Երբ հարցրել ենք՝ ինչո՞ւ ոչ, ասել են, որ մեկ է, դրանից բան չի փոխվելու»,-ասում է Հոկտանյանը:

Սակայն, ի տարբերություն մեծամասնության եւ վերաբերմունքին, Մանուչարյանը նշում է, որ շարունակելու է պայքարը:

«Ես հասկանում եմ, թե ինչ բարդ գործընթացի մեջ եմ մտել. դժվար է պետական կառույցի դեմ պայքարել, առավելեւս ապացուցել, որ կաշառք են ուզել,- «Մեդիալաբին» ասում է Մանուչարյանը,- որոշումից հետո դիմեցի Վերաքննիչ վարչական դատարան, չնայած մեծ սպասումներ չունեի, որտեղ մերժվեց հայցը»:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը «Մեդիալաբին» ասում է, որ  ԲՍՓ-ից դժգոհությունները շատ են, մարդիկ խտրական եւ անքաղաքավարի վերաբերմունքի են հանդիպում:

Գործակալության դեմ պայքարող մեկ այլ երիտասարդ, որի ոտքն անդամահատված է, Ալավերդյանի պատմելով, պրոթեզավորման պատճառով 2-րդ խումբը դարձրել են՝ 3-րդ. Հայաստանի բոլոր ատյանները սպառելուց հետո նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Մենք չենք նկատում, որ համատարած նորմալ, մարդկային վերաբերմունք ու աջակցելու ցանկություն լինի: Եթե մարդուն մերժեն քաղաքավարի ու հիմնավորված, մարդը շնորհակալություն կհայտնի: Իսկ մեզ մոտ որոշ չինովնիկներ այնպես են մերժում՝ մուննաթով, իբր թե՝ էլի եկել եք փող պոկեք,  ուզում եք թոշակ ստանաք անպայման: Այսպիսի բաներից հետո մարդն ամեն ինչից հիասթափվում է, ու կամ արտագաղթում է, կամ չգիտեմ, ուրիշ ինչ քայլերի է դիմում, հաշմանդամություն ունեցող շատ մարդիկ էլ հաճախ բարդույթավորվում են, չեն պայքարում»,-ասում է Ալավերդյանը:  

«Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ ԲՍՓ-ի հետ խնդիր ունեցած  եւ այդ մասին բարձրաձայնած հաշմանդամություն ունեցող անձանց 47 %-ից գումար է պահանջվել հաշմանդամության խումբ սահմանելու համար, 35%-ի կողմից նշվել է  ցուցաբերված դժկամ, անմարդկային վերաբերմունքի մասին»:

Սա հատված է ԲՍՓ-ի թափանցիկ եւ հաշվետվողական գործունեության վերաբերյալ 2014 թվականի զեկույցից, որն իրականացրել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը. հարցումն անց է կացվել 55 անձանց շրջանում, որոնք դիմել են ԲՍՓ-ին: 

Այս նույն զեկույցի համաձայն, հաշմանդամության սահմանման չափանիշները պարունակում են դրույթներ, որոնք հիմք են տալիս սուբյեկտիվ մոտեցումների համար՝ հանդիսանալով կոռուպցիոն ռիսկերի շարժառիթ:

Ըստ ԲՍՓ տվյալների` յուրաքանչյուր տարի փորձաքննության է ենթարկվում շուրջ 74500 մարդ եւ նրանցից 4%-ը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող: Այսինքն այս մարդիկ զրկվում են համապատասխան վերականգնողական անվճար, կամ զեղջով ծառայություններ ստանալու հնարավորությունից, ինչն էլ նպաստում է  երկրորդային հաշմանդամության աճին՝ խորացնելով հասարակության սոցիալական բեռը:

Վալերի Մանուչարյանն ասում է,  որ ինքը ստիպված է ամբողջ կյանքում պարբերաբար բուժում ստանալ, ինչն էժան չէ, իսկ հաշմանդամության 3-րդ կարգը հնարավորություն էր տալիս ուղեգրով՝ անվճար, որոշ դեպքերում 50% զեղչով ստացիոնալ բուժումներ եւ հետազոտություններ ստանալ.

«Խնդիրը 11 հազար դրամ թոշակը չէր, այլ՝ պետության աջակցությամբ բուժման ծախսերը թեթեւացնելը, ինչից զրկվել եմ ԲՍՓ-ի կողմնակալ որոշման հետեւանքով»,-ասում է Մանուչարյանը:

Ալավերդյանն նշում է, որ մեր բնակչության մոտ 6%-ն է հաշմանդամ, իսկ ԱՀԿ չափանիշներով պետք է 15% լինի.

«Ինչպես եղավ, որ երկրաշարժ ու պատերազմ տեսած Հայաստանում, որտեղ բժշկությունն էլ ամենափայլունը չէ, բնակչության 6%-ն է հաշմանդամ»,-հարցնում է Ալավերդյանը:

Բժշկասոցիալական փորձաքննություն գործակալության ղեկավար Արմեն Սողոյանն այս տարվա փետրավարից է ստանձնել պաշտոնը. Նա «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է՝ մոտ 50% դեպքերում հաշմանդամության խումբը փոխվել է, բայց դա անհիմն չի փոխվում, այլ՝ անհիմն տվածները վերափոխում են, դառնում հիմնավոր. «Հրահանգ կա՝ պիտի օբյեկտիվ լինեն, ու ոչ մի բան հաշվի չառնեն, թե նախկինում ինչ է եղել, ինչ՝ չի եղել: Եթե մարդուն չի հասնում կարգ, չպիտի սահմանեն, անկախ նրանից, թե նախկինում քանի տարի է սահմանված եղել կարգ»,-ասում է նա:

2014-ին ՀՀ կառավարությունը հաստատել է անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության «ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների» վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման հայեցակարգը:

Սա, ըստ էության, բարեփուխում է ոլորտում. հաշմանդամության կարգավիճակը սահմանելու համար ավելի համապարփակ պիտի գնահատվի մարդու ֆունկցիոնալությունը՝ առողջական եւ  այլ բոլոր գործոնները հաշվի առնելով:

Այս բարեփոխումները, ինչպես ասում է Սողոյանը, շարունակական գործընթաց է, ոլորտը կբարելավվի.

«Մենք բարեփոխումներ ենք անում, որպեսզի ոչ թե դժգոհ մնացած քաղաքացին գոհ մնա, այլ որպեսզի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գոհ մնա: Հրահանգ կա, որպեսզի աշխատակիցներն ավելի ուշադիր, թափանցիկ ու բարեխիղճ լինեն»,-նշում է նա:

Ալավերդյանը լավատեսորեն է տրամադրված բարեփոխմանը, եւ, որպես հաշմանդամություն ունեցող անձ, ներառվել է այդ գործընթացում: Նա նշում է, որ իր մտահոգությունները չափորոշիչների կիրառման հետ են կապված:

«Այնպես չլինի թղթի վրա գրված չափանիշները լավը լինեն, իսկ դրանց կիրառումը բյուրոկրատական քաշքշուկներ բերի, այլ իսկապես թափանցիկ ու վերահսկելի լինեն: Օրենք փոխելով՝ մարդկանց չես փոխի.լավ կլինի մի երկուսը պատժվեն, որ մյուսները զգաստ լինեն»,-«Մեդիալաբին» ասում է նա:

«Լիարժեք կյանք» ՀԿ ղեկավար Սուրեն Մաղաքյանն ասում է, ԲՍՓ-ում նոր մեթոդների ներդրումը հույս է ներշնչում, իսկ որպեսզի պարզ լինի, այս 1 տարում բարեփոխումների ներդրումից հետո ինչպիսի իրավիճակ է, հնարավոր է պարզել մի քանի տարի հետո՝ նոր հետազոտությամբ:

«Մարդիկ հաշմանդամության կարգի չեն ձգտի զուտ թոշակ ստանալու համար, այլ՝ պետական աջակցության ստանալու՝  կյանքին լիարժեք մասնակցության ապահովման համար»,-նկատում է Մաղաքյանը:

Սակայն, Վալերի Մանուչարյանն էլ մեծ հույսեր չի կապում ո՛չ ԲՍՓ ոլորտում կատարվող բարեփոխումների, ո՛չ էլ դատական համարակարգի հետ:  

«Մարդկանց մտածելակերպը պիտի փոխվի,- «Մեդիալաբին» ասում է Վալերի Մանուչարյանը: -Բայց ես մինչեւ վերջ պայքարելու եմ, առայժմ փաստաբան վարձելու խնդիր ունեմ, տեսնեմ թե Վճռաբեկն ինչ կորոշի, ըստ այդմ էլ կորոշեմ՝ ՄԻԵԴ դատարան դիմել, թե՝ ոչ»: 

Նելլի Բաբայան

© Medialab.am

Նկարում՝ Վալերի Մանուչարյանը կամավոր մասնակցում է «Հանձնիր արյուն, փրկիր կյանք» նախաձեռնությանը: Գորիսի արյունաբանական կենտրոն, Սյունիք 2014 թ.: