ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումը «մեզ համար Ռուսաստանից այս աննորմալ կախվածությունը մեղմացնելու կարևոր քայլ է». Ռուբեն Մեհրաբյան

ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումը «մեզ համար Ռուսաստանից այս աննորմալ կախվածությունը մեղմացնելու կարևոր քայլ է». Ռուբեն Մեհրաբյան
ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումը «մեզ համար Ռուսաստանից այս աննորմալ կախվածությունը մեղմացնելու կարևոր քայլ է». Ռուբեն Մեհրաբյան

Հայաստանի և Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը Հայաստանին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել իր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարթություններում: Բայց չի բացառվում, որ Ռուսաստանը դարձյալ կփորձի խոչընդոտել, և կկրկնվի 2013 թվականի սցենարը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով այն հարցին, թե hնարավո՞ր է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն աշնանը չստորագրվի և կրկնվի 2013-ի սեպտեմբերի սցենարը, պատասխանել է, որ առայժմ խանգարող հանգամանք չկա:

«Մենք գնում ենք ստորագրման, հնարավո՞ր է զարգացումներն այնպիսին լինեն, որ չստորագրվի` այս պահին չենք տեսնում: Բայց դա մի պրոցես է, որ բանակցվում է: Հաստատակամ գնո՞ւմ ենք, թե՞ չէ` շատ հաստատակամ գնում ենք»,- ասել է Կարապետյանը:

«Համանայնդեպս, այս պահին հակառակը դեռ ոչ ոք չի ասել, որ այդ համաձայնագիրը չի ստորագրվելու: Հետևաբար, համարենք, որ աշնանը, այնուամենայնիվ, կստորագրվի այն»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով` «Բայց պարոն վարչապետը նաև ճիշտ է, երբ լիովին վստահ չի խոսում դրա մասին, որովհետև մենք ի դեմս Ռուսաստանի գործ ունենք մի մոլագար դաշնակցի հետ, որը պարզ չէ, թե վաղն առավոտյան մեզ ինչ անակնկալներ կհրամցնի: Ձախ ոտքից վեր կենա` մի բան կասի, աջ ոտքից՝ այլ բան»:

Ըստ վերլուծաբանի՝ մենք շատ լավ գիտենք, որ Ռուսաստանը Հայաստանի բարեկեցության համար ոչինչ չի անելու, իսկ հակառակ ցանկացած գործողության պատրաստ է:

«Այդ թվում՝ չկա նման ստորություն, որին Ռուսաստանն ընդունակ չլինի: Եվ վարչապետն այդ իմաստով, այո՛, զգուշավորություն է հանդես բերում»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ մյուս կողմից էլ պատասխանատվության տեսանկյունից խնդրահարույց է, երբ վարչապետն այդ ամենն ասում է ու մի կողմ քաշվում, որովհետև Հայաստանը պետք է նաև ինքն իր հաստատուն քայլերն անի այդ ուղղությամբ ու Ռուսաստանի հիստերիային վերջ տա:

Վերլուծաբանի դիտարկմամբ` նոր համաձայնագրի բանակցային փուլում Ռուսաստանի կողմից դեռևս էական խոչընդոտներ չեն նկատվում:

«Առայժմ ոչ սթափ մռթմռթոցների մակարդակով նկատել ենք, բայց ոչ ավելին: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք բախվի 2013-ի սեպտեմբերի 3-ի նման մի իրավիճակի: Ամեն ինչ հնարավոր է, որովհետև, կրկնում եմ, չկա որևէ ստորություն, որին Ռուսաստանն ընդունակ չլինի»,- ասում է վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ երկար բանակցություններից հետո 2013 թ. նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև պետք է ստորագրվեր ասոցացման համաձայնագիրը, որը կողմերի միջև ազատ առևտրի ռեժիմ էր ենթադրում: Սակայն նախքան համաձայնագրի ստորագրումը, 2013 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը: Մասնագետները դիրքորոշման կտրուկ փոփոխությունը կապեցին Ռուսաստանի կողմից Սերժ Սարգսյանի վրա գործադրված ճնշման հետ:

Վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ մյուս կողմից էլ` 2013 թվականից մինչ այսօր փոփոխություն է տեղի ունեցել, որը հնարավոր է ազդի, որ Ռուսաստանն այլևս չկարողանա այս հարցում ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: «Այսօր Ռուսաստանի պարանոցից կախել են աննախադեպ պատժամիջոցների մի փաթեթ, որն այդ երկրին կտանի ու կհասցնի ջրի հատակը, կսահմանափակի ագրեսիվ պոտենցիալը: Հայաստանը պատմության ու սերունդների առաջ պարտք ունի օգտվելու այդ ամենից և թոթափելու այդ խայտառակ լուծը»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ կտա Հայաստանին ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումը, Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ պետք է հաշվի առնել հետևյալը. այս համաձայնագիրը, ի տարբերություն այն համաձայնագրերի, որոնք ԵՄ-ի հետ կնքել են Վրաստանն ու Ուկրաինան, չի ենթադրում ազատ առևտրի ռեժիմ:

«Հետևաբար, սա մեր ռազմավարության մեջ դիտարկում եմ որպես ինչ-որ միջանկյալ փուլ, որն այնուամենայնիվ պետք է բերի ու հանգեցնի այդ ամենին: Սա մեզ համար Ռուսաստանից այս աննորմալ կախվածությունը մեղմացնելու կարևոր քայլ է»,- նշում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am