«Աղջիկս ծնվեց, ինքը պոստերից իջավ, եկավ ծննդատուն, որ տեսներ, գնաց ու այլևս չվերադարձավ»․ հետախույզ Կարապետ Զաքարյանի ընտանիքը՝ նրա մահից հետո

Երեք երեխաների մայր 34 -ամյա Լիանա Կարապետյանի համար ամուսնու զոհվելուց հետո կյանքը կորցրել է բոլոր գույները՝ դառնալով սև ու սպիտակ։ Ասում է՝ շնչում է, գոյատևում է, բայց այլևս լիարժեք կյանք ունենալ չի կարող: 

«Ինձ չի թվում, թե էս պատերազմից հետո մայրերը, կանայք շարունակում են ապրել, ոնց որ տարիներ առաջ են ապրել: Չէ՛։ Կյանքը լրիվ փոխվել ա, կարելի ա ասել՝ գույները կորցրել ա»,- հուզվում է կինը։

Լիանան Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքից է։ Երրորդ երեխան նոր էր ծնվել, երբ օրեր անց ամուսինը՝ ավագ սերժանտ, հետախույզների ջոկատի հրամանատարի տեղակալ 33-ամյա Կարապետ Զաքարյանը, կամավոր մեկնեց Ջրական (Ջաբրայիլ)՝ առաջնագիծ ու այլևս չվերադարձավ։

«Հոկտեմբերի 3-ին աղջիկս ծնվեց, հոկտեմբերի 5-ին ինքը պոստերից իջավ, էկավ ծննդատուն, որ էրեխուն տեսներ։ Տեսավ, գնաց ու այլևս չվերադարձավ»,- պատմում է կինը:

Կարապետ Զաքարյանը, Լիանայի պատմելով, զոհվել է հոկտեմբերի 11-ին անօդաչու թռչող սարքից, սակայն իրենք այդ մասին իմացել են միայն մեկ ամիս անց: 

«Ես նոյեմբերին եմ իմացել։ Իհարկե, կասկածներ ունեի, երբեք չէր եղել, որ ինքը երկու օր տուն չզանգեր, որտեղ ուզում ա լիներ, կզանգեր… Բայց պնդում էին, թե հետախույզ ա, իր գործողությունների մեջ ա, դրա համար կապ չի հաստատում։ Մի ամսից նոր իմացանք, բարեկամներս զորամասից ճշտեցին, որ զոհվել ա, զոհվել են նաև ջոկատի տղաների մեծամասնությունը»,- հուզվում է երիտասարդ կինը: 

Լիանան ամուսնուն կենսուրախ է հիշում, պատմում է՝ սիրում էր կյանքը, ուրախանում էր ամեն մանրուքից, նպատակասլաց էր․ «Եթե նպատակ էր դնում ինչ-որ բանի հասներ, անպայման պիտի հասներ։ Ինքը շատ յուրահատուկ էր, շատ քչերն են, որ համ ընտանիքին են նվիրված, համ գործին, համ ծնողին ու շրջապատին, ինքն այդպիսին էր»։

Դեռատի կինը երանությամբ է հիշում անցյալը՝ երջանիկ ու անհոգ: Բայց հիմա պատերազմը ստիպում է նրան ապրել միայն հիշողություններով. «Մենք շատ երջանիկ էինք մինչև պատերազմը, բայց կորցնելուց հետո ես հասկանում՝ ինչ ես կորցրել։ Այսօր ես չեմ ապրում։ Իմ կյանքը դատարկ է ու անիմաստ։ Ապրում եմ հիշողություններով»։

Ասում է՝ սրտում ցավ է, ամուսնուց հետո կյանքը կորցրել է իմաստը. «Եթե մարդու կեսը մահացած ա, ո՞նց կարա մարդը շարունակի լիարժեք ապրել»։ 

Միակ սփոփանքը Լիանան փնտրում է երեք երեխաների մեջ, որոնք դարձել են իր կյանքի փոքրիկ լուսավոր կետը, որոնց ուրախ ապագայի համար երիտասարդ կինը փորձում է վիշտը հոգում շարունակել ապրել:

Այնուհետև հավելում է, որ երեխաների ներկայությունն է միայն, որ մի փոքր սփոփանք է տալիս, բայց այլևս իր համար ապագա չի պատկերացնում:

«Ապագա չկա ինձ համար, ես ապագա տեսնում եմ միայն երեխաներիս համար, իսկ ես ապագա չունեմ, չեմ էլ մտածում այդ մասին»,- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է Լիանան:

Արփինե Արզումանյան

MediaLab.am