«Ասեց՝ մամա, զինվոր խոխեքիցս շատերը չկան, ծնողների աչքերին ո՞նց եմ նայելու, հիմա ոչ ինքը կա, ոչ երեխեքը»․ Լյուսիկ Պետրոսյանը՝ լեյտենանտ որդու մասին

«Ինքը մինչև վերջ չասեց՝ ինչ ա կատարվում, մենակ ասեց՝ մամա, խոխեքից շատերը չկան, զինվորներս չկան, ծնողների աչքերին ո՞նց եմ նայելու, ինքը միայն երեխեքի մասին էր մտածում… Դե հիմա ոչ ինքը կա, ոչ երեխեքը, էդ պոստից ոչ մեկը չկա»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 50-ամյա Լյուսիկ Պետրոսյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ավագ որդուն։

Լյուսիկ Պետրոսյանը, իր ապրած կյանքին հայացք նետելով, ասում է՝ ամեն ինչ տեսավ, ամեն ցավ զգաց։

Լյուսիկը ծնվել և մեծացել է Բաքվում, 16 տարեկանում Բաքվից տեղահանվել է՝ կորցնելով Բաքվի տունը, 2020-ի պատերազմի ժամանակ կորցրել է Հադրութում ունեցած տունը և ամենածանրը՝ 25-ամյա որդուն։

Ամուսնալուծվելուց հետո մենակ է մեծացրել չորս երեխաներին, դժվարությամբ ու չարչարանքով ապահովել նրանց կարիքները, բոլորին կրթության տվել։ Բոլոր նպատակներն ու երազանքները կապել է երեխաների հետ։ 

Ավագ որդու զոհվելուց հետո ասում է, որ տեղը չի գտնում՝ կյանքը փոխվեց։

«Ես որ Բաքվից եկել եմ, 30 տարի տուն եմ սպասել, ինձ պետությունից պետք ա տուն տային, չեն տվել, ես կոտրած տան մեջ եմ պահել իմ երեխեքիս, ոչ մեկը չի իմացել՝ ոնց եմ մենակով չորս երեխեքիս պահել , պետությունից ոչ մի օգնություն չեմ ստացել, 30 տարի էս վիճակում ապրել եմ, բայց հիմա էլ համաձայն եմ՝ էլի տենց ապրեի, բայց երեխես հետս լիներ»,- կսկիծով նշում է Լյուսիկը։

Ընդգծում է՝ ավագ որդին տան հենարանն ու հույսն էր, ամեն հարցով իրեն էին դիմում: «Տղես իմ մեջքիս կանգնած էր, մեր սաղ ընտանիքի հարցերը ինքն էր լուծում, իմ հույսն ու հավատն էր»,- ասում է որդեկորույս մայրը։

Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Որդին՝ ավագ լեյտենանտ Վլադիմիր Գուրջիյանը, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայել է Ջրականում, 44-օրյա պատերազմի ժամանակ թեժ մարտերում վիրավորում է ստացել, մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: 

«Սեպտեմբերի 14-ին իր 25 տարեկանը լրացավ, լավ ծնունդ արեցինք, ինքը ամսի 25-ից բարձրացել ա դիրքեր, ամսի 30-ին առավոտ շուտ լուրն եկավ։ Կռիվը թեժացել էր իրենց հատվածում, ինքը սրտից վիրավորվել էր, չէին հասցրել տանել, երեխուս ինչ-որ բան անել, ճանապարհին է մնացել»,- որդու զոհվելու հանգամանքները դողացող ձայնով պատմում է մայրը։ 

Ասում է՝ նույն օրը, դեպքից կես ժամ առաջ է խոսել որդու հետ ու մտքով չէր անցնի, որ րոպեներ անց տղային ընդմիշտ կկորցնի։

«Ինքը հենց էդ օրը առավոտը զանգեց՝ դե արխային մնացեք, լրիվ լավ ա լինելու, ամեն ինչը լավ ա: Իրա զանգից երևի մի կես ժամ հետո էդ լուրը եկավ…»- ասում է Լյուսիկը։

Կինը ամբողջ պատերազմի ժամանակ չի հեռացել Արցախից, մնացել է Ստեփանակերտում, ասում է՝ չէր կարող դուրս գալ, երբ գիտեր, որ երկու որդին առաջնագծում հակառակորդի դեմ են պայքարում: Որոշել է մնալ, որդիներին մոտ լինել։

«Իմ երկու տղերքս էլ կռվում էին, մյուս տղես էլ Մարտունի 3-ում էր պոստեր բարձրացել, ես համ էն մեկի մասին էի մտածում, համ՝ մյուսի, շատ փիս վիճակներ էին։ Ստեփանակերտի վայենկոմատի մոտ էինք մնում ես ու աղջիկս։ Ասում էի՝ ինչ ուզում է թող լինի, թող գա՝ ինձ կպնի, ես ո՞ւմ եմ պետք, եթե երեխեքս էնտեղ են, ես ուր փախչեմ, ես ճակատագրից չեմ կարա փախչեմ։

Էն մեկից լուրն եկավ, փոքր տղուս չէին ասել, չէին թողնում գար, ես էլ դուրս չեկա Ստեփանակերտից։ Փոքր տղես ասում էր՝ գնա, իմ սիրտն արխային լինի: Ես ասեցի՝ չեմ կարա դուրս գամ… Վախենում էի, որ դուրս գամ, իրեն էլ բան լինի»,- հիշում է նա։

Լյուսիկը թախծոտ ժպիտով հիշում է, որ նախորդ տարի հունիսի 1-ին ավագ որդուն նշանել էին, որոշել էին այս տարի հուլիսին հարսանիք անել, բայց ամեն ինչ կիսատ մնաց․ «էդ աղջիկն էլ տենց մնաց, մեր կյանքն ի՞նչ եղավ»։

Մայրն ասում է՝ որդին շտապում էր նշանվել, ամուսնանալ, երեխա ունենալ, սիրտը վկայում էր, որ կռիվ է լինելու, հաճախ էր մոր հետ այս մասին խոսում։ 

«Ինքը անընդհատ կռվի մասին էր խոսում, ասում էր՝ մամա, անպայման կռիվ ա լինելու, մենք զոհվելու ենք, հենա մի տղա էլ ունես։ Ես ասեցի՝ դու քո տեղը ունես, ախպերդ՝ իրա: Ասում էր՝ շուտ նշան անենք, ամուսնանամ, երեխա ունենամ, երեխա մնա ինձ, բայց չհասցրեց ամուսնանալ… Մինչև հիմա իրա հարսիկը գալիս ա մեր տուն գնում, իրա էջում նկարներ ա գցում, ասում ա՝ ուզում եմ վերադառնա»,- արտասուքն աչքերին նշում է մայրը։ 

Որդին ընկերասեր էր, սրտաբաց, բարի՝ այսպես է մշտապես հիշելու մայրը։ 

Որդու կորստից հետո սփոփանք չի գտնում, բայց հույս ունի, երազում է՝ երեխաները այլևս կռիվ չտեսնեն: «Ես մենակ երեխեքիս մասին եմ մտածում, որ իրանք էլ են իմ նման ապրում, տուն-տեղ կորցրել են, ոնց որ ես իրանց տարիքում Բաքվից դուրս գալիս, Արցախն էլ չգիտենք ինչ ա լինում, 30 տարի հետո նույնը։ Ես էլ արդեն տարիքով մեծ եմ, ամեն ինչը տեսած, ինձ ի՞նչ մնաց, ոչ մի բան»,- ցավով ու ափսոսանքով ասում է 50-ամյա կինը:

Արփինե Արզումանյան

MediaLab.am