«Իրանցիների մի մասն առանց թեստի, անձնական մեքենաներով ու միջոցներով են հասնում Հայաստանի սահման»․ իրանահայ

A mobile vaccination group formed in cooperation with the Ministry of Health and Yerevan Municipality was located on Northern Avenue of Yerevan, Armenia

Ութսուն միլիոն բնակչություն ունեցող Իրանում ամեն օր միջինում 150 մարդ է մահանում կորոնավիրուսային հիվանդությունից: Անցած 24 ժամերի ընթացքում երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 հազար 212 նոր դեպք: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 304 հազար 135-ի:

Ըստ Իրանի առողջապահության նախարարության հաղորդման՝ մինչ այժմ 2 միլիոն 967 հազար 821 պացիենտ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Իրանի առողջապահության, նախարարությունը հայտարարել է, որ երկրում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 166 մարդ: Այս պահին Իրանում ընդհանուր բնակչության մոտ երկու միլիոնն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ընդ որում՝ նրանց մեծ մասը չի ստացել պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Երկրում կա պատվաստանյութի խնդիր:

Իրանահայ վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ Մեղրիում հսկայական հերթեր են գոյացել, Իրանից գալիս են Հայաստան պատվաստվելու.

«Մեղրիում հավաքվածների մի մասը Իրանում կորոնավիրուսի վարակման թեստ են անցկացրել և միայն թեստի բացասական արդյունքի հիման վրա կարող են երկիրը թողնել: Մի մասն էլ սահմանը հատելիս Հայաստանում են կովիդի թեստ հանձնում»,-նշեց Շահմուրադյանը։

Նրա խոսքով՝ հիմնականում տուրիստական ընկերություններ դիմողներից պահանջում են կովիդի թեստ ունենալու մասին փաստաթուղթ ներկայացնել, որից հետո նոր միայն նրանց գրանցում են ուղևորների ցուցակում:

«Ըստ երևույթին մի մասն էլ առանց թեստի և անձնական մեքենաներով ու միջոցներով են հասնում Հայաստանի սահման: Թե՜ որպես տուրիստ են գալիս Հայաստան, և թե՜ պատվաստման նպատակով: Իսկ  գալիս են, քանի որ Իրանից  Հայաստան մեկնելը ավելի էժան է», -նշեց իրանահայը:

Իրանի  նախագահը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք պատվաստել օրական 500 հազար հոգու:

Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, Հասան Ռոհանին, հայտարարել է, որ մարդիկ արդեն շուրջ 17 ամիս վարակվում են վտանգավոր վիրուսով: Մենք բոլոր հնարավորություներով փորձում ենք դիմակայել պանդեմիայի հինգերորդ ալիքին: Այս ալիքը դեռ համընդհանուր չէ, և դրա տարածումը հնարավոր է կանխել հասարակական ջանքերի շնորհիվ»:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ «Մեդիալաբի»  հետ զրույցում նշեց, որ մարզի տարբեր պոլիկլինիկաներում, որտեղ կովիդի դեմ պատվաստումներ են իրականացվում, Իրանից եկածների պատճառով հերթեր չեն գոյանում։ «Համենայն դեպս ինձ նման խնդիր հայտնի չէ», -ասաց Պողոսյանը:

Մանե Հարությունյան

MediaLab.am