Իրական հարցն այն է, թե ինչո՛ւ է Ֆրանսիան այս կետը բարձրացնում հիմա. պետք է զգույշ և իրատես լինել. Ֆրանսահայ քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Կայծ Մինասյանը

– Պարո՛ն Մինասյան, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը։ Ինչպե՞ս եք գնահատում։ Ֆրանսիայի քայլերը այս առումով որո՞նք պետք է լինեն։

– Ինչպես դեսպանն ասաց ձեր գործընկերներին, Հայաստանի կողքին Ֆրանսիայի կողմից ներդրման ռազմական բաղադրիչն արթնացնելիս դա պետք է դիտվի որպես նախազգուշացում և սպասում: 

Նախազգուշացնելով՝ Փարիզը հաղորդագրություն է ուղարկում տարածաշրջանի բոլոր դերակատարներին, այդ թվում՝ Ռուսաստանին: Սպասում, եթե Երևանը կոնկրետ առաջարկներ ներկայացնի, դրանք կուսումնասիրվեն: 

Բայց այս հայտարարությունը չպետք է չափազանցված մեկնաբանվի: Դեսպանն անմիջապես ավելացրեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան երկու տարբեր դաշինքային համակարգերում են, անգամ եթե երեսուն տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիան այդքան հեռու է գնում Հայաստանի հետ ռազմավարական բանավեճում: 

Բայց եկեք զգույշ ու իրատես լինենք: Իրական հարցն այն է, թե ինչո՛ւ է Ֆրանսիան այս կետը բարձրացնում հիմա… Արդյոք մենք դո՞ւրս ենք գալիս հումանիտարությունից, որպեսզի գնանք դեպի ռազմավարական:

– Մյուս կողմից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում հանքարդյունաբերությամբ զբաղված օտարերկրյա ընկերություններին սպառնացել է իրավական հետևանքներով, նա փոխհատուցում է պահանջում և այլն։ Այս հոխորտանքները միջազգային ինչպիսի՞ արձագանք պետք է ստանան։

– Ալիևը չի ցանկանում զրկվել քաղաքական հաղթանակից, որը նրան չի տալիս միջազգային հանրությունը: Նա հավատում էր, որ աշխարհը դեռ դիտարկում է Թրամփին որպես Միացյալ Նահանգների նախագահ: 

Նա օգտվեց բացառիկ համատեքստից և սկսեց նախահարձակ լինել կոալիցիայի կազմում: Երբեք չպետք է մոռանանք այս ռազմավարական բացառությունը, որը գերակշռում էր 2016-ից մինչև 2020 թվականները, և երբեք չմոռանանք, որ դա կոալիցիա էր, որի կազմում էին ջիհադիստ ահաբեկիչները, որոնք կռվում էին հայերի դեմ:

– Բացի այդ, Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել։ Իրավիճակը ռազմական գործողությունների վերսկսման կարո՞ղ է հասնել։

– Ինչպես ասացի, Ալիևը բազմապատկում է սադրանքները, որովհետև տեսնում է, որ հողը փախչում է ոտքերի տակից, ուստի սպառնում է, օգտագործում ռազմաշունչ բառապաշար: 

Բայց ամեն ինչ փոխվել է: Եթե Թրամփը հաղթեր ընտրություններում 2020-ի նոյեմբերին, կարծում եմ, որ Ալիևը կստանար այն, ինչ ուզում էր Ռուսաստանից և Թուրքիայից, քանի որ ԱՄՆ-ը խաղից դուրս էր, իսկ Ֆրանսիան ուներ նույն կշիռը, երբ գործում էր միայնակ տարածքում: Այժմ արևմտյան դիվանագիտությունը վերադարձավ, և Ալիևի բոլոր ծրագրերը անվավեր են:

– Առաջիկայում Հայաստան է այցելելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս այցից։ Ֆրանսիայի դեսպանն ասում է, որ այցը տրամաբանական կլինի, որ նախագահ Մակրոնը խոսի տարածաշրջանի բոլոր ղեկավարների հետ։ Մենք հնարավորություն ունե՞նք խոսելու բոլոր կողմերի հետ և ապահովելու միջնորդի դերը, նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացին։ 

– Մենք չգիտենք նախագահ Մակրոնի տարածաշրջան այցի ամսաթիվը: Անձամբ ես կարծում եմ, որ մենք չպետք է որևէ բան ակնկալենք մինչև աշուն: Ֆրանսիան ընտրապայքարի մեջ է (ըստ ամենայնի՝ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2022 թ. ապրիլի 10-ին և 24-ին, ես պնդում եմ՝ ապրիլի 24-ին …), և նախատեսվում է, որ նախագահ Մակրոնը կայցելի ընտրական նշանակություն ունեցող մի քանի պետություններ, այդ թվում`Հայաստան: 

Ավելին, աշնանը Երևանում սպասվում է ֆրանսիացի այլ պաշտոնյաների այց, օրինակ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի այցը: Նախագահ Մակրոնը, ամենայն հավանականությամբ, կայցելի բոլոր երեք երկրները, քանի որ Ֆրանսիան միջնորդական դիվանագիտության ավանդույթ ունի: Նա հետաքրքրություններ ունի բոլոր երեք երկրներում:

Ալիև-Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահը բավական դրական էր գնահատում հանդիպումը, մինչդեռ այլ էր իրողությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, երբ մտահոգություններ էին հնչում: Ինչի՞ մասին է սա վկայում։

– Ո՞վ ասաց, որ Ալիև-Պուտին հարցազրույցը լավ անցավ, իսկ Պուտին-Փաշինյան հարցազրույցը՝ ոչ: Ռուսաստանի համար կարևոր է, որ նա տարածաշրջանում պահպանի ղեկավար դիրքը: Հետևաբար, նա խաղում է երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես Պուտինը երկու կողմում է Արևմուտքի և Թուրքիայի հետ:

44-օրյա պատերազմից առաջ ղարաբաղյան հակամարտությունը գլոբալացվեց: Պատերազմից հետո Ղարաբաղի հարցը նույնիսկ ավելի գլոբալացված է, քան նախկինում: Ամբողջ աշխարհի հայերին մնում է գնահատել իրավիճակը և օգտվել դիվանագիտական նորմերին վերադառնալիս Հայաստանի շահերն առաջ տանելու համար:

Մանե Հարությունյան

MediaLab.am