«Ասեց՝ ուրիշ տեղ են տեղափոխում, հնարավոր ա՝ անհասանելի լինեմ… էդ գիշեր դեպքը կատարվեց»․ պատերազմը խլել է Լիլյայի միակ եղբորը՝ Արթուրին

Արթուր Գասպարյանը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից էր, ժամկետային զինծառայության մեջ էր, երբ սկսվել է պատերազմը։ Քույրը՝ Լիլյա Սարգսյանն ասում է՝ սկզբում եղբայրը կռվել է Աղդամում, այնուհետև տեղափոխվել Ջրական, որտեղ էլ հոկտեմբերի 9-ին զոհվել է։

«Հոկտեմբերի 8-ի երեկոյան վերջին անգամ խոսեց մամայի հետ։ Ասեց՝ ուրիշ տեղ են տեղափոխում, հնարավոր ա՝ անհասանելի լինեմ, որ չզանգեմ, չանհանգստանաք… Էդ գիշեր դեպքը կատարվեց»,- հուզվում է քույրը։

Քույրն ասում է տարբեր բաներ են պատմում, հստակ չգիտեն՝ եղբայրը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից, դիպուկահարի կրակոցից, թե՞ արկից: 

«Մենք մինչև մարտի 24-ը ընդհանրապես չգիտեինք, թե եղբորս հետ ինչ է կատարվել»,- պատմում է Լիլյան ու շարունակում, որ հոկտեմբերի 8-ից որևէ լուր չեն ունեցել եղբորից, դիմել  են ամեն տեղ՝ Կարմիր խաչ, ՄԻՊ, սակայն եղբոր մասինտեղեկություն չեն ստացել։

Հույսով ապրում էին ու սպասում, որ Արթուրը մի տեղից կհայտնվի, կարծում էին՝ հնարավոր է՝ գերի լինի, մինչև 5 ամիս անց ստացան զանգը, որով հայտնում էին ԴՆԹ-ի հաստատման մասին։

«Ամեն տեղ գնում էի, ամեն տեղ դիմում, մենք չգիտեինք՝ ինչ ա կատարվել իր հետ, ասում էի՝ գոնե դառը ճշմարտությունն ասեք, իմանանք, լուր չունեինք, կոնկրետ բան չէին ասում։ Մարտի 24-ին ԴՆԹ-ն հաստատվեց։ Մենք սպասում էինք, որ դեռ ողջ- առողջ կվերադառնա, բայց․․․»- հուզմունքի պատճառով խոսքն անավարտ է թողնում քույրը։

Լիլյա Սարգսյանը եղբոր հետ։ Լուսանկարը ընտանեկան արխիվից։

Լուրը ստանալուց հետո, միևնույն է՝ ընտանիքը շարունակում է հոգու խորքում կարծել, որ գուցե սխալմունք է տեղի ունեցել, քանի որ չեն կարողանում հավատալ ու համակերպվել, որ Արթուրը չկա․ «Հեսա մի տարին ա լրանում, բայց ոչ մի կերպ չենք կարողանում համակերպվել էդ մտքի հետ»։

Լիլյան ասում է՝ ճակատագիրը դաժանորեն կրկնվեց եղբոր պարագայում. տարիներ առաջ՝ 1994-ին, հորեղբայրն է զոհվել պատերազմում, նրա մահից հետո ծնվել է եղբայրը, որին անվանակոչել են հորեղբոր անունով՝ Արթուր․ «Եղբայրս էլ նույն ճակատագրին արժանացավ ու նույն տարիքում»,- կսկիծով ասում է Լիլյան։

Արթուրը ցանկանում էր ծառայությունն ավարտելուց հետո ոստիկան դառնալ։ Շատ էր սիրում երգել, բոլոր առիթներին ու խնջույքներին՝ տանը, դպրոցում թե զորամասում, միշտ երգում էր։ «Շատ էր սիրում հայրենասիրական երգեր, «Կյանքս կտամ հայրենիքիս» երգն էր շատ սիրում ու երգում»,- ասում է քույրը ու լռում։

Արթուրի զոհվելուց հետո Գասպարյանների ընտանիքում կյանքը ամբողջովին տակնուվրա է եղել։ Լիլյան ասում է՝ եղբորը բոլորը սիրում էին, նշում է՝ եթե մինչև մարտ ամիսը կարողանում էր մորը ինչ-որ կերպ հանգստացնել ու ասել, որ չարտասվի, հիմա որևէ խոսք ու սփոփանք չեն օգնում։

«Արթուրը մեզ համար ամեն ինչ էր։ Մինչև պատերազմը մենք շատ ուրախ էինք, ամեն ինչ փոխվեց։ Մենք ինչքան էլ ծանր տանենք, մայրիկիս պես ծանր չենք տանում, ամբողջ օրը նստած լացում ա, չգիտեմ՝ ինչ ասեմ իրեն»,- պատմում է քույրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am