Վարակի վերականգնողական ցուցանիշը բարձրացել է, հաջորդ 7 օրվա ընթացքում կարող է 3500-ից ավելի նոր դեպք արձանագրվել. Ռոմելա Աբովյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը

– Քովիդի թվերը Հայաստանում շարունակում են աճել, օրինակ, շաբաթ օրն արդեն  1000-ից ավելի դեպք է գրանցվել։ Ձեր կարծիքով՝ խնդրի ի՞նչ լուծում պետք է առաջարկվի հասարակությանն այս պարագայում։

– Անկեղծ ասած, մենք արդեն կանխատեսում էինք, որ հիմնական պրոցեսի մեկնարկի հետ կապված հիվանդության մի գաղտնի շրջանից հետո կունենանք աճ, այդ իսկ պատճառով արդեն նախապատրաստական փուլում մենք իրականացրել ենք փոփոխություններ։ 

Այդ կարգավորումը, որ չպատվաստված աշխատողները պետք է թեստավորվեն, նաև դրանով է պայմանավորված, որովհետև հիմա հիվանդությունը երիտասարդացել է և ավելի շատ աշխատող տարիքի շրջանում է տարածվում՝ անկախ նրանից՝ վերջիններս ունե՞ն այլ հիվանդություններ, թե՞ ոչ։ 

Հետագա խստացումների հետ կապված դեռևս վաղ է խոսել, քանի որ մենք պետք է դիտարկենք համաճարակային իրավիճակը հաջորդ 14 օրվա հետ կապված, որի ընթացքում նոր երևի կհասկանանք՝ ինչ լրացուցիչ միջոցառումներ, ինչ նոր սահմանափակումներ կարող են լինել։ 

– Պատվաստվելը մնում է ամենաարդյունավետ տարբերա՞կը։ Ինչո՞ւ է պատվաստումների տոկոսն այդքան ցածր Հայաստանում, ինչո՞ւ հանրությանը չի հաջողվում համոզել, որ պատվաստվեն։

– Խնդիրն այն է, որ հակապատվաստումային այդ շարժման մասնակիցները աննպատակ խեղաթյուրում են տեղեկատվությունը, և բնակչության այն մասը, որ չի կողմնորոշվում՝ պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել, տարբեր լծակներով փորձում են հակապատվաստումային քարոզ իրականացնել։ 

Բնականաբար, կա նաև մի փոքր խնդիր այն առումով, որ այս պատվաստանյութը, ի տարբերություն նախորդ պատվաստանյութերի, ամբողջությամբ չի կանխարգելելու վարակի տարածումն այն առումով, որ հիմնական նպատակը այդ պատվաստանյութերի ծայրահեղ ծանր դեպքերի և մահերի կանխարգելումն է։

Թեև արդեն կարող ենք պնդել, որ կան գիտական հետազոտություններ, որ պատվաստված անձը շատ ավելի քիչ վիրուս է արտադրում, և նրա վարակման ռիսկը շատ ավելի քիչ է։ Այսինքն՝ եթե անձը պատվաստված է, նվազում է ռիսկը, որ կվարակվի, իսկ վարակվելու դեպքում հիվանդությունը միանշանակ կտանի շատ ավելի թեթև, քան չպատվաստվածը։ 

Տարբեր ուղղություններով տեղեկատվությունը տարածվում է թե՛ մեդիայի միջոցով, թե՛ կազմակերպությունների հետ աշխատելով։ Բայց նաև երբ կա հակապատվաստումային շարժում, որը վարվող քաղաքականությանը դեմ տեղեկատվություն է տարածում, բնականաբար, այդ գործընթացը շատ դժվար է առաջ գնում։ 

Շատ խոչընդոտներ կան, և, օգտվելով առիթից, ուղղակի նաև հորդորս է նշված անձանց, կազմակերպություններին, որոնք հակապատվաստումային քարոզ են տարածում, յուրաքանչյուրը թող մտածի, որ այդ ինֆորմացիայի հետևանքով կարող է մեկ անձ չպատվաստվել, և դա դառնա այդ անձի համար ճակատագրական։ 

– Տրանսպորտում գրեթե ոչ ոք դիմակ չի կրում, առևտրի կենտրոններում ոչ բոլորն են կրում, և հիմա տուգանքի մեխանիզմը խստացված չէ։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել այս պիկը կանխելու համար, երբ ամեն օր վարակվածների ու մահացածների թվի աճ ունենք։ 

– Կանխարգելիչ միջոցառումները, բացառությամբ մի քանի միջոցառումների, որոնք բերել են սահմանափակումների խստացման, նույնն են։ Պետք է ուղղակի յուրաքանչյուր քաղաքացի այս դեպքերի աճի ֆոնին բարձրացնի զգոնությունը, որովհետև ստացվում է այնպես, որ մարդիկ, որոնք չեն հավատում հիվանդությանը, նույնպես ներգրավված են այս պրոցեսում, այսինքն՝ մեկի հարազատն է մահացել, մյուսի՝ մտերիմը, բարեկամը։ 

Մենք ունեցել ենք այդպիսի շրջան, երբ, այսպես ասած, անհավատության շրջանում հիվանդության աճ արձանագրվեց, և հենց իրենք հեռուստացույցով ասում էին, որ, այո՛, հիվանդությունը կա, շատ բարդ ու ծանր է անցնում։ 

Անկեղծ ասած, ինքներս էլ չենք պատկերացնում, թե ինչ ձևով կարելի է բարձրացնել զգոնությունը, բայց այն, ինչ առողջապահության նախարարությունն իրականացնում է՝ համագործակցելով այլ նախարարությունների հետ, անընդմեջ արվում է, ոստիկանության հետ աշխատում են, տեսչական մարմինների հետ աշխատում են։ Վերջիններս վերահսկողությունն ուժեղացրել են։ 

Ի միջի այլոց, պետք է նշեմ, որ ամբողջ աշխարհում կա բնակչության մոտ դիմակներից հոգնելու միտումը։ Բայց պետք է հասկանանք, որ այս հիվանդությունը կառավարելու միակ միջոցը պատվաստվելն է։ Եթե մենք բոլորս միաժամանակ փորձենք պատվաստվել, կարող ենք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ որ ոչ թե տվյալ հիվանդությունը մեզ, այլ մենք կարող ենք այն կառավարել: 

Իսկ այսօր այնպես է ստացվում, որ մենք փոխանակ պայքարենք վիրուսի դեմ՝ պայքարում ենք մեկս մյուսի դեմ։ 

– Եթե այս իրավիճակը շարունակվի, երբ օրական 1000-ից ավելի դեպք է գրանցվում, մեկ շաբաթից ի՞նչ պատկեր կունենանք։ 

– Ցավոք, վարակի վերականգնողական ցուցանիշը վերջին 7 օրվա ընթացքում 1-ից բարձրացել է 1,2, որովհետև նախորդ շաբաթ մենք ունեինք, ճիշտ է՝ բարձր թվերի վրա, բայց կայուն իրավիճակ, հիմա սկսեցինք նորից աճել, ինչը հաջորդ 7 օրվա ընթացքում կարող է 3500-ից ավելի նոր դեպքեր արձանագրվեն։ Մենք կանխատեսումներն իրականացնում ենք այս առումով և մոտավորապես պատկերացնում ենք, թե քանի դեպքերի կարող ենք առնչվել։ Դրանով է պայմանավորված, որ քննարկում ենք, թե լրացուցիչ ինչ միջոցառումներ պետք է մշակվեն, առաջարկվեն։ 

– Այսինքն՝ գլխավոր անելիքը այս պայմաններում մնում է պատվաստվելը և պատվաստվելուն ուղղված քարոզչության ուժեղացո՞ւմը։

– Այո՛, պատվաստումները հիմնական գործիքն են, որը կարող է հաղթահարել այս իրավիճակը։ 

– Իսկ ինքը՝ վիրուսը, մուտացիայի ենթարկվելու նշաններ ցույց չի՞ տալիս։

– Վիրուսն անընդհատ մուտացվում է, այն համաճարակաբանական օրինաչափությունների չի ենթարկվում։ Ի տարբերություն այլ վիրուսների, շատ արագ մուտացվում է, ցավոք սրտի, յուրաքանչյուր հաջորդ պիկը շատ ավելի ծանր է լինում՝ ֆիզիկական ընթացքը փոխած և ավելի դժվար հաղթահարելի։ Այլ վիրուսների համեմատությամբ լրիվ հակառակ պրոցեսն է։ 

Եթե այլ վիրուսների պարագայում ինչքան ավելի շատ մարդ է վարակվում, այնքան ավելի էր թուլանում, այս վիրուսի դեպքում այդպես չէ։ Հիմա ունենք դելտա շտամը, որն ամենավտանգավոր շտամն է, վարակելիությունը կրկնակի բարձր է նախորդ շտամների համեմատությամբ։ Այնպես որ, բոլորս պետք է բարձրացնենք մեր զգոնությունը, որպեսզի կարողանանք կանգնեցնել այս ընթացքը։ 

– Երեխաների շրջանում դելտա շտամի վարակման դեպքերն արդյոք ավելի շա՞տ են արձանագրվում։

– Մենք ասում ենք, որ Հայաստանում հիմնականում շրջանառում է դելտա շտամը՝ երեխաներ թե մեծահասակներ՝ նշանակություն չունի։ Բայց ի տարբերություն նախորդ շտամների, հիմա նաև բարձրացել է 0-17 տարեկան երեխաների հիվանդացությունը։ Այսինքն՝ ախտանշաններն ի հայտ են գալիս նաև երեխաների մոտ։ 

Եթե նախորդ շտամների դեպքում երեխաներն ավելի շատ անախտանշան էին տանում հիվանդությունը, ապա հիմա ունենք ախտանշան ունեցող ավելի շատ երեխաներ, որոնք դիմում են բժշկական կազմակերպություններ։

Մանե Հարությունյան

MediaLab.am