««Մոդեռնայի» բաշխումը Երևանում այսօր կավարտվի, վաղվանից պոլիկլինիկաները պատրաստ կլինեն քաղաքացիներին հրավիրելու պատվաստման»․ Գայանե Սահակյան

«Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութի բաշխումը արդեն իսկ իրականացվում է հանրապետությունում։ Մինչև օրվա վերջ Երևանի պոլիկլինիկաներում բաշխումը կավարտվի: Այս մասին «Մեդիալաբին» ասում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։

Նշենք, որ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը երեկ՝ հոկտեմբերի 5-ին, հասել է Հայաստան: Այն Հայաստանին է նվիրաբերել Լիտվայի կառավարությունը։

««Մոդեռնայի» բաշխումը մինչև մոտավորապես ժամը 17.00-18.00-ը Երևանում կավարտենք, արդեն վաղվանից պոլիկլինիկաները պատրաստ կլինեն քաղաքացիներին հրավիրելու պատվաստման։ Մարզերին այսօր կրկին տալիս ենք, բայց մարզերում՝ հիմնական բուժհաստատություններում, բաշխումը կարվի վաղը»,- նշում է Սահակյանը։

«Սպայկվաքս» պատվաստանյութը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Գայանե Սահակյանը նշում է, որ թեպետ Եվրոպական դեղերի գործակալությունը սահմանել է նաև «Մոդեռնայի» պատվաստումը12-ից բարձր անձանց շրջանում, սակայն Հայաստանի Հանրապետությունը հիմնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիրքորոշումների հիման վրա, ըստ որի՝ Հայաստանում պատվաստումը կիրականացվի 18-ից բարձր մարդկանց շրջանում։

Մասնագետի խոսքով՝ այս և մնացյալ պատվաստանյութերի դեպքում հակացուցումները ընդհանուր են՝ եթե առկա են ծանր ալերգիկ ռեակցիա նախորդ դեղաչափի նկատմամբ և ժամանակավոր հակացուցում, որն է՝ քրոնիկական հիվանդությունների սրացումը, կամ եթե տվյալ պահին առողջական սուր վիճակ է։ Այդ պահին պարզապես ժամանակավոր հետաձգվում է, մինչև բժշկի կողմից առողջական վիճակը գնահատվի բավարար։

Գայանե Սահակյանն ասում է, որ բանակցությունները շարունակվում են հաջորդ խմբաքանակների ներկրման հետ կապված, սակայն՝ ե՛րբ կիրականացվի, հստակ ժամկետներ նշել չի կարող։

«Որևէ մեկը հստակ չի կարող ասել, թե երբ կլինի «Մոդեռնայի» երկրորդ խմբաքանակը կամ «Ֆայզերը»։ Որովհետև կա երկու խնդիր. առաջինը՝ կա պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն, և մյուս կողմից էլ՝ մատակարարման հարցն է դժվար, պետք է հերթի կանգնել, քանի որ շատ են ցանկացողները»։

Նաև դեպի Հայաստան թռիչքներն են սակավաթիվ, և սա էլ է խոչընդոտում, որ հնարավորինս շուտ կարողանանք ներկրել, որովհետև նույն մատակարարը պետք է նաև պայմանավորվածություն ձեռք բերի ներկրման առումով, սա իրոք դժվարություն է առաջացնում»,- նշում է Սահակյանը։

Հարցին, թե ինչով է պայմանավորվում, որ հասարակության շրջանում «Մոդեռնա» և «Ֆայզեր» պատվաստանյութերի հետ կապված հետաքրքրությունը մեծ է, և շատ քաղաքացիներ ցանկանում են հենց այդ պատվաստանյութերով պատվաստվել, Սահակյանն ասում է, որ պատճառներից մեկը մյուս պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումն է։

«Մի կողմից՝ մյուս պատվաստանյութերի առումով ապատեղեկատվության տարածում եղավ, մյուս կողմից էլ՝ սուբյեկտիվ մոտեցման հետևանք է։ Բայց նշեմ՝ «Սինոֆարմը» մեծ պահանջարկ ունեցավ, մենք մի պահ նաև «ԱստրաԶենեկայի» մեծ պահանջարկ ունեցանք»,- ընդգծում է Սահակյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am