Կորոնավիրուսային բաժանմունքը 120 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում. հիվանդների 99 տոկոսը պատվաստված չէ. «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն

«120 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում բաժանմունքը, շատ հիվանդներ ունենք՝ հիմնականում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Միջին ծանրության հիվանդներ, որպես կանոն, չենք էլ ունենում»,- «Մեդիալաբին» ասում է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, կորոնավիրուսային բաժանմունքի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:

Բաժանմունքում, որտեղ բուժում են ստանում միայն թթվածնի կարիք ունեցող հիվանդները, Խաչատրյանի խոսքով, այս պահին ազատ մահճակալ չկա, իսկ մահճակալների ընդհանուր թիվը 70 է:

«Ի՞նչ ազատ մահճակալի մասին է խոսքը, բացարձակ: Էստեղ հիվանդ եմ դուրս գրում, անմիջապես տրիաժից մեզ հիվանդ են ուղարկում՝ և՛ Երևան քաղաքի տրիաժից, և՛ մեր հիվանդանոցի ներսում գործող տրիաժից»,- ասում է Խաչատրյանը: 

Նրա ներկայացմամբ՝ հիվանդանոցում գործող տրիաժ ծառայությունը հիվանդների ընդունման ու նմուշառման ֆունկցիա է իրականացնում, ու եթե թեստի դրական պատասխան է լինում, պացիենտին տեղափոխում են կորոնավիրուսային բաժանմունք: 

«Գյումրի» ԲԿ փոխտնօրենի խոսքով՝ հիվանդների թիվն այնքան շատ է, որ երբեմն վերակենդանացման բաժանմունքի 10 մահճակալները չեն բավարարում, ու  ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող ծանր հիվանդների բուժումը ստիպված շարունակում են սովորական հիվանդասենյակներում։

«Ունեմ երկու դեղաչափով էլ պատվաստված հիվանդներ, որոնք շատ չեն՝ մեկը-երկուսը, ունեմ մեկ դեղաչափ ստացած հիվանդներ ևս, բայց բուժում ստացողների մեծ մասը պատվաստված չէ»,- ասում է բժիշկ Խաչատրյանը: 

Հարցին՝ իսկ տարբերություն կա՞ պատվաստված ու չպատվաստված հիվանդների հիվանդության ընթացքի միջև, Խաչատրյանն արձագանքում է. «Այնպես չէ, որ պատվաստվածների մոտ թոքաբորբ չկա, կա, բայց հիվանդների մեծ մասը հաղթահարում է: Պատվաստված շատ հիվանդ չունեմ, որ համեմատական ներկայացնեմ, բուժում ստացողների 99 տոկոսը պատվաստված չէ»:

Տարիքային առումով էլ բժիշկ Խաչատրյանի մոտ «հարուստ» պատկեր է՝ 25-90 տարեկան: Հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքեր գրանցվել են, քանի որ, ինչպես ասում է բաժանմունքի պատասխանատուն, բուժում ստացողները ծայրահեղ ծանր հիվանդներ են, որոնց թոքերը 90 և ավելի տոկոսով ախտահարված են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am