«Մեր քաղաքի մատանուց մի թանկագին գոհար ընկավ». փակ շուկայի շուրջ կրքերը թեժանում են, պատասխաններն՝ ուշանում

«Մեր քաղաքի մատանուց մի թանկագին գոհար ընկավ». փակ շուկայի շուրջ կրքերը թեժանում են, պատասխաններն՝ ուշանում
«Մեր քաղաքի մատանուց մի թանկագին գոհար ընկավ». փակ շուկայի շուրջ կրքերը թեժանում են, պատասխաններն՝ ուշանում

Չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներին, թե Երեւանի հին ճարտարապետական շինությունները պահպանվելու են, փակ շուկայի քանդման աշխատանքները շատերի ստիպել են մտածել այն մասին, որ Սարգսյանի հայտարարությունները ընտրազանգվածի սիրտ շահելու քայլեր էին:
«Տնտեսական խնդիրների համատեքստում վերջին տասնամյակում աղավաղվել է մայրաքաղաքի դիմագիծն ու մոռացության մատնվել Երևանի նկարագիրը պահելու առաջնահերթությունը: Սա տխուր իրողություն է: Այսօր մենք փոխում ենք սլաքները և ասում` տնտեսական առաջնահերթություններն առաջնային չեն Երևանի նկարագիրը պահելու խնդրի հանդեպ: Օրենքով բացառելու ենք Երևանի կենտրոնի որևէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում մայրաքաղաքի ճարտարապետությանը»,-նշել էր ՀՀ նախագահը նախընտրական քարոզարշավի ժամանակ:
Սակայն, ի հակառակ այս հատարարությանը, ընտրություններից հաշված օրեր անց Երեւանի կենտրոնում մեկնարկեցին բուռն շինարարական աշխատանքները՝ մշակութային եւ ճարտարապետական արժեք հանդիսացող Փակ շուկան քարուքանդ անելով:
Մինչ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնապես հայտարարում է, որ քաղաքապետարանը չի թույլատրել այդ տարածքում շինարարություն իրականացնել, հակասական գործողությունների օղակում մի քանի պատգամավորներ եւ քաղաքացիական նախաձեռնության անդամներ փորձում են կանխել փակ շուկայի քանդման աշխատանքները:

Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը նշում է, որ արդեն քանդել են փակ շուկայի տանիքը եւ գողացել դարպասը, որոնք շինության արժեքավոր հատվածն էին հանդիսանում:

«Ասում են, որ այդտեղ կրկին շուկա է լինելու եվ շենքի սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է: Մենք քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում ակցիաներ ենք կազմակերպելու շուկայի շենքի մոտ, եւ այս հարցը տեղափոխելու ենք նաեւ իրավական դաշտ, քանի որ քաղաքապետարանը չի թույլատել, բայց այստեղ շինարարական աշխատանքներ են ընթանում»,- ասում է Բիանջյանը:

Ճարտարապետ Գարեգին Եղոյանը նշում է, որ դա եղել ԽՍՀՄ-ի տարածաշրջանում իր ճարտարապետությամբ լավագույն շուկան, որը տիպիկ հայկական էր:

«Սա մեր քաղաքի պատմական շերտն է, ինչպե՞ս կարելի է քանդել այդ հսկակայական գեղեցիկ կամարները, կամ մարմարապատ գեղեցիկ սեղանները. այդտեղ արեւ կար, ջերմություն, օդ: Մեր քաղաքի մատանուց մի թանկագին գոհար ընկավ: Ես դա համարում եմ բարբարոսություն ու չեմ հասկանում տրամաբանությունը, թե ինչու՞ պետք է սուպերմարկետ կառուցելու համար քանդել Երեւանի պատմական մեծ արժեք ներկայացնող այդ շենքը»,- «Մեդիալաբի» ասում է Եղոյանը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Երեւանի պատմության թանգարանում անցկացվել էր «Կառուցենք առանց քանդելու» նախաձեռնության ցուցահանդեսը, որին ներկա էին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացված ճարտարապետական լուծումները՝ նոր կառուցապատումների կողքին հինը պահպանելու ու քաղաքի դիմագիծը վերականգնելու ուղղությամբ, արժանացել էին վարչապետռի ու քաղաքապետի հավանությանը:

«Ճիշտ է, դեռ որեւէ փաստաթուղթ չկա, բայց բանավոր պայմանավորվածությունը վարչապետի ու քաղաքապետի հետ այդպիսին է եղել, որ Երեւանում հին շենքերի քանդումներ այլեւս չեն լինի,- ասում է «Կառուցենք առանց քանդելու» նախաձեռնության հեղինակ, «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը,-«Եթե քանդում են, որ նոր շենք կառուցեն, ապա ես դեմ եմ ու, եթե որոշեն քանդել նաեւ «Դոլմամա» ռեստորանի շենքը ես արգելելու եմ, անկախ նրանից՝ ով է ուզում այն քանդել»:

ՀՀԿ մամլո պատասխանատու Էդուարդ Շարմազանովը «Մեդիալաբին» ասում է, որ պետք է «սպասել հետագա զարգացումներին».

«Պատկան մարմինները պետք է որոշում կայացնեն եւ ամեն ինչ կատարվելու է օրենքի սահմաններում: Ոչինչ չի բխի օրենքից դուրս»,-հավատացնում է իշխանության ներկայացուցիչը:

© Medialab.am