Ամենահյուրընկալ եւ ջերմ երկիրը. Հայաստանը շարունակում է մնալ ռուս զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկը

Ռուս զբոսաշրջիկ Դարյան հիացած է Հայաստանի բնությամբ, մարդկանց հյուրընկալությամբ, ուտեստների համադամությամբ եւ խմելու ջրի մաքրությամբ եւ որակով: 

«Հանգստացել ենք Հայաստանում ընտանիքով, երեք փոքր բալիկներիս հետ, մեր ժամանակներում դժվար է գտնել հայերից ավելի հյուրընկալ, ջերմ ժողովրդի,-ասում է նա,- այցելել ենք Երեւան, Ջերմուկ, Գառնի: Անվտանգ, մաքուր, հրաշալի մի երկիր, որտեղ ամեն քայլի կարող ես խմելու մաքուր ջրով ցայտաղբյուրների հանդիպել, իսկ մարդիկ այնքան հյուրընկալ են ու ջերմ, որ անհնար է պատկերացնել: Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել, չեք փոշմանի: Հայաստանը դրախտ է երկրի վրա»: 

Զբոսաշրջիկն ասում է, որ Հայաստան այցելեու առավելություններից է նաեւ փոքրիկ, մատչելի հյուրանոցները, լավ սնունդը, ինչպես նաեւ Ռուսաստան-Հայաստան ավիատոմսերի մատչելիությունը եւ հայերի՝ ռուսերենի իմացությունը: Դարյան Հայաստան է այցելել նոյեմբերին: Սակայն, վերջին տարիներին, տարվա բոլոր եղանակներին, Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը ռուս զբոսաշրջիների մոտ շարունակում է մեծանալ: 

Ռուսաստանի բնակիչների համար ամանորյա տոները նշելու ամենապահանջված ուղղություններն են  Սոչին, Հայաստանը, Մալդիվները և Սեյշելյան կղզիները: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»: 

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի անդամ, զբոսավար Անդրանիկ Բաղդասարյանը Ամանորի արձակուրդները Հայաստանում անցկացնող երեք խումբ ունի, որոնք բացառապես Ռուսաստանի Դաշնությունից են, մասնավորապես՝ Մոսկվայից, Դոնի Ռոստովից, Ուրալից։ 

«Գիշերակացով տուրեր այս շրջանում դժվար է կազմակերպել, մեկ օրանոց տուրեր են՝ գնալու ենք ու հետ գանք Երևան։ Գիշերակաց չի լինելու, որովհետև և՛ Դիլիջանում, և՛ Ծաղկաձորում տեղերն արդեն սպառված էին ու բացի այդ էլ՝ գներն են բարձր»,- «Մեդիալաբին» ասում է Անդրանիկ Բաղդասարյանը։

Զբոսավարի խոսքով՝ տարվա այս եղանակին զբոսաշրջիկները նախընտրում են հիմնականում Դիլիջանն ու Ծաղկաձորը։

«Երկու օր լինելու են Ծաղկաձորում, քշելու են դահուկ ու սնոուբորդ»,- ասում է Անդրանիկ Բաղդասարյանը։

Ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի զբոսաշրջիկների հիմնական մասը Ռուսաստանի Դաշնությունից է եղել։

«Հայաստան գալու պատճառներից մեկն էլ այն է, որ շատ տեղեր չէին կարողանում գնալ, փակ էին, նախընտրում էին մեր երկիրը։ Բացի սրանից՝ ռուսներին Հայաստանում հիմնականում գրավում են սնունդը, արևը, հետաքրքիր ու տեսարժան վայրերը, այս ամենը հաշվի են առնում,   կամ իրանց հարազատների պատմածներով են գալիս մեր երկիր»,- ասում է Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ ազգային խոհանոցի ցանկացած ուտեստ սիրում  ու ուտում են զբոսաշրջիկները։ Հիմնական ուղղությունները շարունակում են մնալ Գառնին, Գեղարդը, Սևանը, Նորավանքը, Դիլիջանը, Ծաղկաձորը, Գյումրին, Էջմիածինը։

Զբոսաշրջիկներին Հայաստանում կան նաև չգրավող բաներ, ինչը Բաղդասարյանի համոզմամբ կախված է զբոսավարից, թե ինչը՝ ինչպես են ցույց տալիս։

«Իմ տուրիստներին ամեն ինչ դուր է գալիս։ Մեկ-մեկ խնդիր է առավոտ շուտ հաց ուտելը, որովհետև Երևանում շատ քիչ սրճարաններ կաան, որ առավոտ ժամը 7-ին բացվում են, Coffee House-ները ուշ են բացվում, բայց մարդ է ու ուզում է կապուչինո վերցնի ու դրսում խմի։ Ինձ հանդիպած դժգոհությունները հիմնականում սրանք են։ Ցույց տվողից է կախված, թե ինչը կհավանեն, ինչը՝ չէ»,- ասում է զբոսավարը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am