Հայաստանը չպետք է սակարկությունների մեջ մտնի Թուրքիայի հետ. ստամբուլահայ խմբագիր Բագրատ Էստուկյան

Վիեննայում առաջիկայում սպասվելիք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար նշանակված երկու հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը թուրք վերլուծական շրջանակներում չի քննարկվում: Այս կարծիքին է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները տակավին շարունակում են սառած վիճակում մնալ: Այդ ուղղությամբ որևէ զարգացում չկա: Հայաստանի մեջ այդ հարցով փոթորիկներ են ծավալվում, բայց Թուրքիայում այդ թեմայի մասին ոչ մի քննարկում չկա, օրակարգ չկա: Այդ թեմաները Թուրքիայում քննարկվող թեմաներ չեն»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Էստուկյանը:

Նրա խոսքով՝ մինչ այժմ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկու հանդիպում է տեղի ունեցել՝ Մոսկվայում և Վիեննայում, սակայն դրանց բովանդակությունը հանրությանն անհայտ է: «Այդ հանդիպումներից ոչ մի էական բացատրություն չկա, և քանի որ չկա, քննարկումներ էլ չկան»,- նշում է նա:

Էստուկյանն ասում է՝ անհրաժեշտ է, որ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման համար երրորդ երկրները չմիջամտեն, օրինակ՝ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները տեղի չունենան այլ երկրում: «Շատ սխալ ռազմավարություն է ընտրվել, և շատ կարևոր է, որ երկու հատուկ ներկայացուցիչների հանդիպումները կայանան հենց իրենց երկրների մայրաքաղաքներում՝ առանց երրորդ երկրի հովանավորության»,- ասում է «Ակոս» թերթի խմբագիրը:

Նկատենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը թուրքական կողմին առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հստակ պատասխան չի տվել: «Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի»,- հայտարարել էին ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանի խորհրդարանում հայ-թուրքական հարաբերությունների հարցը այս օրերին բարձրացնում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Այդ կապակցությամբ նրանք նույնիսկ պատրաստել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: Նախագծով ընդդիմադիր խմբակցությունը առաջարկում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը։ 

«Հայաստան» խմբակցությունը միևնույն ժամանակ համոզված պնդում է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր և Ադրբեջանի պահանջները բավարարելու համար:

«Անշուշտ, շատ տեղին են նման հարցադրումները՝ ինչպե՞ս կարելի է շրջափակման պայմաններում հարաբերությունների բնականոնացման մասին խոսել: Անկարելի է: Ապաշրջափակումը Թուրքիայի միակողմանի որոշումն է, և Թուրքիան պետք է նույնկերպ էլ վերացնի այդ որոշումը: Սա թրքական դիվանագիտություն է՝ միակողմանի որոշում կայացնել ու այդ որոշումից հրաժարվելու համար պահանջներ ներկայացնել: Հայաստանը չպետք է ընդունի նման վարքագիծը և այդտեսակ սակարկությունների մեջ չպետք է մտնի Թուրքիայի հետ: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը և սահմանները փակելը Թուրքիայի որոշումն են, այդ որոշումը չեղարկելու համար Հայաստանը բանակցելու կարիք չունի: Թուրքիան սատանայական քաղաքականություն վարած կլինի, եթե ասի՝ եկեք փոխադարձ զիջումներ անենք, Հայաստանը փոխադարձելիք բան չունի»,- ընդգծում է հայազգի Էստուկեանը, որը գործունեությունը ծավալում է Ստամբուլում:

Դիտարկմանը՝ թերևս ադրբեջանա-թուրքական պահանջը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է, Էստուկյանն արձագանքում է. «Միջանցք հասկացությունը անկախ պետականության համար ընդունելի չէ, դա սպառնալիք է երկրի անկախ պետականությանը: Չի կարող այդպիսի բան լինել, աշխարհի ոչ մի երկիր չի ընդունում նման բան: Ալիևյան սրիկայություն է այդ պահանջը, որին ձայնակցում է Թուրքիան: Հայաստանի համար անընդունելի երևույթ է»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am