«Որ տուն էր մտնում, ոնց որ փոթորիկ աներ, հիմա մեր տունը դատարկված ա»․ կամավոր պատերազմ մեկնած Ժորան զոհվել է Քարինտակում

47-ամյա Մերի Մուրազյանը հուզմունքով է հիշում որդու խոսքը, որն ասում էր՝ «Ես եմ քեզ պահելու, իմ հետ ես ապրելու»։ Մերին ասում է՝ երբեք չէր պատկերացնի, որ որդուն կկորցնի պատերազմում։

Մերիի որդին՝ 23-ամյա Ժորա Խաչատրյանը, զինվորական ծառայությունն ավարտել էր 2020-ի հունվարին, սակայն պատերազմի լուրը լսելուն պես կամավորագրվել է և մեկնել առաջնագիծ։

Մերին ասում է՝ փորձեցին հետ պահել որդուն, սակայն՝ ապարդյուն։

«Ասեցինք՝ ժամանակը կգա, կգնաս, նոր ես բանակից եկել, սպասի, ծանուցագիրը գա, կգնաս։ Ոչ համոզել, ոչ մի բան չանցան, ասեց՝ ես գնում եմ»։

Մոր խոսքով՝ Ժորան միացել է Սովետաշենի հատուկջոկատայինների խմբին և հակառակորդի դեմ մարտնչել Կուբաթլուում, Ջրականում, վերջին մարտը Շուշիի Քարինտակում է եղել։

«Մեզ ոչինչ չէր ասում, հետո ենք իմացել, թե որտեղ է եղել»,- ասում է մայրն ու հուզմունքով նշում, որ որդու հետ խոսելիս հաճախ էր ասում, որ կարոտով է թողել, խնդրում էր, որ գար, սակայն տղան մինչև վերջին վայրկյանը պայքարել է:

«Ես ասում էի՝ ինձ նեղացրած ես թողել, ասում էր՝ մա՛մ, էլ մի՛ սկսի, ես գալու եմ։

Ասում էի՝ ե՞րբ ես գալու, ասում էր՝ հենց ամեն ինչ պրծնի, կգամ, ասում էր՝ իմ ընկերներին ես պարտք ունեմ տալու։

Հրամանատարը պատմում էր՝ ամեն ինչի գիտակ էր, առաջ էր գնում, տեղանքը ուսումնասիրում, ով նեղության մեջ էր, արագ հասնում էր»։

Մերին որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 30-ին։ Նույն օրն էլ դեպքը պատահել է։ 

«Այդ օրը ժամը 1-ին եմ խոսել, ոչինչ չասեց, ասեց՝ լավ եմ, նորմալ ա, ժամը 5-ին մարտ ա եղել Քարինտակում։ Արկի պայթյունից ա զոհվել»,- ասում է Մերին ու հուզվում։

Մայրն ասում է՝ մինչև հունվարի 11-ը դեռ հույսով սպասում էր որդուն, չէր կարողանում հավատալ, որ զոհվել է:

«Հունվարի 12-ին իմ ծնունդն էր, ամսի 11-ին ամուսինս լացելով ներս մտավ, ասեց՝ ծնունդիդ նվերը ճանապարհին ա, բերում են… Աննկարագրելի ա՝ թե ինչ զգացի․․․»- ասում է Մերին։

Այդ օրվանից հետո, Մերին ասում է՝ կյանքը միանգամից դատարկվել է։ 

«Իրա բացակայությունը շատ ենք զգում, ինքը որ տուն էր մտնում, ոնց որ ամբողջ տանը փոթորիկ աներ, հիմա մեր տունը ահավոր դատարկված ա»,- ցավով ասում է մայրը։ 

Որդու մասին մայրն ասում է՝ հումորով էր, կատակասեր, շատ ջիգյարով էր, մի ուրիշ սիրտ ուներ:

«Կողքիցս անտարբեր չէր անցնի, ամեն րոպե անցներ-դառնար, կպաչեր, կփաթաթվեր։ Ինձ դիմելիս «գանձ» էր ասում»,- հիշում է մայրը։

Ժորան դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ավտոսպասարկման կետում, մայրն ասում է՝ տեղը հանգիստ նստել չուներ, աշխատասեր էր, բանակից վերադառնալուց հետո էլ միանգամից աշխատանքի է անցել բենզալցակայանում։

«Մտքին կար, որ բիզնես դնի, մեքենաների քիմմաքրման, սպասարկման կետ բացի»։

Մերին ասում է՝ մինչ օրս էլ սպասում է որդուն, ամեն վայրկյան մտքով նրա հետ է, զրուցում է, հաճախ նաև վիճում, որ թողեց, գնաց ու չվերադարձավ․

«Քնում եմ՝ մտքիս ա, արթնանում եմ՝ մտքիս ա, հեռուստացույց եմ նայում՝ կահույքի հայելու միջից իր նկարն ա ինձ նայում, գիշերը պատահաբար արթնանում եմ՝ իմ մտքին ա։ Իրա հետ կռիվ եմ անում՝ ինչի՞ սենց եղավ։

Շատ դժվար ա, ես կյանքում չէի պատկերացնի, որ մի օր նման բանի կբախվեմ»,- ասում է ու հուզվում մայրը։

Ժորա Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am