«Պատերազմի հավանականությունը չափազանց մեծ է, որովհետև չկա բանակցություն». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանի շուրջ չորս ժամ տևած մամուլի ասուլիսի հիմնական ասելիքը ո՞րն էր:

– Ես նոր բան չեմ լսել. մի բան կար, որը կարող էր նույնիսկ ՊՆ մամուլի խոսնակի մակարդակով տարածվել, դա ՀԱՊԿ զորավարժությունները չհյուրընկալելու մասին արված հայտարարությունն էր, մանավանդ որ վարչապետի բերած հիմնավորումները, ըստ իս, տեղում մտածած հիմնավորումներ էին: Մնացած դրվագներում նա անընդհատ կրկնում էր իր նախկինում հնչեցրած մտքերը:

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, որ մենք Լաչինի միջանցքի ճգնաժամի հարցում անելիք չունենք, ինչը նշանակում է, որ Արցախի հարցում էլ առանձնապես անելիք չունենք, որովհետև դրանք փոխկապակցված հարցեր են:

Շատ լավ, եթե Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանման գինը իսկապես մնացել է այն, որ Հայաստանը պետք է ձեռքերը լվանա Արցախից, ապա ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ուղիղ չի ձևակերպում իր պատկերացումների համար քաղաքական պատասխանատվությունը ու այդ հենքով չի գնում կարգավորման: Որովհետև եթե Արցախի խնդիրը դուրս ենք դնում օրակարգից ու այդ հիմքով գնում կարգավորման, փոխադարձության սկզբունքով էլ օրակարգից դուրս է գալիս «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Եթե այդպես է՝ ինչո՞ւ է հապաղում Նիկոլ Փաշինյանը:

Եթե նա կատարվողը ներկայացնի այսքան հստակ, ես կհամարեմ, որ Փաշինյանը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում կոնկրետ կարգավորման համար, ու կսկսենք այդ կարգավորման բովանդակությունը քննարկել: Բայց Նիկոլ Փաշինյանը տվեց իրավիճակի գնահատական, ընդ որում՝ հակասական, որովհետև մի տեղ ասում է՝ իմ ստորագրության շնորհիվ է խաղաղապահ կոնտինգենտը հայտնվել Արցախում, մեկ այլ դրվագում այդ եռակողմ հայտարարության մի կետի մասով ձեռքերը լվանում է, այսինքն՝ հնչեցին շատ հակասական հայտարարություններ:

Բայց այսքանով հանդերձ՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ձևակերպում իր պատկերացումների համար իր քաղաքական պատասխանատվությունը, ինչպես 97-98-ին արել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ ասի իր պատկերացումներն առկա հարցերի լուծման վերաբերյալ, ոչ թե նկարագրի իրավիճակը, ընդ որում՝ փորձագիտական մակարդակում: Խնդիրների լուծման իր բանաձևը ո՞րն է՝ չի ասում, բայց ինքն է իշխանության առաջին դեմքը, ոչ թե ընդդիմության առաջնորդ, որը ընդհանուր գծերով գնահատականներ տա իշխանության քաղաքականությանը:

– Եթե, ինչպես ասացիք, ասուլիսի ընթացքում ըստ էության որևէ նոր բան չհնչեց, այդ դեպքում այս ասուլիսի նպատակը ո՞րն էր:

– Անկեղծ ասած՝ այս ասուլիսի նպատակը չեմ հասկացել, որովհետև որևէ նոր բան չկար, որն ասվեց: Էլի ասում էր, որ Ռուսաստանը պետք է դիմի ՄԱԿ-ին, եթե խաղաղապահ առաքելությունը չի կարողանում իր գործառույթը կատարել, էլի ասում էր, որ Արցախի ու Լաչինի միջանցքի հարցում Հայաստանից ավելի ոչինչ մի՛ ակնկալեք:

Այլ բան կլիներ, եթե նա խաղաղության պայմանագրի կամ հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցությունների իր պատկերացումները ներկայացներ այս ասուլիսին: Այս պարագայում ես գոնե կհասկանայի, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ էական քայլ է անում, որը բանակցային գործընթացը մոտեցնում է ինչ-որ հանգրվանի:

Ես չլսեցի այն մասին, թե այս փակուղուց ինչպե՛ս ենք դուրս գալու, Նիկոլ Փաշինյանն ինչ-որ քայլ անելո՞ւ է, որպեսզի բանակցային գործընթացը վերսկսվի, ու այս խնդիրները լուծում ստանան, թե՞ իր քաղաքական բնավորության համապատասխան նստելու է ու սպասի, թե Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությամբ ինչ փաստի առաջ է կանգնեցնելու Հայաստանը:

– Պատերազմի հավանականությունը որքա՞ն եք գնահատում:

– Չափազանց մեծ, որովհետև տեսանելի է, որ բանակցային գործընթաց չկա: Փաշինյանից սպասում էի լսել ինչ-որ նախաձեռնության մասին, որը միտված պետք է լիներ բանակցային գործընթացի վերսկսմանը, բայց չլսեցի:

Որպես եռակողմ հայտարարության կողմերից մեկը՝ Փաշինյանը կարող է պահանջել իր, Պուտինի ու Ալիևի եռակողմ հանդիպումը, օրինակ եմ ասում: Կամ մեկ այլ նախաձեռնությամբ թող հանդես գա, որը միտված կլինի բանակցային գործընթացի վերսկսմանը:

Էս մարդն ասում է, որ իրենից ու իր ղեկավարած երկրից ոչինչ կախված չէ, արել է ինչ-որ բաներ, չի ստացվել, որովհետև ունենք ոչ բարեխիղճ դաշնակից ու ագրեսիվ հարևան, բայց այս արձանագրումը յուրաքանչյուրս էլ գիտենք: Խոսում էր ինչ-որ առաջարկների մասին, որոնց Ալիևը չի համաձայնել, բայց ի՞նչ իմաստ ունի խոսել այդ մասին, եթե բովանդակության մասին չես պատմելու:

– Ըստ ձեզ՝ եթե չկա բանակցություն, դա հո՞ղ է նախապատրաստում պատերազմի համար:

– Ես չլսեցի բանակցային գործընթացի շարունակելիության մասին Փաշինյանի պատկերացումները, եթե նման բան չենք լսել, իսկ մյուս կողմից արձանագրում ենք, որ Ադրբեջանը ագրեսոր է կամ ագրեսիվ օրակարգ ունի, որ Ռուսաստանը բարեխիղճ դաշնակից ու միջնորդ չէ, չենք լսում, որ կան այլ խաղացողներ, որ ավելի արդյունավետ միջնորդական ջանքեր են գործադրում, ապա, այո՛, տպավորություն է, որ հասարակությանը նախապատրաստում են ինչ-որ ֆորսմաժորային զարգացումների:

– Ադրբեջանի նախագա՞հն էլ է իր հասարակությանը ինչ-որ բանի նախապատրաստում, եթե նկատի ունենանք, որ այսօր Իլհամ Ալիևը ևս մամուլի ասուլիս է հրավիրել:

– Ասուլիսի բովանդակությանը չեմ տիրապետում, բայց, հավանաբար, այո՛, իր հասարակությանը որոշակի մեսիջներ է հղելու նաև նա, չնայած այս իմաստով պետք է ասել, որ Ադրբեջանի օրակարգը իր հասարակության համար ավելի հասկանալի է: Ալիևը շատ հստակ ասում է՝ չկա Ղարաբաղի խնդիր, ու հետևողականորեն գնում է այդ ուղղությամբ: Այլ հարցերում ևս նրա դիրքորոշումները շատ ավելի հստակ են:

Փաշինյանը մի շարք հարցերում բավականին օբյեկտիվորեն գնահատում է իրավիճակը, բայց լուծման բանաձևերը չի տալիս, որովհետև, հավանաբար, վախենում է հանրության հնարավոր հակազդեցությունից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am