«ՀԱՊԿ-ի հավաքը ոչ թե նրա համար էր, որ իրավիճակը շտկվեր, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստը վիժեցնելու». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ադրբեջանական պատերազմի առիթով միջազգային արձագանքն ինչպե՞ս եք գնահատում: Մասնավորապես, ի պատասխան Հայաստանի դիմումի՝ ՀԱՊԿ-ի դիրքորոշումն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակի հետ կապված  չէր կարող ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ չդիմել, հակառակ դեպքում կբացահայտեր, որ օժանդակում է սրացմանը: Տեսեք՝ Ադրբեջանը չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, թեպետ մեղադրանք է ներկայացնում, որ հայկական կողմն է իր գործողություններով սադրել այս սրացումը: Ադրբեջանն, այսպես ասած, ինքն իր վրա վերցրեց պատասխան գործողությունների իրականացումը ու ոչ թե դիմեց Անվտանգության խորհրդին, ինչպես նման իրավիճակում պետք է վարվի այն պետությունը, որը ենթարկվել է ագրեսիայի:

Որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր վրայից պատասխանատվությունը հանի, դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ենթադրում եմ, որ դա ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ղեկավարների պահանջն էր: Հայտնի է, որ Ֆրանսիան Անվտանգության խորհրդի նիստը գումարելու է այսօր, Ռուսաստանն այդ նիստը վիժեցնելու համար, մրցակցային է, չէ՞, քաղաքական պայքարը, եթե մի կողմը մի բան է անում, մյուս կողմն այլ բան է անում, գումարեց ՀԱՊԿ-ի գագաթնաժողով, որպեսզի Ռուսաստանը կարողանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ամպագոռգոռ հայտարարություն անել, որ ՀԱՊԿ-ն իր հսկողության տակ է պահում այս հակամարտությունը, ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտության կարիք չկա:

Այսինքն՝ ՀԱՊԿ-ի հավաքը ոչ թե նրա համար էր, որ իրավիճակը շտկվեր, այլ նրա համար, որ Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ հենարան ստեղծեն Ռուսաստանի ներկայացուցչին, որ ինքը հղում անի դրան ու ասի, որ Անվտանգության խորհրդի միջամտության կարիք չկա:

Այս ամենում Ռուսաստանի ու Հայաստանի խնդիրն այն է, որ հանկարծ չառաջադրվի որոշման մի նախագիծ, որը կպարունակի միջազգային խաղաղարար ուժերի կամ դիտորդների տեղակայման պարտադրանք, որպեսզի շփման գծում իրավիճակը շարունակի մնալ անվերահսկելի, որ միշտ հնարավորություն լինի, որպեսզի կողմերից յուրաքանչյուրն ասի՝ մյուս կողմն է հարձակվել. 2016 թվականից սկսած այդ վիճակն է: Այդ իրավիճակի պահպանման համար և՛ Ռուսաստանը, և՛ իր գործընկերներ Հայաստանն ու Ադրբեջանը անում են ամեն ինչ, որպեսզի շփման գծում չտեղակայվեն դիտորդներ, կամ չլինեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են հարձակվող կողմին հստակ որոշել:

Բայց այսօր մենք տեսնում ենք, որ Արևմուտքն այդ հարցում ունի կողմնորոշում, ոչ միայն Արևմուտքը, այլ նաև Հնդկաստանը ագրեսոր է ճանաչել Ադրբեջանին, ու, բնականաբար, այդ խաղերը շփման գծի շուրջ օգտագործել՝ քաղաքական նպատակների հասնելու համար, հնարավորությունը սահմանափակվելու է: Հավանաբար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում լինելու է թեժ բախում՝ ռուսական կողմը փորձելու է վիժեցնել հրադադարին վերաբերող որևէ առարկայական նախագիծ, և ՀԱՊԿ-ն այստեղ այդ գործիքն է:

Ի՞նչ ակնկալիքներ ունենանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից:

– Ես նկարագրեցի մրցակցային այն իրադրությունը, որն առկա է քաղաքական տիրույթում, գործողությունները երկկողմանի են: Ինչպես կպատասխանեն Ֆրանսիան, ԱՄՆ-ն՝ հիմա դժվար է պատկերացնել, բայց ես կարծում եմ, որ արդեն բոլորի՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Եվրամիության համբերությունը սպառված է, ու հանդուրժել այս հակամարտությունը, որը հավաքական Արևմուտքն անվանում է «Ռուսաստանի օժանդակությամբ պաշտպանվող հակամարտություն», ոչ ոք այլևս տրամադիր չէ:

Կանխատեսել, թե ինչով կվերջանա նիստը, շատ դժվար է, կախված է նրանից, թե ինչ փաստերով զինված կգան կողմերը, բայց ես չեմ կասկածում, որ Հայաստանն այսպես ասած խաղալու է Ռուսաստանի պատից ու իր կողմից ամեն հնարավոր բան կանի՝ սպասարկելու Ռուսաստանի շահերը:

Պարո՛ն Ղուկասյան, արդեն երկրորդ օրը շարունակվող այս պատերազմի քաղաքական նպատակները որո՞նք են:

– Արդեն ակնհայտ է՝ վիժեցնել խաղաղության պայմանագրի կնքումը նոյեմբերին Բրյուսելում: Ընդ որում՝ նպատակն այն էր, որ Հայաստանը հանդես գար կողմ, որը դադարեցնում է այդ գործընթացը: Հայաստանը հիմա այդ արյունալի քաղաքական շոուում ներկայանում է որպես ագրեսիայի ենթարկված կողմ և դա ընդունում է հիմք՝ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները դադարեցնելու համար:

Ադրբեջանի համար դա կարևոր է, որովհետև խաղաղության պայմանագրի կնքումը նախապայման է Եվրամիության պետություններին գազ վաճառելու համար, ու Ադրբեջանը օգտվելու է իրավիճակից՝ ասելով, որ ինքը պատրաստ է պայմանագիր կնքել, բայց քանի որ Հայաստանը պատրաստ չէ, չի կնքելու ու փորձելու է դիվանագիտական իր աշխատանքը տանել այնպես, որ կնքվի գազի վերաբերյալ պայմանագիրը:

Ռուսաստանի համար գերխնդիր է, որ ո՛չ Հայաստանի տարածքում, ո՛չ Արցախի տարածքում չտեղակայվեն օտարերկրյա ուժեր, դա Ռուսաստանի ռազմական հայեցակարգի հրապարակած դրույթներից մեկն է: Արցախի մասով էլ շահագրգիռ են պահպանել առկա ստատուս քվոն: Հայաստանի ղեկավարությունն էլ այստեղ իր շահերն է տեսնում, որը կապված է սոսկ տվյալ իշխող ուժի իշխանությունը պահելու հարցերի հետ, այսինքն՝ Ռուսաստանի օժնդակությունը ստանալ՝ իշխանությունը պահելու հարցում:

Երեկվա ՀԱՊԿ արտահերթ նիստից հետո Հայաստանում կրկին ակտիվացան խոսակցությունները, որ ճիշտ ժամանակն է լքել այդ կառույցը: Համակարծի՞ք եք:

– ՀԱՊԿ-ից դուրս գալու ծրագրով ես էի հանդես եկել մեկ տարի առաջ՝ ընտրություններում: 2024-ին լրանում է ՀԱՊԿ-ի պայմանագիրը, ու անդամ պետությունները կարող են այն երկարաձգել 5 տարով: Ակնհայտ է, որ այսօր ՀԱՊԿ-ին անդամակցությունը ոչ թե նպաստում է մեր անվտանգությանը, այլ հակառակը՝ ստեղծում է իրավիճակ, երբ Հայաստանն անպաշտպան է Ադրբեջանի հարվածներին, որոնք նախօրոք համաձայնեցված են լինում Թուրքիայի ու Ռուսաստանի հետ:

Կարծում եմ, որ սա շատ լուրջ խնդիր է իրականում: Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի այլընտրանքային արտաքին քաղաքականությունը, ու առաջնահերթ հարց է առաջանում՝ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, ապա ի՞նչ: Ես նկատում եմ, որ այսօրվա քննարկման մեջ այդ հարցը ստվերված է:

Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանը պետք է ունենա միջազգային չեզոք կարգավիճակ ու դիմի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից անվտանգության երաշխիքներ ստանալու խնդրանքով, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է ունենա բավարար զինված ուժեր սեփական անվտանգությունը ապահովելու համար, ու այդ հարցում նշված պետությունները պետք է օժանդակեն Հայաստանին ռազմական, ֆինանսական օգնությամբ ու այլ տեսակի անհրաժեշտ գործողություններով, որպեսզի նման զինված ուժերը կայանան Հայաստանում, որ վերջինս կարողանա պահպանել իր տարածքը՝ առանց որևէ պետության ռազմական ներկայության բազայի պայմանագրերից: Մեր կարծիքով՝ սա է լուծումը, իսկ այսօրվա իշխող ուժը մերժում է այս լուծումը, թեպետ նշում է, որ փակուղում է գտնվում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am